Թովմասյանը մասնակից է եղել ժողովրդավրության դեմ կատարվող տարբեր ոտնձգությունների․Լուսինե Հակոբյան

«Տևական ժամանակ, մասնավորապես, քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի մասին, որին ի պատասխան տեսնում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ արվող քայլերը բավարար արդյունավետությամբ չեն իրականացվում»,- Հանրային հեռուսընկերության հետ զրույցում, անդրադառնալով Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 2019թ.  համաժողովին ընդունված հռչակագիրին, ասաց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։

ԱլԳ ՔՀՖ միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 1000-ի մոտ կազմակերպությունների։ Համաժողովի ընդունած հռչակագիրն անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: 

ՍԴ-ի անդամների պնդումները, թե ՍԴ-ում չկա ճգնաժամ, քանի որ իրենք շարունակում են իրենց բնականոն աշխատանք ու ընդունում որոշումներ, Լուսինե Հակոբյանը բնորոշեց ֆորմալիստական։

«Չի կարելի ասել, թե ճգնաժամ չկա զուտ այն պատճառով, որ մի խումբ մարդիկ համառորեն շարունակում են աշխատանքի գնալ ու զբաղեցնել գրասենյակներ, նիստեր գումարել ու որոշումներ ընդունել։ Ճգնաժամ կա, քանի որ Սահմանադրական դատարանը տարիներ ի վեր ձախողել է ժողովրդավարության պահապանի իր առաքելությունը»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու հավելեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ՍԴ-ի այսօրվա յոթ անդամների որոշում, թե իրենք  այլևս անկախ են, բավարար փաստարկ չէ՝ պնդելու, թե ճգնաժամ գոյություն չունի։

Լրագրողի հարցին, թե գործադիրին և օրենսդիրին Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծման կոչ անելելով, արդյոք չի խախտվում իշխանության թևերի տարանջատման ու հակակշռման սկզբունքը, Լուսինե Հակոբյանն ասաց։  «Ոչ, չի խախտվում իշխանության տարանջատման սկզբունքը, քանի որ մենք կոչ ենք անում իշխանությանը, որի մասն են նաև ՀՀ նախագահն ու դատավորների ընդհանուր ժողովը։ Սակայն ասա ամենն էլ մի կողմ թողած, ո՞վ պիտի լուծի այս խնդիրը»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով որ ժողովուրդը վստահության մանդատ է տվել ներկայիս իշխանությանը, որպեսզի այն ստեղծի ու կայացնի ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում՝ ապահովելով իրավունքի գերակայություն։ 

Որպես Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում, Լուսինե Հակոբյանն առաջարկում է նոր Սահմանադրական դատարանի կազմավորում։ «Երբ լեգիտիմ Սահմանադրական դատարանը կազմավորվի, կայացնի որոշումներ և պետական իշխանության մարմինները ճանաչեն այդ դատարանի որոշումները, մյուսները կհասկանան, որ իրենց համառությունն այլևս անիմաստ է»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Հակոբյանը նշեց նաև, որ եթե իշխանությունը չի ցանկանում գնալ այս ճանապարհով, կարող է ընտրել սահմանադրական փոփոխությունների տարբերակը և փոփոխել 213-րդ հոդվածը, որն ամբողջությամբ ԱԺ մանդատի տիրույթում է։ 

Խոսելով Հրայր Թովմասյանի մասին՝ Լուսինե Հակոբյանն ասաց․«Հրայր Թովմասյանի մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների ճարտարապետությանը, որի նպատակը մեկն է՝ երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը, մեծ ոտնձգություն էր ժողովրդավարությանը»։ 

https://www.youtube.com/watch?v=1VxlLCOzZfE&feature=emb_logo