- 01.10.2018
- Posted by: elauser
- Category: Նորություններ
Մասնագիտությամբ քանդակագործ Սարգիս Բաբայանն 2018թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ստացել է բեկորային խոր վնասվածքներ մեջքի և ոտքերի հատվածում:
Ապրիլի 16-ին Իսահակյան 36 հասցեում Սարգիս Բաբայանի անհատական ցուցահանդեսի բացումն է եղել, որին մասնակցելուց հետո նա գնացել է Ֆրանսիայի հրապարակ ու միացել համաժողովրդական շարժմանը:
«Միացա շարժմանը, քանի որ ուզում էի ապրել մի երկրում, որտեղ պետական սահմաններն առավելագույնս պաշտպանված են, որտեղ կրթությունը որակյալ է, որտեղ բարձր արժեքները գերակա են ու դրանց համահունչ ապրելը հեշտ, որտեղ ի վերջո հնարավոր է հանգիստ ստեղծագործել ու ընտանիք կազմել»,- ասում է Բաբայանը ու շարունակում հիշել, որ այդ օրը իրենք՝ բողոքի ակցիայի մասնակիցները, ձեռքերը վեր բարձրացրած քայլեցին դեպի Ազգային ժողով:
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մոտակայքում քաղաքացիներին դիմավորեցին ոստիկանական հոծ շարքերը, իսկ նրանցից առաջ փշալարեր էին և արգելակող երկաթյա ձողեր: Արդեն մոտավորապես ժամը երեքի կողմերը լսվեց առաջին կրակոցը,- պատմում է Բաբյանն ու շարունակում:- Երբ լսվեց երրորդ կրակոցի ձայնը, ես ինտուիտիվ թեքվեցի ձախ և վայրկյաններ անց աննկարագրելի ցավ և այրոց զգացի մեջքիս և ոտքերիս հատվածում»:
Սարգիս Բաբայանը ոստիկանության արձակած լուսաձայնային նռնակների պայթյունից առաջացած շոկի հետևանքով բավական ուշ է զգացել, որ վիրավորվել է:
«Զգացի, որ մեջքս թրջվում է, ձեռքով ստուգելուց և շուրջս կանգնածներից հարցնելուց հետո հասկացա, որ արյուն էր հոսում»,- դեպքերի շղթան վերականգնելով՝ ասում է Բաբայանը:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Նոր Նորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց որտեղ և ստացել է բժշկական օգնություն:
Հարուցվել է քրեական գործ, սակայն դժբախտաբար առայսօր Սարգիս Բաբայանի գործով որևէ լուրջ դրական տեղաշարժ չի արձանագրվել:
«Մինչ օրս անհասկանալի է, թե ո՞ւմ հրամանով և ի՞նչ հիմքով ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ: Դժվարանում եմ պատասխանել, թե այս լռությունն ինչով է պայմանավորված. գուցե այնքան գործ ունեն, որ մեզ չեն հասել, չգիտեմ, բայց լավատես եմ ու կարծում եմ՝ մեր պայքարը կտա իր արդյունքները»,- հույս է հայտնում Բաբայանը:
Սարգիս Բաբայանի շահերը հիշյալ գործի շրջանակներում է ներկայացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում»(նաև՝ ԻԵՄ) իրավապաշտպան կազմակերպեւթյան ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նրա գնահատականով
ակնհայտ է, որ ոստիկանությունը նպատակ է հետապնդել հնարավորինս մեծ վնաս պատճառելով հավաքի մասնակիցներին՝ նոսրացնել նրանց շարքերը, ահաբեկել նրանց և ցրել հավաքը:
Ոստիկանության կողմից իրականացվել է ոչ իրավաչափ և ոչ համաչափ միջամտություն, որի արդյունքում խախտվել են Սարգիս Բաբայանի խաղաղ հավաքի ազատության և խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները: Այդ կապակցությամբ բացի քննվող քրեական գործից, ԻԵՄ-ի փաստաբաններըոստիկանության գործողությունների կապակցությամբ դիմել են նաև ՀՀ վարչական դատարան։ ՀՀ վարչական դատարանում գործի քննությանարդյունքներով պայմանավորված անհրաժեշտության դեպքում կդիմեն նաևՄարդու իրավունքների եվրոպական դատարան:
