Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է․ Լուսինե Հակոբյան

«Անհնար է չհիշել Սեմյուել Ջոնսոնին և նրա հայտնի խոսքը, որ հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանն ասել է, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի նահանջելու, քանի որ համարում է, որ Սահմանադրական դատարանը՝ ՀՀ սահմանի իրեն վստահված տարածքն է, և իր մեկ քայլ հետ գնալն ու ճնշվելը դավաճանություն է։ Նա ասել է նաև, որ իր համար «սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչը որ այսօր ունի հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը»։

«Սա պարզապես դեմագոգիկ ճոռոմախոսություն է և փրփուրիներից կախվելու հերթական քայլ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանից միայն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին՝ Լուսինե Հակոբյանն ասաց․ «Ցավոք սա հերթական անգամ ձևի գերակայությունն է բովանդակության նկատմամաբ։ «Իմ քայլը» խմբակցության տարբեր պատգամավորներից լսում ենք, որ գործընթացը Հրայր Թովմասյանի դեմ է, քանի որ նա առանցքային դեմքն է, իսկ մյուսները կախյալ վիճակում են Թովմասյանից։ Սա իրավական աբսուրդ է, քանի որ ստացվում է, որ Հրայր Թովմասյանից կախում ունեցող անձինք պետք է որոշեն Հրայր Թովմասյանի հեռացման հարցը»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի հեռացման հարցը պետք է ուղարկի Սահմանադրական դատարան և ՍԴ-ի անդամները կայացնեն համապատասխան որոշում։

Լուսինե Հակոբյանը ցավալի է համարում նաև այն, որ ի հեճուկս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին, ԱԺ-ն այս քայլով լեգիտիմացնում է Սահմանադրական դատարանի անդամների ներկայիս կազմը։ 

«Տեքստում չկան նաև «դատավոր և անդամ» եզրույթների տարբերակումը և նրանց դիմում է ԱԺ-ն, որպեսզի այն մարդու նկատմամաբ, որից կախված են անդամները, որոշում կայացնի։ Այս գործընթացն անպտուղ, որևէ տեղ չտանող և ժամանակի կորուստ որակվող մի գործընթաց է»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Հարցին, արդյոք գործընթացի հավանական տապալումից հետո կա՞ն այլ քայլեր՝ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը լուծելու, Լուսինե Հակոբյանն ասաց․ «Տարբերակաները շատ են, պարզապես պետք է ցանկություն և քաղաքական կամք։ Իսկ հարցը մեկընդմիշտ լուծելու մասին մենք շատ ենք խոսել»։

Լուսինե Հակոբյանը հավելեց նաև, որ հեղափոխության տրամաբանության մեջ կլիներ, եթե սահմանադրական մարմիններն առաջադրեին ՍԴ դատավորի թեկնածուներ, իսկ գործող անդամներին ասվեր ցտեսություն՝ համաձայն 2015թ․Սահմանադրության։

«Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ և այնուհետև նախագահ ընտրությամբ խախտվել է ինքնապահպանվող ժողովրդավարության շատ կարևոր սկզբունք, այսինքն՝ այն որոշումը, որը կայացվեց ՀՀԿ-ի կողմից Հրայր Թովմասյանի գործուն մասնակցությամբ և նրա օգտին, ըստ էության վերացրեց անկախ և անաչառ Սահմանադրական դատարանի համար նախատեսված սահմանադրական երաշխիքը և ոտնձգություն գործվեց ժողովրդավարության դեմ։ Հիմա հնարավոր չէ ասել, լավ եկեք այդ ոտնձգությունը մոռանանք, քանի որ այս կետից մենք դառնում ենք անկախ ու անաչառ»,- ասաց Լուսինե Հակոբյանը և հավելեց, որ առաջիկայում ՍԴ-ն կկայացնի այս հարցով մի որոշում, որը ծիծաղելի դրության մեջ կդնի Աժ «Իմ քայլը խմբակցությանը»։

https://www.youtube.com/watch?v=tcgWAVKtweg&fbclid=IwAR15WCgXPwQzCQzkxRR8WAMeHUn7xPXr3MDAGV5rN6HNw23_GYLNs3-BHU0