Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Կարծում եմ՝ այս աղմկոտ գործը, որում այսքան մարդ կա ներգրավված, չի մարի. Լրագրող Վրույր Թադևոսյան

«Հիմա ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ այս տևական դադարը գործի ընթացքի համար արդյունավետ կլինի, և որ այս աղմկոտ գործը, որի մեջ այսքան մարդ կա ներգրավված, չի մարի»,- ասում է ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում մի խումբ դիմակավորված անձնանց կողմից բռնության ենթարկված, Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադևոսյան:

Լրագրող Վրույր Թադևոսյանն ապրիլյան հեղափոխության օրերին բռնության է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: «Ես գնացել եմ Երևան քաղաքի Ավան Աճառյան փողոց, որը, ըստ նախնական տեղեկությունների, փակված էր դիմակավոր անձանց կողմից՝իրավիճակը լուսաբանելու նպատակով:

Իմ անձանական մեքենայով հասել եմ  «Ֆորդ» մակնիշի մեքենաների սպասարկման սրահի մոտ, որտեղ և անցել եմ իմ մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ճանապարհը փակ էր մի խումբ դիմակավորված անձանց կողմից, որոնք քաղաքացիական հագուստով էին և կարգավորում էին ճանապարհի այդ հատվածի երթևեկությունը»,- պատմում է Վրույր Թադևոսյանն ու ավելացնում, որ դիմակավորված անձինք հարձակվել են իր մեքենայի վրա, խլել իրենից իր բջջայինհեռախոսը և lpad Air 2 մակնիշի պլանշետը, որով նա այդ պահին ուղիղ հեռարձակում է ապահովել, և սկսել են մահակներով հարվածել թե՛ իրեն, թե՛ մեքենայի դիմապակուն, կողային հայելիներին և այլ մասերի։  «Հարվածում են, մեքենաս են ջարդում, մահակներով հարվածում են գլխիս, նաև սպառնում, որ կսպանեն՝ պահանջելով չնկարել»,- ասում է Վրույր Թադևոսյանը։

Վրույրը նշում է, որ իր վրա հարձակված անձանցտեղեկացրել է, որ լրագրող է, ցույց տվել լրագրողական վկայականը, բայց որևէ բան չի փոխել նրանց՝ իր նկատմամբ բռնություն կիրառելու, մտադրությունը:

Կատարվածի կապակցությամբ լրագրող Վրույր Թադևոսյանը դիմել է ոստիկանություն։Հարուցվել է քրեական գործ։Գործը ՀՀքննչական կոմիտեի վարույթում է: Առ այս պահը, սակայն, մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն պարզել է միայն լրագրողի  մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը: Կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մամուլում ապրիլի 28-ի հրապարակվեցին լրագրողի նկատմամբ բռնություն կատարած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնց անունները կապվում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ:

Վրույր Թադևոսյանն ասում է, որ անկախ գործիձգձգումից, լիահույս է, որ կատարվածը կբացահայտվի և չնայածայս փուլում երկրում չլինելու հետևանքով չի կարող ակտիվ մասնակցություն ունենալ գործի ընթացքին, վստահ է, որ իր ներկայացուցիչները հետամուտեն գործին: «Ես վստահում եմ նրանց և իմ մասնակցությունը լինի, թե ոչ, միևնույն է գործի քննությունը շարունակվելու է»,- ասում է Թադևոսյանը:

Վրույր Թադևոսյանի գործով նախաքննությունը դեռ ավարտված չէ, ուստի նախաքննության ավարտից հետո, կախված դրա արդյունքներից, կքննարկվեն հետագա անհրաժեշտ գործողությունները լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և այդ կապակցությամբ նրա վրա կատարված հարձակման գործով:

Բացի դրանից, հաշվի առնելով, որ ոստիկանությունը անգործություն է դրսևորել և ժամեր շարունակ չի ապահովել տվյալ վայրում իր ներկայությունը՝ նման հնարավոր միջադեպերը կանխարգելելու նպատակով, հայց է ներկայացվել նաև վարչական դատարան:

Exit mobile version