Այսօր` ժամը 15:30, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն` ք. Մասիս, Հերացու 26/37) «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի քաղաքացիական գործով նշանակված է դատական նիստ: Սեպտեմբերի 29-ի դատական նիստի ընթացքում հկ-ների ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին: Ուշագրավն այն է, որ առանց միջնորդությանը պատշաճ ծանոթանալու` դատավորը միանգամից հրապարակել է թե’ միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու օրը, թե’ հաջորդ դատական նիստի օրը, ինչն արդեն նշանակում է, որ դատավորը որոշել է մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հկ-ները հայց են ներկայացրել արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ վերջինս արատավորել է իրենց գործարար համբավը, և պահանջել հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:
Նախապատմությունն այն է, որ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները, Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»:
Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային է (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:
Թովմասյանի դեմ հայց ներկայացրած կազմակերպություններն արդեն տևական ժամանակ է, ինչ դիտարկում են ՀՀ-ում ընթացող ընտրությունները:

