«Սասնա Ծռեր» խմբի հետ բանակցությունների անհրաժեշտության և խմբի անդամներին ու նրանց հետ գտնվող ոստիկաններին սննդով և ջրով ապահովելու վերաբերյալ
Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նույն օրը մի խումբ անձինք գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, ինչի արդյունքում պատանդ են վերցրել մի քանի ոստիկանի:
Խումբը, որն իրեն կոչում է «Սասնա Ծռեր», առաջ է քաշել որոշ պահանջներ, որոնց թվին են պատկանում ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարականը, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ամիսներ առաջ շինծու մեղադրանքներով անարդար դատաքննությունների արդյունքում քաղաքական շարժառիթներով ազատազրկման դատապարտված մի շարք անձանց, այդ թվում` Շանթ Հարությունյանի ու իր ընկերների, Գևորգ Սաֆարյանի, Հայկ Կյուրեղյանի և այլնի ազատումը:
ԱԱԾ—ի նույն օրվա և հետագա հաղորդագրություններից և«Սասնա Ծռեր» խմբի կողմից տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներից տեղեկացել ենք, որ ընթանում են բանակցություններ ՊՊԾ—ի գնդի տարածքը գրաված խմբի հետ, սակայն երեկ, 20.07.2016թ. խմբի անդամների` հարցազրույցներից պարզ է դառնում, որ բանակցություններ չեն ընթանում, իսկ իշխանությունը դադարեցրել է նրանց սննդի մատակարարումը:
20.07.2016թ. Խորենացի փողոցում, այն հատվածում, որտեղ կազմվել է ոստիկանական պատնեշ, որի նպատակն է ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի մեկուսացումը ժողովրդից, հավաքվել են մարդիկ` փորձելով համոզել ոստիկանությանը թույլ տալ սնունդ հասցնել տարածքի ներսում գտնվող խմբի անդամներին, ինչը նրանց թույլ չի տրել:
21.07.2016թ. խմբի անդամեր Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի` լրատվամիջոցներին տված հարցազրույցներից պարզ է դառնում, որ երկրորդ օրն է, ինչ դադարեցվել է սննդի մատակարարումը խմբին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի ԱԱԾ—ի նույնաբնույթ ձևակերպումներ ունեցող հաղորդագություններից, չկա որևէ իրավասու պաշտոնատար անձի հայտարարություն այն մասին, որ իրականում բանակցությունները շարունակվում են, ինչպես նաև այն, որ խումբը փաստացի պաշարված է իրավապահ մարմինների ուժերի կողմից և խմբի անդամները զրկած են ինքնուրույնաբար կամ այլոց օգնությամբ իրենց սննդի և ջրի կարիքները հոգալուց` խստիվ դատապարտում ենք իշխանության` որպես բանակցություններով ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու այլընտրանք` խմբի անդամներին քաղցի և ծարավի միջոցով հյուծելով հանձնվել ստիպելու մարտավարությունը:
Հիշեցնում ենք, որ ջրի, սննդի և բուժօգնության մատակարարման դադարեցումը հավասարապես վերաբերվում է նաև ոստիկանության 4 սպաներին, որոնց նման վերաբերմունքի արժանացնելու որևէ հիմնավորում չունեն իշխանությունները:
Եթե իշխանությունը«Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ սննդի, ջրի և մատակարարման դադարեցումը դիտարկում է որպես այդ խմբի նկատմամբ հանձնվելու ուղղությամբ ձեռնարկվող մարտավարական հնարք, ապա ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկաններին նույն վերաբերմունքին արժանացնելով կասկածներ է հարուցում որոշումներ ընդունող պատասխանատու պաշտոնատար անձանց ողջամտության, պրոֆեսիոնալիզմի եւ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկանների կյանքի և առողջության նկատմամբ պատասխանատվության հարցերում՝ կրելով դրա արդյունքում բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Պահանջում ենք անհապաղ ապահովել նրանց անհրաժեշտ քանակի սննդով, ջրով, ծխախոտով և բուժօգնությամբ կամ հնարավորություն ընձեռել այլ անձանց կամ խմբերին դա անելու: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում` իրավապաշտպան ձեռնարկել ակտիվ քայլեր սույն հայտարարությամբ արտահայտված լուծումներն իշխանությանը պարտադրելու ուղղությամբ:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

