
«Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է դիտարկել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի ընտրության գործընթացը։
Դիտորդության շրջանակներում ԻԵՄ-ն ուսումնասիրել է ՀՀ Նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հավհաննիսյանի փաստաթղթերը, որոնք պաշտոնապես հրապարակվել են ՀՀ ԱԺ էլեկտրոնային կայքում։
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականի (CV) և այն փաստաթղթերի միջև, որոնք հաստատում էին ինքնակենսագրականում առկա ինֆորմացիան։
ԻԵՄ-ը նաև հարցումներ էր ուղարկել ինքնակենսագրականում նշված համապատասխան կազմակերպություններին և սպատացած պատասխանները համադրել ԱԺ կայքում հրապարակված թեկնածուի փաստաթղթերի հետ, որոնց արդյունքներն ուղարկվել էին ԱԺ խմբակցություններին։
ԱԺ-ում թեկնածուին հարցեր տված պատգամավորների մի զգալի մասին հարցադրումները հիմնված էին ԻԵՄ-ի դիտարկումների վրա։ Ներքոհիշյալ հղմամբ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարց է ուղղում ՍԴ-ի դատավորի թեկնածուին՝ ԻԵՄ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
