Հայաստանում նոր ծնված ժողովրդավարության անկյունաքարային հարցը ՍԴ-ի ճգնաժամն ու դրան լուծումն է․ Տիգրան Եգորյան

«Գոյություն ունի ճգնաժամ, այո՛, հենց Սահմանադրության 2015թ․ դեկտեմբերի փոփոխությունների կապակցությամբ, այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ, որի ուժի մեջ մտնելը ձախողել են նաև այն անձինք, ովքեր այսօր Սահմանադրական դատարանը վերածել են մի խրամատի և այդ խրամատում իրենց հռչակել են վերջին դիրքապահ և ակնհայտ բախման մեջ են մտել ՀՀ իշխանության մյուս թևերի հետ և այդ պայքարն արդեն տեղափոխել են քաղաքական դաշտ»,- NewArmenia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի և դրանց հնարավոր լուծումներին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

Նրա խոսքով՝ սա շատ վտանգավոր ու արատավոր երևույթ է, որն ինքնին միայն բավարար է, որ նմանատիպ կազմավորումները լուծարվեն, և չթույլատրվի նրանց կողմից այնպիսի լիազորությունների իրագործում, որը նրանք չեն կարող իրագործել։ 

«Խնդրի ակնունքը, ինչպես նշեցի, 2015թ․ փոփոխված Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանին վերաբերող մասի ուժի մեջ մտնելու ժամկետը տարբեր հնարամիտ մեկնաբանություններով մինչև 2035թ․ հետաձգելն է։ Հենց սա առաջացրեց Սահմանադրական դատարանի ճգնաժամ, որից իշխանության տարբեր թեևեր փորձում են ելք գտնել»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբանն առաջնային կարևորության հարց է համարում Հայաստանում բարձր լեգիտիմություն ունեցող Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի ճգնաժամին տրվելիք քաղքական ու իրավական գնահատականը․ «Այս հարցը պետք է դուրս գա զրուցարանային մակարդակից։ Շատ եմ ցավում, որ մենք բավարար կամք չենք կարողացել դրսևորել, որպեսզի այն ամրագրվի Ազգային ժողովի կողմից»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ հենց այս պատճառահետևանքային կապի խզման հետևանքով է, որ ԱԺ-ն ընդունել է ՍԴ-ի անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը և որի ցածր արդյունավետության մասին բազմաթիվ անգամներ տարբեր հարթակներից խոսել է։

«Այս օրենքի նախագծի մասին ես նորից չեմ ուզում խոսել, քանի որ ես այն չեմ դիտարկում առկա խնդիրը լուծելու միջոց և առհասարակ չեմ կարծում, որ այն կդառնա արդյունավետ գործիք»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Տիգրան Եգորյանը նշում է նաև, որ Հայաստանում նոր ծնված ժողովրդավարության անկյունաքարային հարցը Սահմանադրական դատարանի ճգնաժամն ու դրան լուծումն է։

https://www.youtube.com/watch?v=TvW-bW0GpyM&feature=emb_logo