Վեթինգի հիմնական նպատակը պատուհանից մտած դատավորներից ազատվելն է. Տիգրան Եգորյան

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանն «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե վեթինգի գործընթացն ինչպես կանդրադառնա դատական համակարգի վրա, պատասխանեց, որ նպատակահարմար չի գտնում արդարադատության համակագի փոփոխությունները կենտրոնացնել միայն վեթինգի գործընթացի վրա, քանի որ արդարադատության ոլորտում առկա խնդիրները համակողմանի և խորն են, որոնց ՀՀ քաղաքացին բախվել է ավելի քան քսան տարի։

«Հիմա շատ կարևոր փուլ է՝ առնվազն նախկին մի որոշ ժամանակահատվածում արարված արդարադատության վերանայման, վերափոխման համար։ Սա ես առհասարակ արդարադատության ոլորտի համատեքստում կդիտարկեի, որտեղ պետք է առանձնացնել հիմնական բարեփոխումների այն հատվածը և գործիքները, որոնք անհրաժեշտ են անցումն ապահովելու համար և որի բաղադրիչներից մեկն էլ վեթինգն է։ Որքան էլ զավեշտալի հնչի, վեթինգի հիմնական նպատակը պատուհանից մտած դատավորներից ազատվելն է»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ վեթինգն ունի մի քանի բաղադրիչ, որոնցից անհրաժեշտ է հատկապես առանձնացնել չափազանց կարևոր մի զտիչ, որը ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի վճիռներն են։ «Այս ֆիլտրն ամենաէական ու առանցքային զտիչներից է, թեև ես որևէ կերպ չեմ թերագնահատում կամ ստորադասում մյուս զտիչները, սակայն ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների համար պատասխանատու դատավորների զտումը, ընդ որում պատասխանատվության առյուծի բաժինը բարձր դատարանների՝ Վերաքննիչի և Վճռաբեկի դատավորներինն է, և սա ամենաէական ֆիլտրն է լինելու, ինչն ամենահուժկու հարվածն է լինելու այդ արատավոր համակարգին, որը տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել մարդու իրավունքների խախտման, այդ խախտումներն արդարացնելու և այդ խախտումների կապակցությամբ արդարադատություն չիրականացնելու համար»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ նրա՝ այդ զտիչի կիրառման կամ այդ զտիչի կիրառման ազդարարման պահից սկսած կարելի է առաջին փուլը մեկնարկած համարել, քանի որ ինքնազտում տեղի կունենա այն անձանց կողմից, որոնք չեն ցանկանա անցնել այն ֆորմալ գործընթացները, որոնք որ նախատեսվելու են։

Տիգրան Եգորյանը նշեց, որ այս ամենը պետք է տեղի ունենա Սահմանադրության սահմաններում, սակայն միևնույն ժամանակ գոյություն ունի ավելի խորքային գործընթաց և խորքային փուլ, որի շրջանակում կարելի է քննարկել նաև անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների հարցը, որը բնականաբար պետք է բխի Սահմանադրության հիմնական և անփոփոխ դրույթներից։

Տիգրան Եգորյանը նկատեց նաև, որ ինքնազտումը չի կարող դատավորներին ազատել հանրային պատասխանատվությունից և հանրության հետ առերեսվելուց։

Եգորյանը նշում է նաև, որ համակարգը ոտքից գլուխ փոխելու անհրաժեշտություն չկա, քանի որ կան դատավորներ, որոնք ջանք չեն խնայում իրենց բարձր կոչմանը համապատասխան աշխատելու համար, սակայն խնդիրները համակարգում այնքան խորն են, որ դրանք միայն զտման մեխանիզմով հնարավոր չէ լուծել։ Այս խոր խնդրի լուծման համար ամենահրատապը այն մարմնի ստեղծումն է, որը պետք է իրականացնի զտման գործընթացը, որից հետո անմիջապես պետք է իրականացնի դատավորների ընտրության և գնահատման գործընթաց։

