Ապրիլյան ցույցերին մասնակցել եմ նոր կյանքի, իմ երեխայի ապագայի, իմ երկրի գալիք օրվա համար. ճարտարապետ Զավեն Գրիգորյան

«Ես քառասունհինգ տարեկան եմ ու ապրիլյան բողոքի ցույցերին մասնակցելու էի գնացել քիմիոթերապիայից հետո: Գնացել էի նոր կյանքի, իմ երեխայի ապագայի, իմ երկրի գալիք օրվա համար պայքարելու»,- ասում է ապրիլյան հեղափոխության օրերին, ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով ոտքերի բեկորային ծանր վիրավորում ստացած Զավեն Գրիգորյանը:

Զավեն Գրիգորյանը ապրիլի 16-ի Բաղրամյանում տեղի ունեցած ցույցերին մասնակցելու էր գնացել հիվանդանոցից, քիմիոթերապիայի կուրսի ավարտից անմիջապես հետո, իսկ ոստիականության ոչ իրավաչափ ու ոչ համաչափ գործողությունների հետևանքով ստիպված է եղել վերադառնալ հիվանդանոց: Առնվազն ութ ամիսԶավեն Գրիգորյանը ստիպված է ոտքին կրել երկաթե ծանր սարք, որով հավաքել ու ֆիքսել են ոտքի փշրված ոսկորները: Բացի ֆիզիկական գործունեության սահմանափակումներից, անընդհատյա սուր ցավերն անհնար են դարձնում նաև մտավոր աշխատանքը:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով, սակայն առ այս պահը որևէ ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության: Գործի քննության ձգձգումը Զավեն Գրիգորյանը պայմանավորում է կոլեգիալ համերաշխության հանգամանքով: «Օպերացիան իրականացրել են հին ղեկավարական կազմով և քանի որ նրանք կապակցված են նոր ոստիկանների ղեկավարության հետ,  գործը գնում է արգելակների վրա, չեն ուզում խախտեն իրենց կոլեգիալ համերաշխությունը»,- ասումէ  Գրիգորյանը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին, երբ հազարավոր այլ քաղաքացիների հետ Բաղրամյան պողոտայում է եղել նաև Զավեն Գրիգորյանը: Վերջինս պատմում է, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր մտնել Ազգային ժողով: «Այդ ընթացքում   բոլորը ձեռքերը վեր պարզած, առանց որևէ մեկին վնասելու,  ճանապարհում էին Փաշինյանին, և հենց  այդ պահին ոստիկանները եկան առաջ, սկսեցին մահակներով վախեցնել, հրմշտոց սկսվեց»,- նշում է Զավեն Գրիգորյանը՝ հավելելով, որթեև իրենց խփում էին մահակներով և առաջացել էր իրարանցում, միևնույն է ժողովուրդը, այդ թվում՝ ինքը, առաջ էին գնում ձեռքերը վեր պարզած՝ հեղափոխության կարգախոսին համահունչ:

«Էնպես ստացվեց, որ ոստիկանները հատուկ մեքենայից  փշալարերը  բաց թողեցին, փակեցին ճանապարհը և ոստիկանների մի մասը մնաց փշալարի մյուս կողմում։ Այս ընթացքում հրմշտոցը շարունակվում էր, և հիշում եմ, որ մեկ-երկու անգամ ոստիկանները կրակեցին նռնակներով: Մենք փորձեցինք  թաքնվել ձախ թևի վրա կայանված պետական համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենայի հետևում, իսկ հետո նկատեցինք, որ ոստիկանների շարքերից անմիջապես «Նիվայի» ուղղությամբ նռնակ նետվեց»,- ասում է Գրիգորյանն ու նշում, որ  այդ նռնակն իրենց ուղղությամբ նետել են նպատակաուղղված: «Նռնակն անմիջապես ընկավ իմ ոտքերի տակ: Առաջին նռնակը, որը գցեցին մեզ վրա, ընկավ մեքենայի առաջնամասին, մենք կարողացանք վերցնել ու մարդկանցից հեռու շպրտել, որտեղ և պայթեց: Մյուսը նպատակաուղղված գցել էին Նիկոլի ոտքի տակ, բայց այն գլորվելով եկավ ու պայթեց իմ ոտքերի մոտ»,- դեպքերի շղթան վերականգնելով՝ պատմում է Զավեն Գրիգորյանն ու ասում, որ իրեն ժողովուրդն է օգնել, ոչ թե ոստիկանները: Ցույցի մասնակիցները Զավենին գրկած տարել են դեպի Բաղրամյան պողոտայի ներքևի հատվածը, որտեղ որոշ ժամանակ անց մոտեցել էշտապօգնության մեքենան:

ԶավենԳրգորյանի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը թիվ 1 կլինիկակայից պահանջել էր իրեն ներկայացնել ԶավենԳրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, ինչը մերժվել էր: Այս կապակցությամբ, դիմում է ներկայացվել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնպես էլ առողջապահության նախարարություն: Արդյունքում՝ բավական մեծ դժվարությամբ հնարավոր է եղել ստանալ փաստաթղթերի մի մասը, սակայն այդպես էլ չեն տրամադրվել ռենտգեն հետազոտությունները:

Հատկանշական է, որ ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցմանը՝ ոստիկանությունը տեղեկացրել է, որ ցույցերը ցրելու համար օգտագործել են առողջապահության նախարարի հրամանագրում ներառված միջոցները, որտեղ էլ գրված են դրանց կիրառման թույլատրելի չափանիշները:

2012թ. ապրիլի 20-ի N 09-Ն հրամանի հավելված բաժնում «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշներ»  վերնագրված բաժնի  3-րդ կետով սահմանվում են «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման թույլատրելի չափանիշները, որոնք համաձայն՝ դրանք կարելի է գործարկել միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

ԶավենԳրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանը չի բացառում, որ ոստիկանները չեն տիրապետել հատուկ միջոցների կիրառման կարգին, սակայն տարբեր փաստական հանգամանքներ վկայում են, որ հատուկ միջոցների կիրառումը հետապնդել է հավաքի մասնակիցներինհնարավորինս մեծ վնաս պատճառելու նպատակ, իսկ Զավեն Գրիգորյանի դեպքում, ինչպես բացահայտում է վերջինս, նպատակը Նիկոլ Փաշինյանին «վնասազերծելն» է եղել:

Թեև ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման գործը շատ արագ պետք է բացահայտվեր, այն բավական երկարեց: Այնուամենայնիվ, այժմ քրեական գործը Զավեն Գրիգորյանի մասով, ըստ մեր տեղեկությունների, մտնում է հանգուցալուծման փուլ:

Զավեն Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բավական ծանր, նրա ոտքը չի ապաքինվում: Վերջերս Զավեն Գրիգորյանն անցել է համապատասխան հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ նրան անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն և փշրված ոսկրերը ֆիքսող սարքի փոխարինում:

Ըստ էության, ոստիկանության կողմից իրականացվել է ոչ իրավաչափ և ոչ համաչափ միջամտություն, որի արդյունքում խախտվել են Զավեն Գրիգորյանի խաղաղ հավաքի իրավունքը, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը: Այդ կապակցությամբ բացի քննվող քրեական գործից Զավեն Գրիգորյանի փաստաբանները նաև հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունների կապակցությամբ, այնուհետև, կախված գործի ելքից, կդիմեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: