Այսօր, ժամը 14:30-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Հ. Շահնազարյանի նախագահությամբ, 6-րդ նիստերի դահլիճ) տեղի կունենա Ելենա Օվսյաննիկովայի գործով առաջին դատական նիստը: Օվսյաննիկովան իր վերաբերյալ տարածված զրպարտությունները հերքելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դեմ ՝ պահանջելով իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով: Հունիսի 24-ին, Օվսյաննիկովան մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցին: Իշխանության ներկայացուցիչները օգտագործել են սլավոնական արտաքինով կնոջ ներկայությունը՝ փորձելով հիմնավորել ցուցարարների մեջ մայդանային սադրիչների մասին ակնհայտորեն հենց իրենց կողմից տարածվող լուրերը: Մասնավորապես, ոստիկանության բարձրաստիճան երկու ներկայացուցիչները և պատգամավոր Մարուքյանը փորձել են պատրանք ստեղծել, թե իբր Օվսյաննիկովան հենց այն ուկրաինական սադրիչն է, որի մասին զգուշացնում էին և որը փորձել է նաև գայթակղել ոստիկաններին: Այս ամենի արդյունքում կինը դարձել է նաև ծաղրի առարկա:
Այս գործով Օվսյաննիկովայի ներկայացուցիչներն են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը:
Մեկնարկում է Ելենա Օվսյաննիկովայի գործով դատական քննությունը

