Լուսինե Հակոբյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի՝ առաջադրման և ընտրության հարցի շուրջ

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ԻԵՄ) նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «Ըստ Էության» հաղորդման շրջանակում խոսել է հաջորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվելիք ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի՝ առաջադրման և ընտրության հարցի շուրջ։

Պնդմանը, թե Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին, քանի օրենքի 17-րդ հոդվածն ասում է, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու», Լուսինե Հակոբյանն արձագանքեց, որ խնդիրը հասկանալու համար պետք է նայել, թե որտեղից և ինչպես այդ տեսակետը դրվեց շրջանառության մեջ։

«Երբ գործադիրն օրենքը ներկայացրեց ԱԺ-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն սկսեց ելույթ ունենալ և հղում կատարելով անհայտ շրջանակների կողմից արտահայտված անհայտ մտահոգություններին, ասաց, թե օրենք փոփոխության նախագիծը բերվել է մեկ թեկնածուի համար։ Ըստ էության՝ օրենքի նախագծի փոփոխության դեմ ամբողջ գաղափարախոսությունը սկսվեց կառուցվել այդ մի մարդու թեկնածությունը բացառելու տրամաբանության վրա»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու նշեց, որ բավական է ուշադիր նայել այդ մտահոգություններն արտահայտող քաղաքական շրջանականերին և մամուլին, տեսանելի կդառնա, որ այն շրջանառվում է բացառապես «հհկամերձ և քոչարյանամերձ» շրջանակաների կողմից։

«Մի քանի օր առաջ դիտում էի ՀՀԿ-ական նախկին կարկառուններից մեկի հարցազրույցը «Հայելու առաջ», որը հենց սկզբից իր խոսքում նշեց, թե հիասթափված է, քանի որ այդ օրենք ընդունվեց՝ առանց սահմանադրական դատարան տանելու։ Այսինքն՝ խնդիր էր դրված բարձրացնել տարընթերցման հարց, և այդ նախագիծը հասցնել Սահմանադրական դատարան»,- ստեղծված իրավիճակը բացատրեց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցությունից Գևորգ Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին, թե Վահե Գրիգորյանը տարբեր թելերով կապված է իշխանությունների հետ և չի կարող համարվել անաչառ, Հակոբյանն ասաց, որ չի կարող բացատրել, Գևորգ Պետրոսյանի դիրքորոշման փոփոխությունը, քանի որ նույն Գևորգ Պետրոսյանը հենց խնդրո առարկա օրենքի նախագծի քննարկումներում մի քանի անգամ շեշտել էր, որ ԲՀԿ կողմ է «նոր» բառի գործածմանը, եթե այն չի բացառում նախորդ գումարման ԱԺ-ում արդեն ներկայացված և չընտրված թեկնածուի վերստին առաջադրումը։ «Ինչ վերաբերում է իշխանության հետ ունեցած կապերին, ապա ԱԺ-ում լիագումար նիստ կլինի և Գևորգ Պետրոսյանը հնարավարություն կունենա այդ հացն ուղղել հենց Գրիգորյանին»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Քննարկման մեկ այլ բանախոս Արսեն Բաբայանի այն դիտարկմանը, որ տիկին Հակոբյանը, լինելով իրավաբան, չի քննարկում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական կոնտեքստում, Լուսինե Հակոբյանը նկատեց․ «Ինձ համար այդ քննարկումը սպառված է, քանի որ ակնհայտ է, որ այդ օրենքի փոփոխությունը նախաձեռնվել է ՍԴ տանելու համար, որտեղ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մնացած յոթ հոգու հետ միասին կդակեին իրենց համար ցանկալի որոշումը»։

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցին՝ Լուսինե Հակոբյանն ասաց։ «Լեգիտիմության հարցը մեր կազմակերպության իրավաբաններն էլ են բարձրացրել, բայց դա մեզ չի խանգարել հետագայում կոչ անել Արմեն Սարգսյանին կազմակերպել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցակցային գործընթաց։ Մենք՝ դիտարկել և ոչ լեգիտիմ ենք համարել 2013-ից սկսած բոլոր համապետական ընտրությունները, բացառությամբ նախորդի, բայց դա մեզ չի խանգարել այդ ընտրությունների արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի կողմից նշանակված դատավորների վարած նիստերին մասնակցել։ Նույն քաղաքական ուժերը, որոնք լեգիտիմ չեն համարել ընտրությունները, վիճարկել են ընտրության արդյունքները ՍԴ-ում, սակայն վերցրել են մանդատները։ Այս պահին Արմեն Սարգսյանը զբաղեցնում է նախագահի պաշտոնը , անցած տարի տեղի է ունեցել հեղափոխություն, փոխվել է իրավիճակ։ Ի՞նչ պիտի անի անձը, բոյկոտի գնա՞, թե՞ իր ներդրումն ունենա պետության բարեփոխումների և բարեկարգման գործում։ Իմ կարծիքով՝ երկրորդը»,- ասաց Լուսինե Հակովյանը։

Արդյոք վեթինգը պետք է հասնի Սահմանադրական դատարան, քանի որ Հրայր Թովմասյանը ուղիղ կապ ունի նախորդ իշխանության հետ հարցին, տիկին Հակոբյանը պատասխանեց․ «Տրամաբանությունը հուշում է, որ այո, սակայն Սահմանադրական դատարանի համար կան նաև այլ լուծումներ, որոնց մասին այս պահին ես հարկ չեմ համարում խոսել։ Ցանելու ժամանակն այլ է, հնձելուն այլ։ Ժամանակը կգա, անդրադարձ կկատարենք»։

Լուսինե Հակոբյանը ընդգծեց նաև, որ վեթինգն անպայման պետք է սկսել դատավորներից, քանի որ դատական իշխանություն՝ըորպես իշխանության ճյուղ, չի կարող մնալ հին տրամաբանության մեջ։ «Դատական համակարգն ունի անկախության և անաչառության լրջագույն դեֆիցիտ, որը փաստվել է տեղական ու միջազգային բազմաթիվ զեկույցներով։ Ինչպես նաև հենց ՀՀԿ-ի կողմից ընտրված Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. Դատական իշխանության հիմնախնդիրներին նվիրված զեկույցով: Ուստի ակնհայտ է, որ վեթինգն անպայման պետք է սկսել հենց դատարաններից»,- ասաց Լուսինե Հակոբյանը։