Մարտի 1-ի գործով անցնող վկաների անվտանգությանը պետք է լուրջ ուշադրություն դարձվի․ Տիգրան Եգորյան

«Հայաստանի Հանրապետության պատմության համար այս աննախադեպ գործի շրջանակում, բոլոր քիչ թե շատ էական ցուցմունք տված կամ այդպիսի ցուցմունքներ տալու հնարավորություն ունեցող վկաների անվտանգությանը պետք է լուրջ ուշադրություն դարձվի։ Հաշվի առնելով այն, որ մարտի 1-ի գործով մեղադրվում են նախկին նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և հաշվի առնելով նրանց կարողությունները, նրանց հետ փոխկապակցված անձանց կարողությունները, այդ թվում՝ այս վերջին ժամանակահատվածում բավականաչափ շրջանառված արտաքին որոշակի միջամտությունների փորձերի և դրսևորումների հանգամանքը, ապա վկաներին հատուկ ուշադրություն է պետք դարձնել»,- 1in.tv-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

«Վարույթ իրականացնող մարմինը, այդ թվում՝ դատախազությունը և այլ հատուկ ծառայությունները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նրանց անվտանգությանը։ Սրանցից յուրաքանչյուրի մասով քննության առարակա պետք է դարձվեն անհրաժեշտ պաշտպանության միջոցները, որոնք շատ տարաբնույթ կարող են լինլ։ Սա լուրջ գործ է, սա շարքային գործ չէ»,- ասաց Տիգրան Եգորյանն ու հավելեց, որ նման հսկողությունն անհրաժեշտ է՝ հնարավոր ազդեցությունները բացահայտելու և կանխելու համար։ 

«Առհասարակ, Մարտի 1-ի գործը մի յուրահատուկ ձգողականության կենտրոն է։ Բազմաթիվ իրադարձություններ և պրոցեսներ, առաջին հերթին պետք է դիտարկել հենց այս գործի լույսի ներքո։ Ցավոք սրտի, այդպես է դասավորվել, և դեռ երկար ժամանակ այս գործը լինելու է մի յուրահատուկ ձգողականության կենտրոն, որով պայմանավորված են լինելու բազմաթիվ գործընթացներ։ Ըստ այս պահի տեղեկությունների՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հարցը պետք է մանրակրկիտ քննության առարկա դառնա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ իր առանձնատանը։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր որպես առանցքային վկա։ Նա այն եզակի անձանցից մեկն է եղել, որը պաշտոնավարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում և անմիջական մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերին։

«Ես այս առումով շատ կկարևորեմ այն տեղեկատվությունը, որը որոշ լրատվամիջոցների կողմից ավելի արագ է ներկայացվում, քան պետական հետախուզում իրականացնող մարմինները կհայտնեին։ Առայժմ ոչինչ չեմ ակնարկում, այլ արձանագրում եմ փաստերը։ Այս պահի դրությամբ արդեն պետք է հարցի շուրջ որևէ հնարավոր տեղեկություն ունեցող անձինք հարցաքննված լինեին։ Այս պահի դրությամբ նրանց կողմից տիրապետած ինֆորմացիան պետք է ֆիքսված լինի, արձանագրված լինի, և սա ինքնին մի կարևոր ելակետ է լինելու հետագայում։ Սա չափազանց կարևոր է։ Պետք է այդ լուրի հետևում կանգնած մարդիկ հայտնաբերվեն, նրանց շարժառիթները բացահայտվեն»,- հավելեց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=VqMYJ1Zpv-M&fbclid=IwAR2loDkcuA5R6SU9_MTATvCAQI-rY00XaWSflQnkG6Btv_ZGGL_DUG3E2RA