«Կա էսպիսի մի սկզբունք, որի մասին Եվրոպայում շատ են խոսում, որ երբ բռնակալներին գահընկեց անելուց հետո նրանց ենթարկում ես հետապնդման, դա այսպես ասած, չի խրախուսի այլ պետությունների բռնակալներին երբևէ հրաժարվել իշխանությունից:
Ես չէի ուզենա հավատալ, որ դա է հիմա կատարվում և Սերժ Սարգսյանին տրվել են երաշխիքներ, ես չէի ուզենա դրան հավատալ: Ես ամենևին չեմ կիսում այդ մոտեցումը և կարծում եմ, որ այդ անձինք պետք է անպայմանորեն ենթարկվեն պատասխանատվության և չենթարկվելը ոչ թե խթան կհանդիսանա կամ խրախուսանք կհանդիսանա այլ բռնակալների համար, այլ ենթարկելը հենց սառեցնող ազդեցություն կունենա այլ պետությունների բռնակալների համար, որոնք կհասկանան, որ ի վերջո իրենց հետևից էլ են գալու էն ամենի համար, ինչ իրենք կատարել են իրենց ժողովուրդների հանդեպ: Եվ ես կարծում եմ, որ եթե էս իշխանությունը չհետապնդի, մյուս իշխանությունն է հետապնդելու և դա պետք է անխուսափելի լինի, ու դա չանելու հետևանքները կարող են շատ ծանր լինել: Այսօր մենք տեսնում ենք, որ հենց նույն Ս. Սագսյանը, փոխարենը հանգիստ գնա ու ինչ-որ մի տեղ, ասենք, այգեգործությամբ զբաղվի, ուղղակի էլի ինչ-որ տարբեր հայտարարություն է անում, գնահատականներ է տալիս ինչ-որ գիտունիկների կողմից սահմանադրություն մեկնաբանելու և այլնի մասին, մինչդեռ անցած տարվա ապրիլի 23-ից հետո, երբ նրա հրաժարականը պարզապես համազգային տոնի էր վերածվել, նա գոնե ամոթից պետք է լռեր և տևական ժամանակ լռեր, գոնե մի տասը տարի»:
«Շատ էական է, որ իշխանությունը հասկանա, որ լուրջ ռեֆորմները լինում են ցավոտ և լինում են հեղինակության կորստի հաշվին, և դա այդպես է, չես կարող մարդկանց համար անվերջորեն մնալ լավը և սիրելի, եթե կպնելու ես լուրջ, ցավոտ կետերի, անպայման դա հանգեցնելու է հեղինակության կորստի և դա անխուսափելի է: Եվ իրենք ունեն ընտրություն. կա՛մ իրենք անելու են այդ ռեֆորմները, կա՛մ իրենք չեն անելու և քանի որ պրոցեսները շատ են արագացել, իրենց մարդիկ շատ արագ չեն ներելու չանելը: Անելուց կարող է այդ հեղինության կորուստը լինի, բայց կանցնի ժամանակ և մարդիկ կվերագնահատեն, կհասկանան իրենց արածի դերը, և էդպես իրենք թեկուզ կմնան պատմության մեջ որպես մարդիկ, ովքեր արեցին շատ կարևոր ռեֆորմներ, իսկ չանելուց և հեղինակությունը ի վերջո կկորցնեն, և ոչ մի առաջընթաց մենք չենք ունենա»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը:
