ՍԴ ճգնաժամը շարունակելու ենք մշտադիտարկել ԱլԳ-ի քաղհասարակության ֆորումի մակարդակում․Լուսինե Հակոբյան

«Հռչակագիրը համակողմանի մի փաստաթուղթ է ընդունված Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղաքացիական հասարակության և Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։ Հռչակագիրը նվիրված է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տասնամյակին, որում անդրադարձել ենք այս տարիների ձեռքբերումներին և ձախողումներին՝ հնչեցնելով առաջարկություններ, հորդորներ, կոչեր թե անդամ պետությունների իշխանություններին և թե Եվրամիությանը»,- 1inTV-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 2019թ.  համաժողովին ընդունված հռչակագիրին, ասաց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

ԱլԳ ՔՀՖ-ն միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 1000-ի մոտ կազմակերպությունների։  Համաժողովի ընդունած հռչակագիրը անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: 

Լուսինե Հակոբյանն ասաց, որ հռչակագիրը կազմելիս, երկար մտորել են, թե արդյոք անհրաժեշտ է հղում կատարել Վենետիկի հանձնաժողովին և ասել, որ ընտրական և իրավական բարեփոխումները պետք է իրականացվեն Վենետիկի հանձնաժողովի չափորոշիչներին համահունչ, թե ոչ։ Ի վերջո, ըստ Լուսինե Հակոբյանի, կայացվել է բացասական որոշում։

«Մենք նման որոշում կայացրեցինք, քանի որ Վենետիկի հանձնաժողովը չի կրում այն նույն պատասխանատվությունը, ինչ ԱլԳ անդամ պետությունները և իր սխալների համար, ըստ էության, որևէ մեկին պատասխանատու չէ»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ որպես օրինակ կարող է դիտարկվել Հյաստանի փորձը։

«Վենետիկի հանձնաժողովը նախկինում կատարել է լուրջ սխալներ, ինչպես օրինակ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքի անհրաժեշտության պնդումը՝ անտեսելով քաղաքացիական հասարակության և ընդդիմության փաստարկները։ Նույնը կրկնվեց սահմանադրական բարեփոխումների ժամանակ և դարձյալ ի հեճուկս ընդդիմությանն ու քաղհասարակությանը՝ Վենետիկի հանձնաժողովը բավական դրական գնահատեց այդ փոփոխությունները»,- ասաց Լուսինե Հակոբյանը»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Փաստաբանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայումս շարունակում է այդ նույն ֆորմալիստական մոտեցումը նաև Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցում։

Հարցին, թե ԱլԳ ՔՀՖ հռչակագիրն ինչ ազդեցություն կարող է ունենալ սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հարցում, Լուսինե Հակոբյանը պատասխանեց․ «Ամեն դեպքում մենք արձանագրել ենք, որ ճգնաժամ գոյություն ունի, կոչ ենք արել կազմավորել լեգիտիմ և հանրային վստահություն ունեցող Սահմանադրական դատարան և շարունակելու ենք մշտադիտարկել ԱլԳ-ի քաղհասարակության ֆորումի մակարդակում»։

Լուսինե Հակոբյանն ասաց նաև, որ հնարավոր է խնդրին անդրադարձ կատարվի նաև Եվրամիության Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների հունիսին կայանալիք գագաթաժողովին։

Որպես Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում, Լուսինե Հակոբյանն առաջարկում է նոր Սահմանադրական դատարանի կազմավորում և նշում, որ եթե իշխանությունը չի ցանկանում գնալ այս ճանապարհով, կարող է ընտրել սահմանադրական փոփոխությունների տարբերակը և փոփոխել 213-րդ հոդվածը, որն ամբողջությամբ ԱԺ մանդատի տիրույթում է։ 

Դիտարկմանը, թե իշխանությունները չեն գնում վերը նշված երկու լուծումների ճանապարհով, քանի որ տեսնում են ինչ-ինչ ռիսկեր, Հակոբյանը պատասխանեց․ «Ես նման ռիսկեր չեմ տեսնում, ավելին երբ ես միջազգային մեր գործընկերների հետ զրույցում փաստարկում եմ Սահմանադրական դատարանի անդամների հետագա պաշտոնավարման անթույլատրելիությունը, որևէ առարկման չեմ հանդիպում և իմ փաստարկները ընդունվում են միանշանակ։ Ես չեմ հասկանում, թե այս ձգձգումն ինչով է պայմանավորված»։

Անդրադառնալով ՍԴ-ի անդամների վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծին՝ Լուսինե Հակոբյանն ասաց, որ եթե այդ կարգավորումը լուծեր առկա ճգնաժամը, իր վերաբերմունքը կլիներ դրական։ «Ես վստահ չեմ, որ այդ քայլով կլուծվի ճգնաժամը, ավելին, չեմ կարոծում, որ այդ անձինք պարզապես կհամաձայնեն այդ տարբերակին, քանի որ չկան այդ համաձայնության նախանշանները»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու հավելեց, որ այդ քայլով կառավարությունը պարզապես ժամանակ է կորցնում։

Խոսելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ մարտի մեկի գործով մեղադրող դատախազների ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդության բավարարմանը՝ Լուսինե Հակոբյանն ասաց․  «Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրեց, լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը։ Եթե չեմ սխալվում կա նաև հարուցված քրեական գործ և հետևելով այն սկզբունքին, որ արդարադատությունը պետք է լինի ոչ միայն օբյեկտիվ, այլև անկողմնակալ դիտորդին, որպես այդպիսին, տեսանելի, ապա Պապոյանի որոշումը համարում եմ ողջամիտ»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների  բողոքի քննություն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման  դատական նիստի ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:

https://www.youtube.com/watch?v=JHeC09ono_M&t=20s&fbclid=IwAR2NpgIJ5X1q_VJJNwoei9VTbdB6whlmf2VIa6tfNWpFAV6h4kqPXeGC1r0