ՓՊ-ն մտահոգ է հանգուցյալ «Հաց բերողի» առողջությամբ

Փաստաբանների պալատը մտահոգ է հանգուցյալ «Հաց բերողի» առողջությամբ

Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքն առ այն, որ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերևի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։ Ուշագրավ է, որ Արթուր Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվել է փաստաբանների խումբ, սակայն բողոքն ուղղված է միայն Տիգրան Եգորյանի դեմ։ Դիմող կողմը չի բացատրում սա։

Հուլիսի 11-ին Փաստաբանների պալատում կայացած նիստին Արուսյակ Հայրապետյանը պնդեց իրենց մեղադրանքը և պահանջեց հիմնավորել, թե ինչու Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանը չի դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով փոխել կալանքի ձևը՝ ըստ օրենքի պահանջի։

Դիմող կողմը պնդում է, որ իրենք, իմանալով Արթուր Սարգսյանի հիվանդության մասին, միջնորդությամբ դիմել են Հատուկ քննչական ծառայություն, որի արդյունքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և Արթուր Սարգսյանի կալանքի ձևը փոխվել է։ Թեհիմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՔԾ ուղարկած իրենց միջնորդությունը և ՀՔԾ-ի պատասխանը։