Դատական իշխանության ռեֆորմը պետք է իրականացվի անհապաղ

Հարցազրույց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ

Ի՞նչ եք կարծում, Հայաստանի դատական համակարգն ունի՞ ռադիկալ տրանսֆորմացիայի կարիք։ 

– Դատական համակարգն ունի ոչ միայն տրանսֆորմացիայի, այլ նաեւ հիմնովին նորացման կարիք: Այդ հարցն օրհասական է դարձել դեռեւս տարիներ առաջ: Այս դատական համակարգն ապացուցել է իր գործունեությամբ, որ պատրաստ է անվերապահորեն սպասարկել քաղաքական եւ կոռուպցիոն նկատառումներ եւ ի վիճակի չէ կատարելու իր սահմանադրական առաքելությունը` ապահովելու ու պաշտպանելու  մարդկանց անհատական իրավունքները: Սա խոսում է դատական իշխանության բացակայության մասին: Դրա ռադիկալ ռեֆորմի հարցը տարիներ ի վեր բարձրացվել է քաղաքացիական եւ քաղաքական ուժերի, մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ փաստաբանների պալատի, առանձին փաստաբանների, միջազգային կազմակերպությունների կողմից: Վերջապես, այն բարձրացվել է նաեւ Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ վճիռներով, որոնցով, ըստ էության, ի ցույց է դրվել հայաստանյան դատական համակարգի անխտիր բոլոր ատյանների անկարողությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Բացի դրանից՝ ՄԻԵԴ որոշ գործերով ճանաչվել է նաեւ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում Հայաստանի Հանրապետության կողմից, ինչն ուղղակի խայտառակություն է, քանի որ դրանով դատարանը հաստատված է համարել ըստ էության քաղաքական նկատառումներով մարդու իրավունքների խախտման փաստը:

Դատական իշխանության` ինչպես Դուք եք ասում, ռադիկալ ռեֆորմի ի՞նչ ճանապարհ եք տեսնում

– Պետք է վերակազմավորվեն դատական համակարգի ներքին ինստիտուցիոնալ կառույցները` մասնագիտացված դատարաններ, համապատասխան վերաքննիչ դատարաններ եւ վճռաբեկ դատարանը, անկախ դատական համակարգի բարձր ստանդարտներին համապատասխան կառուցվածքային փոփոխություններ իրականացվեն, որոնք հնարավորություն կտան լիարժեք սպասարկելու ՀՀ Սահմանադրությամբ հռչակված իրավունքները եւ դրանց գերակայությունը՝ անկախության, անաչառության եւ օրինականության սկզբունքների վրա հիմնված: Սա ենթադրում է առանձին «զգայուն» հարցերով մասնագիտական դատարանի ստեղծում, նաեւ այնպիսի համակարգի ստեղծում, որն ի զորու կլինի վերանայել գործերը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված ՄԻԵԴ վճիռների հիման վրա:

– «Զգայուն» հարցեր ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

– Նկատի ունեմ նախկին հակաժողովրդական իշխանության կառավարման ժամանակահատվածում սեփականության իրավունքի զանգվածային խախտումների գործերը, կյանքի իրավունքի խախտման գործերը, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն գործեր եւ այլն: Վարչապետի երեկվա հայտարարությամբ առանցքային խնդիրներ առաջադրվեցին, որոնք չնայած վաղուցվանից էին օրակարգային. ըստ ՄԻԵԴ վճիռների՝ մարդու իրավունքների խախտումներ թույլ տված դատավորների հեռացում, ժողովրդավարական համակարգի անցմամբ նախկինում արձանագրված մարդու իրավունքների զանգվածային խախտումների կապակցությամբ արդարության վերականգնման անցումային միջոցների, օրենսդրական գործիքների կիրառում, այդ թվում` վեթինգ, այսինքն՝ զտում, նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծի կազմում: Նաեւ պետք է դատական իշխանության ձեւավորման համար պատասխանատու մարմիններ, այդ թվում զտման հանձնաժողով ձեւավորվի՝ բարձր ստանդարտներին համապատասխան:

Արդյոք Փաշինյանի կոչը համապատասխանո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը։ Կարծիքներ կան, որ այն խախտում է իշխանությունների տարանջատման, նաեւ միմյանց հավասարակշռելու սկզբունքը եւ օրինական չէ։ Մյուս կողմից՝ Փաշինյանի օպոնենտները նրան մեղադրում են, որ ինքը չի լուծել դատարանների նկատմամբ վստահության բարձրացման հարցը, այլ ժողովրդին է օգտագործում, փողոց հանում։ Ձեր կարծիքով, այդ եղանակն արդարացվա՞ծ է։

– Նիկոլ Փաշինյանի կոչն ուղղված է քաղաքացիներին, այն, ըստ իր էության, ժողովրդի իշխանության դրսեւորման կոչ է, որը չի իրականացվում գործադիր իշխանության գործադրմամբ: Դա հավաքի կոչ է, որը կարող է բխել ժողովրդավարական հասարակությունում  ցանկացած հանրային նշանակության խնդրից: Ուստի ինքնին կոչը Սահմանադրությանը չի հակասում: Ինչ վերաբերում է դատարանների մուտքերն ու ելքերը մի քանի ժամով արգելափակելուն, ապա դա մոտավորապես նույն հարցն է, ինչ, օրինակ, միջպետական նշանակության մայրուղի կամ քաղաքի փողոցներ արգելափակելու հարցը, որը պետք է գնահատվի ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտության շրջանակներում խնդրի կոնտեքստից ելնելով․ նմանատիպ հարցերի վերաբերյալ կա նաեւ Եվրոպական դատարանի ձեւավորած դատական պրակտիկա: Այս առումով նմանատիպ բողոքի խաղաղ ակցիաները ոչ միայն խնդրահարույց չեն, այլ նաև նորմալ են ժողովրդավարական հասարակության համար, իսկ Սահմանադրության խախտման կամ սահմանադրական կարգի տապալման մասին աղմուկն ուղղակի անլուրջ է:

Փաշինյանին քննադատողների փաստարկներից է այն, որ նա խոսում է ժողովրդի անունից։ Կարո՞ղ ենք վստահ լինել, որ դատարաններն արգելափակելը ժողովրդի պահանջն է։ 

– Ինչպես արդեն նշեցի, հարցերը պետք է քննարկվեն ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության տեսանկյունից, եւ երբեք չի կարելի դրանք կոնտեքստից կտրել, հակառակ դեպքում դրանց բուն էությունը կխեղաթյուրվի: Խնդրո առարկա կոնտեքստը հետեւյալն է. տեղի է ունեցել հակաժողովրդավարական կառավարման համակարգի ժողովրդավարական փոփոխություն (հեղափոխություն), որի արդյունքում ժողովրդի ուղիղ պահանջով եւ ճնշմամբ փոխվել են ժողովրդի վստահությունը չվայելող օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Արձանագրվել է, որ այդ նույն ժողովրդի իշխանությունը չվայելող մարմինների կողմից ձեւավորված դատական իշխանությունը եւս պետք է ենթարկվի լուրջ բարեփոխման:

Ժողովուրդն արել է հեղափոխությունը նաեւ դատական իշխանության դեմ: Ուրեմն այդ հարցը եւս ժողովրդի պատվիրակած խնդիրն է, որը պետք է լուծի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունը: Մյուս կողմից՝ սահմանադրական գործունեության բովանդակության մասն է կազմում գործադիրի ու օրենսդիրի համար նաեւ անկախ դատական իշխանության ձեւավորումը: Վարչապետի կոչն այն սահմանադրական իրավաքաղաքական գործիքներից է, որը, միգուցե, մոտ է ծայրահեղի, սակայն պետք է խթան լինեն համառող, դիմադրող եւ խոր ինքնապաշտպանության անցած արատավոր եւ փտած դատական իշխանության դեմ պայքարը տեղից շարժելու, այդ փտած համակարգի իներցիոն ինքնապաշտպանական եւ արդարադատության համակարգը քայքայող գործունեությանը հակակշռելու համար: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքների ուշացումն է պատճառը նման զարգացումների, սակայն դեռ ուշ չէ դատական իշխանության ռեֆորմը մեծ արագությամբ եւ խորությամբ իրագործման համար եւ առանց հապաղման:

 

Սյուզան Սիմոնյան

 

Հարցազրույցը վերցված է Hraparak.am կայքից