«Պետության տերը կանգնել է դրսում և ասում է՝ ես ուզում եմ է՛ս: Ու դուք տանտերն եք, ասում եք՝ չենք ուզում մեբելը էստեղ լինի, ու մեբելն ասում է՝ իյա՜, դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ իմ ռուչկեքը սենց են: Մենք որ ընտրում էինք Ձեզ, ասում էինք՝ գնացեք, մտեք նյուանսների մե՞ջ, թե՞ ասում էինք՝ մաքրե՛ք Հայաստանը»,- ԳԱԼԱ հեռուստաընկերության եթերում,անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամին, ասաց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Մեր պետական ողնաշարի խնդիրն ԱԺ-ի կողմից ամիսներ շարունակ անտեսվեց։ ԱԺ-ն կարող էր հունվարից մինչև սեպտեմբեր իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, բայց չարեց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը նշեց նաև, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընտրվելու պահից արդեն բոլորը գիտեին, որ Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, սակայն չարվեց անհրաժեշտը, որպեսզի այսօր ունենայինք այլ որակի Սահմանադրական դատարան․ «Ճգնաժամի մասին դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո, հաջորդ օրն արդեն կարող էին սահմանադրական մարմինները, այն է՝ կառավարությունը, ՀՀ նախագահը, ԱԺ-ն և դատավորների ժողովն առաջադրեին թեկնածություններ և ԱԺ տար դրական կամ բացասական կարծիք՝ ձևավորվորելով Սահմանադրական դատարան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հաղորդման մեկ այլ բանախոս, ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, բացատրում է, որ ամեն ինչ պետք է արվի, և երկրում պետք է կարգուկանոն սահմանվի օրենքի տառին համապատասխան, և շատ մանրուքներ կան, որ իշխանությունից դուրս գտնվող մեկը չի էլ պատկերացնում:«Մաքրելու ենք և օրենքի տառին էլ հավատարիմ ենք մնալու»,- ասում է պատգամավորը:
