Site icon ELA

Ելենա Օվսյանիկովայի հայցը մերժվեց

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ, հրապարակեց Ելենա Օվսյանիկովայի քաղաքացիական գործով վճիռը՝ ամբողջությամբ մերժելով Օվսյանիկովայի հայցը: Վճռին մանրամասն կանդրադառնանք հետագայում, իսկ մինչ այդ ստորև կարող եք ծանոթանալ գործի` շուրջ մեկ տարի տևած քննության կարևոր դրվագներին:

Հիշեցնենք, որ Ելենա Օվսյանիկովան հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել պատասխանողներին հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իրենց (ոստիկանության դեպքում՝ իր պաշտոնատար անձանց) տարածած՝ իրականությանը չհամապատասխանող և Օվսյանիկովայի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պարտավորեցնել Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին և Էդմոն Մարուքյանին իրենց արտահայտություններով պատճառած բարոյական վնասի համար վճարել փոխհատուցում:

2015 թ. հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած ակցիաների ընթացքում այս գործով պատասխանողները վիրավորել և զրպարտել են Ելենա Օվսյանիկովային, որը հունիսի 23-ի` քաղաքացիների հանդեպ բռնություններից հետո փորձել է խոսել ոստիկանների հետ, համոզել ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Օվսյանիկովային անվանել է սադրիչ, ինչպես նաև ասել է, որ իր ոստիկանները սեռապես անբավարարված են, իսկ նա գնում-գալիս է այնտեղ:

Դատաքննության ընթացքում ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանն ասել է, որ ինքը նայել է Էդվարդ Աղայանի բացատրական բառարանը, և եթե անգամ սադրիչ բառը մի թեթև բացասական երանգ ունի, այն չի կարող հոգեկան տառապանք առաջացնել: Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի մյուս արտահայտությանը, ապա Հ. Քոչարյանը հերքել է այն: Ելենա Օվսյանիկովայի ներկայացուցիչներն, այնինչ, դատաքննության ընթացքում ներկայացրել են ապացույցներ, որոնցից մեկում Թևան Պողոսյանը (վերջինս ևս եղել է Բաղրամյան պողոտայում և առաջարկել է Օվսյանիկովային հեռանալ ոստիկանների և ցուցարարների միջև առկա բարիկադների հատվածից) հարցազրույցում ասում է, որ Հ. Պողոսյանն ասել է, որ իր ոստիկանները սեռապես բավարարված են, ոչ թե հակառակը, իսկ մյուսն արտատպվածք է Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից, որում նա գրել է, որ «սպաներից մեկը բարկացած, հայհոյեց ու ասեց մյուս անգամ եթե մոտենա զորքին,նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս տղաները դրա կարիքը ունեն»:

Ըստ Օվսյաննիկովայի ներկայացուցիչիների` Մալյանը նկատի է ունեցել Հունան Պողոսյանին, իսկ Թևան Պողոսյանի ասածը հաստատում է, որ փոխոստիկանապետն ասել է նման բան, և կարևոր չէ` ասել է բավարարված թե անբավարարված, քանի որ երկուսն էլ վիրավորական են, թեպետ հավանաբար Թևան Պողոսյանը այդպիսով փորձել է ցույց տալ, որ Հունան Պողոսյանը չի ասել անբավարարված:

Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով անդրադարձել է Ելենա Օվսյաննիկովային` նրան անվանելով ուկրաինացի սադրիչ, պրոֆեսիոնալ խառնակիչ, միջազգային գործակալ, որն անգամ վերապատրաստվել է Թուրքիայում և Սիրիայում: Կարևոր է այն, որ Մալյանի այս գրառումները տարածվել են մի շարք լրատվամիջոցներում,  ինչի արդյունքում տարբեր մարդիկ Ե. Օվսյանիկովայի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող բովանդակությամբ նամակներ գրեն Ելենա Օվսյանիկովային: Չնայած այս ամենին՝ Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն դատաքննության ընթացքում ըստ էության հերքել է, որ Մալյանը նման գրառումներ է արել` ասելով, որ չի հանդիպել դրանց նրա ֆեյսբուքյան էջում, այնինչ Մալյանը շարունակել է նման գրառումներ կատարել անգամ դատաքննության ընթացքում: Դրանցից վերջինին` հրապարակված 2016 թ. հոկտեմբերի 18-ին, Տիգրան Եգորյանն անդրադարձավ վերջին դատական նիստի ընթացքում` ասելով, որ այն ցույց է տալիս Մալյանի վիրավորանքների շարունակականությունը և այն, որ վերջինս թիրախավորել է Օվսյանիկովային. «Մենք ևս մեկ անգամ սրա հիման վրա ուզում ենք շեշտել Ելենա Օվսյանիկովայի դատական պաշտպանության անհրաժեշտությունը և ցուցանել, որ առանց դրա Ելենա Օվսյանիկովան անընդհատ և շարունակաբար Նարեկ Մալյանի կողմից ենթարկվում է թիրախավորված և շեշտադրված հետապնդումների»:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա մեղադրել է Ելենա Օվսյանիկովային հարբած լինելու և սադրանք իրականացնելու մեջ` ասելով, որ նրա մասնակցությամբ սադրանք է եղել, որը կանխվել է, ինչպես նաև`նրա վրայից ալկոհոլի հոտ էր փչում: Հետագայում` դատավարության ընթացքում, Մարուքյանի փաստաբան Արթուր Սուքիասյանն ասում էր, որսադրանքասելով` Մարուքյանը նկատի է ունեցելտեղ, երևույթ, ոչ թե կոնկրետ անձի, իսկ ալկոհոլի հոտը կարող էր այլ պատճառներով էլ գալ: Ըստ Օվսյանիկովայի փաստաբանների` Մարուքյանը չէր կարող չգիտակցել, որ նման արտահայտությունները արատավորող բնույթ ունեն:

Վերջին դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտեց դեռևս չհետազոտված ապացույցները, մասնավորապես` Ն. Մալյանի և Է. Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումները, ինչպես նաև Թևան Պողոսյանի`civelnet.am  լրատվամիջոցին տվածհարցազրույցը, որի պատկերը նախորդ դատական նիստին տեխնիկական պատճառներով չէր երևում, ինչի պատճառով էլ Օվսյանիկովայի ներկայացուցիչներն այն ներկայացրին համապատասխան ֆորմատով:

Ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանի կարծիքով` ապացույցը չպիտի ընդունվեր, քանի որ, ըստ վերջինիս, այն ձայնագրություն է, իրենք տարբեր համակարգիչներով չեն կարողացել բացել այն, այնինչ, ինչպես նշեց Տ. Եգորյանը, իրենք ներկայացնում են նույն տեսանյութը` ուղղակի համապատասխան ֆորմատով: Դատարանն ընդունեց ապացույցը:

Դատավորի հարցին, թե կա՞ն հաշտության նախադրյալներ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ եթե պատասխանողները ներողություն խնդրեին, թեկուզ` ոչ հրապարակային, իրենք պատրաստ կլինեին քննարկել հաշտության տարբերակներ. «Ավելին, նույնիսկ կարծում եմ, որ որևէ փոխհատուցման խնդիր էլ չէր բարձրացնի Ելենա Օվսյանիկովան: Չէր լինի այն շարունակական վիրավորանքը, որը հիմա է առկա: Այդ հարցը կլուծվեր լրիվ այլ մակարդակով: Դրանից կշահեր թե’ ՀՀ-ն, թե’ առանձին պատասխանողներից յուրաքանչյուրի հեղինակությունը, թե’ մարդու իրավունքների իրացումը ՀՀ-ում: Օվսյանիկովայի ներկայացուցիչը ցավալի է համարել այն, որ այս գիտակցությունը չի դրսևորվում ո’չ ոստիկանության, ո’չ ոստիկանության պաշտոնյաների, ո’չ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից. «Եթե այս ամենը հնարավոր է գիտակցել և հնարավոր է թեկուզ այս պահին հանգեցնի իմ կողմից վկայակոչված գործողությունների, ապա մենք պատրաստ ենք քննարկել հաշտության տարբերակը և պատրաստ ենք, ըստ երևույթին, ընդունել մեր կողմից վկայակոչված գործողությունները որպես այս հարցի լուծման հնարավոր տարբերակ»:

Ի պատասխան Եգորյանի խոսքի, սակայն, նիստին ներկա պատասխանողները` ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանը և Մարուքյանի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանը, բացառեցին հաշտության հնարավորությունը, ինչը հաստատում է Օվսյանիկովայի ներկայացուցիչների այն կարծիքը, որ պատասխանողներն այդ արտահայտություններն արել են գիտակցված:
Ի դեպ, մարտի 29-ի դատական նիստի ընթացքում դատավոր Հովիկ Շահնազարյանն արգելեց դատական նիստերի տեսաձայնագրումը, քանի որ պատասխանողները դեմ էին դրան:

Exit mobile version