Ճանաչվել է Նվարդ Բիլյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը

2016 թ․հուլիսի 17-ին Նվարդ Բիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, բերման ենթարկելիս էլ նրանից պահանջել են իր հետ վերցնել Կյուրեղյանների տանը հայտնաբերված, սակայն չզննված զինվորական ուսապարկը: Արդյունքում, ոստիկանության բաժնում այդ ուսապարկի խուզարկությամբ հայտնաբերվել է որսորդական դանակ։ Նվարդ Բիլյանին մեղադրանք է առաջադրվել սառը զենք կրելու համար:

Նախաքննության մարմինն ու դատախազությունը անտեսել են այն հանգամանքը, որ չկար որևէ հանգամանք, որը հնարավորություն կտար հայտնաբերված դանակը կապել հենց Բիլյանի անձի հետ, ավելին՝ իրենց իսկ հրահանգով է տիկին Բիլյանը իր հետ տեղափոխել նշված պայուսակը: Նվարդ Բիլյանին նաև չեն պարզաբանել մեղադրանքի էությունը և հնարավորություն չեն տվել ցուցմունք տալ իրեն առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու համար:

2016 թ․ օգոստոսի մեկին, դատախազությունը որոշում է կայացրել Ն․Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին՝ գործած արարքի նվազ կարևորության հիմքով, ինչը անձին արդարացնող հիմք չէ։

Բիլյանի պաշտպան փաստաբան David Gyurjyan-ը բողոքարկել է այս որոշումը դատարան՝ համարելով, որ գործը կարճվել է սխալ հիմքով, այնինչ Նվարդ Բիլյանը պետք է արդարացվեր իրեն մեղսագրվող արարքին առնչություն չունենալու հիմքով։ 20.12.2016թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է բողոքը և ճանաչել Նվարդ Բիլյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը և այն վերացնելու՝ վարույթն իրականացրած մարմնի պարտականությունը։

Օրերս վերաքննիչ քրեական դատարանը ևս մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը։