ՍԴ նախագահ լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությանը քաղաքական և իրավական փակուղի է․ Տիգրան Եգորյան

«Ազգային ժողովը պետք է քննարկի այս հարցը, ԱԺ-ն պետք է այս հարցի վերաբերյալ տա քաղաքական գնահատական։ Սա կոնկրետ լիազորությունից բխող գործընթաց է և ԱԺ-ն պետք է հայտարարության տեքստով ընդունի այդ գնահատականը, այնուհետև ուղերձով դիմի համապատասխան մարմիններին՝ կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին, որից հետո կձեռնարկվի Սահմանադրական դատարանի կազմավորման գործընթացը, որը նախատեսված է 2015թ․ սահմանադրական փոփոխություններով»,- «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնությանը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Սա նոնսենս է, երբ դու հստակ կասկածի տակ ես դնում կոնկրետ մարմնի լեգիտիմությունը և տալիս կոշտ գնահատականներ, այնուհետև դիմում ես այդ մարմնին, այդտեղ գործող անդամներին, քննելու քո խնդրանքը՝ դրանցից մեկին վերաբերող հարցով։ Սա և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից փակուղի և զարտուղի է։ Ես չգիտեմ, թե ինչպես է այս ուղղությունն ի հայտ եկել, բայց քաղաքական մեծամասնությունը քաղաքական և իրավական սկզբունքայնության և պատասխանատվության շրջանակում պետք է շտկի այս խնդիրը»,- ասաց Տիգրան Եգորյանը։

 Ըստ Տիգրան Եգորյանի՝ ԱԺ-ն պետք է կենտրոնանար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանում առկա խնդրի ախտորոշման, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնած և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախանշած խնդրի լուծման ուղղության վրա։

«Ազգային ժողովն այս պահին առաջնային մանդատով օժտված, հսկայական լեգիտիմության պոտենցյալ ունեցող մարմինն է, որն այս ճգնաժամի պարագայում, երբ որևէ այլ սահմանադրական մարմին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը կամ դրա անունից գործող անդամները, չեն կարող լուծել կամ գնահատել առկա խնդիրը, ապա Ազգաին ժողովն է այն միակ մարմինը, որը պետք է կոնկրետ իրավական գնահատական տա 2015-ի փոփոխություններով Սահմանադրությունը կենսագործելու և առկա ճգնաժամի կապակցությամբ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=EMnoJC4YZ0c&feature=share&fbclid=IwAR2ovr66xg4Lf_pNHx1yJ072oo11tkduVslpPjxhA_ld3F_p0WW-hkZ109g