Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում երեկ ՏԻՄ ընտրություններ էին: 317 համայնքներից 237 համայնք ընտրում էր համայնքի ղեկավար: Մի քանի կազմակերպություններ և կուսակցություններ ընտրատեղամասերում ներկայացուցիչներ էին ապահովել՝ ընտրախախտումները կանխելու նպատակով:
«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները համարում է վերջին տարիներին կայացած ամենաակտիվ ՏԻՄ ընտրությունը:
Նրա դիտարկմամբ՝ դրանք հատկապես աչքի են ընկել չափազանց մեծ թվով ընտրախախտումներով: Դա պայմանավորում է այն հանգամանքով, որ իշխանական ներկայացուցիչների համար ՏԻՄ ընտրությունները միայն տեղական նշանակության չեն ընկալվում. «Ըստ երևույթին, սրանով հաստատվում է, որ տեղական մարմինների վրա է հենվելու ապագա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ այդ տարածքային, վարչական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով իշխանության քվեների ապահվման մեխանիզմը»:
Իրավաբանի համար նաև ՏԻՄ ընտրությունները աննախադեպ էին այլ անձանց փոխարեն քվեարկելու հանգամանքով: Իրավախորհրդատուն նաև դժգոհ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքից:
