Կան «ստորգետնյա ջրեր», որոնք առաջին հայացքից տեսանելի չեն․ Տիգրան Եգորյան

«Ակցիան քաղաքական է․ կա ակցիան նախաձեռնող խումբ, որում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներ՝ Ռուբեն Մելիքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Սիրանուշ Սարյանը։ Նախաձեռնող կազմում են նաև Քոչարյանի գործով պաշտպանություն ստանձնած փաստաբաններից մի քանիսը և Քոչարյանի փաստաբանների աշակերտները, ընկերները, մերձավոր ազգականները կամ նրանց աշխատակիցները և այլն։ Այն բոլոր փաստաբանները, որոնք Քոչարյանի գործին որևէ առնչություն չունեն և այդ գործով որևէ կերպ ներգրավված չեն, մոլորության մեջ են։ Ես ուզում եմ շեշտել, ոչ թե մոլորյալ են, այլ մոլորության մեջ են»,- խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների ակցիայի, այդ ակցիային միացած փաստաբանների վարքի և այդ ակցիայի դեմ կարծիք հայտնած փաստաբաններին ծաղրելու մասին՝ ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։ 

Ըստ փաստաբանի՝ մոլորության մեջ հայտնված խումբը պետք է փորձի մոնիտորինգի ենթարկել ի պաշտպանություն Դավիթ Գրիգորյանի ակցիան նախաձեռնող խմբի կողմից բարձրացված, բարձրացվող և բարձրացվելիք աղմուկը։ «Ես տեսնում եմ, որ նաև դատավորների շրջանում է ակտիվություն նկատվում այս գործով և շատ կարևոր է նայել, թե որ դատավորներ են արձագանքում և դարձյալ կտեսնենք որոշակի փոխկապակցվածություն այս գործով պաշտպան հանդիսացող անձանց հետ»,-  ասաց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով ակցիայի մասնակից մի շարք փաստաբանների անհանդուրժողականությանը՝ Լուսինե Հակոբյանն ասաց․  «Կա մասնագիտական փաստաբանական հարթակ, որը, օրինակ՝ ղեկավարում է Ե-ն, որն այդ հարթկում անում է քաղաքական ակցիա։ Գ-ն այդ ակցիայի վերաբերյալ հակադիր կարծիք է գրում, որը պարունակում է քննադատական տարրեր Ե-ի ակցիայի վերաբերյալ, և Ե-ն վերցնում ու ջնջում է Գ-ի կարծիքը, իսկ Գ-ին հեռացնում խմբից։ Հետագայում պարզվում է, որ եղել են էլի փաստաբաններ, որոնք նույնպես հեռացվել են տարբերվող կարծիք ունենալու պատճառով»,-  ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան հանդիսացող փաստաբաններից մեկը հարց է բարձրացնրել, թե փաստաբանին խմբից հեռացնելու քայլը որևէ կերպ չի աղերսվում Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի հետ։ Տիկին Հակոբյանը բացատրում է, որ Եվրոպական կոնվենցիան արտահայտվելու ազատության շրջանակում խիստ բարձր պաշտպանության ստանդարտ է սահանել քաղաքական խոսքի ազատության համար։ «Այն անձինք, որոնք պնդում են, որ այդ իրավունքը կաշկանդում է միայն պետությանը և որևէ կերպ գիտակցական կամ իրավագիտակցական մակարդակում կաշկանդված չեն այդ բարձր ստանդարտը պահպանելու անհրաժեշտությամբ, ապա արդեն դժվար է հավատալ, որ իրենք այդ ակցիայի շրջանակում իրավունք են պաշտպանում, քանի որ իրավունքների պաշտպանության հարցում հնարավոր չէ երկակի ստանդարտներով առաջնորդվել։ Սա ինքնին շատ խոսուն փաստ է։ Ես կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, որոնք մոլորության մեջ են և միացել են այդ ակցիային, լսել և վերաիմաստավորել այս մարդկանց ասելիքը, հասկանալ, որ վաղը, եթե իրենք ինչ-որ մի հարցի կապակցությամբ ունենան տարբերվող կարծիք, ապա ենթարկվելու են այդ նույն ծաղրուծանակին, bullying-ին»,-  ասաց Լուսինե Հակոբյանը։

 Քննարկման մյուս բանախոս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը վերը նկարագրված զարգացումները որոշակի վերապահումով անվանեց օգտակար։ 

Ըստ նրա՝ բավական երկար ժամանակ ոչ միայն այս, այլև շատ ավելի կարևոր հարցեր Հայաստանում չեն դարձել այնպիսի լայն ու ընդգրկուն քննարկումների առարկա, որոնց արդյունքում հնարավոր կլիներ թացը չորից տարանջատել։ «Բոլոր նորմալ գործընթացները, որոնք որ ժողովրդավարական հասարակության համար կենսական տեսանկյունից անհրաժեշտ են, երկար տարիներ, այդ թվում՝ փաստաբանների համայնքում, լռեցված, խլեցված և քողարկված են եղել։ Այս առումով  այս խմորումները նորմալ են»,- ասաց Տիգրան Եգորյանն ու ավելացրեց, որ կարևոր է սակայն ամրագրել, որ կան «ստորգետնյա ջրեր», որոնք միգուցե առաջին հայացքից տեսանելի չեն, գուցե նաև լավ քողարկված են ազնիվ մղումների շղարշով, որը կարող է շատ ժամանակ չունեցող մարդուն թյուրիմացության մեջ գցել։ Այս առումով փաստաբանը կարևոր է համարում բաժանարար գծերի անցկացումը։ 

«Մենք կարող ենք մի ճակատային գիծ քաշել։ Այդ գիծը մարտի մեկի գործն է։ Գծի մի կողմում ժողովուրդն է, իր ընտրած իշխանությամբ, իր հեղափոխությամբ ու այն անձանց դեմքով, որոնք տարբեր կարգավիճակներում ուժերի լարմամբ փորձում են նպաստել պետականության, արդարադատության համակարգի, երկրի ինքնիշխանության առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծմանը։ Մյուս կողմում կան միմյանց հետ փոխկապակցված տարբեր խմբեր և խմբեր, որոնք դեռ կողմնորոշված չեն, բայց գտնվում են տարբեր անձնական ու խմբային ազդեցությունների տիրույթում։ Շատ կարևոր է հասկանալ, որ ճակատի մյուս կողմը միայն մարդկանց այն տեսանելի հատվածը չէ, որոնք տարբեր հարցերով երևում և խոսում են կամ ինչ-որ միջոցառումներ են իրականացնում։ Ճակատի այդ մյուս կողմում համակարգի մի մասն է, որն ընդգրկում է ինչպես գործադիր, այնպես էլ դատական իշխանության ճյուղերը։ Ահա այս քողարկված հատվածն է, որ պայքարում է Հայաստանի վերակնագնված ժողովրդավարական իշխանության հաջողության գործընթացների դեմ։ Եւ այս գործընթացն է, որ շատ վտանգավոր է։ Այն վտանգում է պետությունը, ամենօրյա ջանք ու աշխատանք պահանջող վերականգնված ժողովրդավարությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=cj-U9ni0VWU&fbclid=IwAR2jwxgPjsDccXL0aIcTf0Qjmu8AI1ZjAlvk_1YmDSCruCKZLZuSERvhmI0