- 01.11.2017
- Posted by: elauser
- Category: Նորություններ
Դիտորդներն ահազանգում են
ԻԵՄ-ի դիտորդներ Աբգար Քլյանն ու Արուսյակ Ջուլհակյանը հայտնում են, որ ժամը 14։28-ին քննասենյակ են մտել դատական դեպարտամենտի ղեկավարը և այլ ներկայացուցիչներ՝ առանց տարբերանշանի։ Աբգար Քլյանի հարցին, թե ինչ կարգավիճակով են քննասենյակում, վերջիններս պատասխանել են, որ իրենք դատական դեպարտամենտի ներկայացուցիչներն են։ Դիտորդի հարցին, թե ինչու են առանց տարբերանշանի, վերջիններս պատասխանել են, որ դեռ չեն տրամադրել իրենց։ Որոշ ժամանակ անց նրանք հեռացել են քննասենյակից՝ այդպես էլ տարբերանշան չկրելով։
—
Դատավորների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման քննության գրավոր փուլը դիտարկվող մեր դիտորդը հայտնում է, որ ժամը 13։29-ին հայտարարվել է, որ թեստերում վրիպակ կա, և հավակնորդները պետք է քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի փոխարեն հիմք ընդունեն 213-րդը։ Որոշ հավակնորդներ ասել են, որ իրենք արդեն իսկ կատարել և ավարտել են 216-րդ հոդվածի վերաբերյալ իրենց վերլուծությունը։
____
Դատավորների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությունը դիտարկող ԻԵՄ-ի դիտորդներ Տիգրան Եգորյանն ու Արամազդ Կիվիրյանը պահանջել են հավակնորդներին չբաշխված տարբերակներին ծանոթանալու և բաշխված տարբերակների հետ համադրելու հնարավորություն տալ՝ խնդիրների կրկնությունը բացառելու նպատակով։ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Արամ Առաքելյանը նախ բացել է չբաշխված տարբերակների փաթեթներից մեկը, և դրանից հանված տարբերակը համեմատել են բաշխված տարբերակի հետ․ խնդիրները չեն կրկնվել։ Մյուս փաթեթի տարբերակի համեմատության ժամանակ, սակայն, պարզվել է, որ երկրորդ խնդիրը կրկնվում է, այսինքն՝ նույնն է, ինչ բաշխված տարբերակինը։ Սրանից հետո Արամ Առաքելյանը հավաքել է բոլոր տարբերակները և արգելել ծանոթանալ դրանց ու համադրել, ինչի արդյունքում դիտորդներն այդպես էլ չեն կարողացել ծանոթանալ քրեական մասնագիտացման տարբերակներին և համադրել դրանք հավակնորդներին բաշխված տարբերակների հետ։ Առաքելյանը նախ ասել է, որ դիտորդները սխալվում են՝ տարբերակները չեն կրկնվում, ապա ասել է, որ եթե անգամ կրկնվող խնդիրներ կան, դա խախտում չէ։ Առաքելյանը այլ պատճառաբանություններ էլ է բերել՝ ասելով, որ այդ տարբերակները գաղտնի են և պաշտպանված իր հեղինակային իրավունքով, ինքը չի կարող տրամադրել դրանք ծանոթանալու ու համադրելու համար, նույնիսկ դրա իրավունքը չունի։