«Մենք գիտենք որ կա սահմանադրական խնդիր և որ վերը նշած գորընթացներն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), բայց միևնույն ժամանակ կա լուծում, որը հնարավոր է օրենսդրական մակարդակում կիրառել և զսպել, հակակշռել ԲԴԽ-ին։ Այսինքն՝ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հանձնաժողով, որը կհակակշռի ԲԴԽ-ին»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ բացատրելով, որ անցումային արդարադատության այս փուլում կա կարևոր ևս մեկ գործիք, որը ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչն է։ «Այս ինստիտուտի հետ կապված խնդիրը նույնպես շատ էական է, քանի որ մենք ունենք հսկայական ծավալի գործեր, որոնք ներկայացված են ՄԻԵԴ-ում և գտնվում են քննության փուլում կամ վաղը կսկսեն այդ գործերով կոմունիկացիանները։ Ահա այս գործիքով հնարավոր կլինի արդյունավետ միջամտել արդեն ՄԻԵԴ-ում գործի քննության շրջանակում՝ ինչպես միակողմանի հայտարարությունների խախտման փաստի ընդունման հետ կապված, այնպել էլ այդ գործերով այլ լուծումների։ Այս ռեսուրս բաց թողնելը սխալ է և այն պետք է զուգահեռ ընթանա, քանի որ դրանք պոտենցյալ վճիռներ են ՀՀ-ի դեմ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Հաջորդ խնդիրը, որի կարևորությունը շեշտադրեց փաստաբանը, դատական համակարգի վերակազմավորումն է։ «Այստեղ կառանձնացնեմ մասնագիտական դատարանի ստեղծումը, մասնավորապես այն դատարանի, որը զբաղվելու է հենց կոռուպցիոն գործերի և պետության դեմ ուղղված հանցագարծությունների քննությամբ։ Այս դատարանի ստեղծումը նախատեսում է Սահմանադրությունը։ Շատ կարևոր է նաև Վճռաբեկ դատարանի վերակազմավորումը, դատախազական և քննչական համակարգի վերակազմավորումը։ Հաշվի առնելով հայաստանյան առանձնահատկությունները, պետք է քննարկվի նաև հատուկ դատախազական ինստիտուտի ստեղծման հարցը»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ բացատրելով, որ հատուկ դատախազը կզբաղվի նույնպես կոռուպցիոն և պետության դեմ գործված հանցագործությունների գործերի քննությամբ։

Անդրադառնալով փաստաբանական ինստիտուտին՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ թեև փաստաբանության ոլորտի բարեփոխումն ընդգրկուն թեմա է, սակայն փաստաբանության՝ որպես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող ինստիտուտի բարեփոխումը ևս կարևոր է, որը թեև նույն հարթության վրա չէ, ինչ դատական համակարգի բարեփոխման հարցը։

«Ես պարզապես չեմ ուզում խորանալ այդ մանրամասների մեջ, քանի որ դրանց մասին մենք բազմիցս տարբեր հարթակներից խոսել ենք և այդ հարցերը բարձրացրել ենք թե՛ Փաստաբանկան պալատի, թե՛ դատարաններում տարբեր կարգապահական վարույթներո և թե՛ ԵՄ մակարդակում։ Կարևոր է, որ փաստաբանական համայնքն ունենա արդյունավետ ֆունկցիոնալ կառուցվածք և անշուշտ ներքին կամ արտաքին արդյունավետ հակակշման մեխանիզմներ, իսկ եթե չի հաջողվում ձևավորել ներքին համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է վերացնել մեկ պալատի հարցը և ձևավորվեն տարբեր միություններ, որոնք կմրցակցեն և այդ մրցակցության արդյունքում կձևավորվի հակակշիռների և բալանսավորման ինստիտուտը»,- ասաց Տիգրան Եգորյանը