Ս.թ. հուլիսի 26-ին, առավոտյան ՊՊԾ գնդում վիրավորված` «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի ընկեր Վահագն Ադամյանը դիմել է մեր գրասենյակ Աշոտ Պետրոսյանի համար իրավաբանական օգնություն հայցելու նպատակով: Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեր խնդրանքով գնացել է «Էրեբունի» բժկական կենտրոն, հանդիպել Աշոտ Պետրոսյանի զավակների` Տաթևիկ և Գարուշ Պետրոսյանների հետ, որոնց դիմումով էլ ցանկացել է իրականացնել վերջիններիս հոր շահերի պաշտպանությունը: Բժշկական անձնակազմի համապատասխան ներկայացուցիչները նշել են, որ որևէ խոչընդոտ չեն տեսնում, հնարավոր է հանդիպել վերջինիս հետ, սակայն անվտանգության աշխատակիցը, փաստաբանին թույլ չի տվել մուտք գործել հիվանդասենյակ և հանդիպել Աշոտ Պետրոսյանին: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ որպես պաշտպան ներգրավված է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը, որին, ի տարբերություն Արայիկ Պապիկյանի, տարօրինակորեն հաջողվել է մտնել հիվանդասենյակ և հանդիպել Աշոտ Պետրոսյանին: Քանի որ Աշոտ Պետրոսյանին թույլ չի տրվել կապի մեջ մտնել իր զավակների հետ, նա փաստորեն որևէ կերպ չի տեղեկացել, որ ինքն ունի իր զավակների կողմից ընտրված պաշտպան` արդյունքում զրկվելով իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքից: Ըստ Տաթևիկ Պետրոսյանի` իրենք գիտեին հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունների մասին և չեն դիմել դրան, իրավիճակին ծանոթ լինելու և ինֆորմացիա ունենալու դեպքում իրենց հայրը ևս չէր ընդունի հանրային պաշտպանի ծառայությունները: Դրանից հետո` ժամը 17:55-ի սահմաններում, փաստաբան Արայիկ Պապիկյանին հաջողվել է ճշտել, որ քրեական գործի վարույթն իրականացվում է ԱԱԾ—ում, զանգահարել է ԱԱԾ, որպեսզի դիմում մուտքագրի առ այն, որ Աշոտ Պետրոսյանի որդին լիազորում է իրեն և փաստաբան Հայարփի Սարգսյանին ներկայացնել իր հոր շահերը հարուցված քրեական գործի շրջանակներում: Արայիկ Պապիկյանին հայտնել են, որ նա դիմումը կարող է մուտքագրել մինչև ժամը 18:00-ն, այնինչ այդ ժամանակ Արայիկ Պապիկյանն օբյեկտիվորեն չէր կարող 5 րոպեի ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հասնել ԱԱԾ: Մինչև 18:00-ը դիմումը մուտք անելու անհնարինության մասին փաստաբանի նկատառմանն ի պատասխան` ասել են, որ այլ տարբերակ չկա:
Ըստ Արայիկ Պապիկյանի տեղեկությունների` ժամը 18:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է եղել Աշոտ Պետրոսյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ դատական նիստ, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները կարող էին այդ դիմումը գոնե ընդունել դատարանում: Արայիկ Պապիկյանի օգնականի զանգին ի պատասխան` Կենտրոն և Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հրաժարվել են հայտնել նշանակված նիստի ժամը` ասելով, որ իրենց աշխատանքային ժամն ավարտել է: Այս իրողությունների մասին ահազանգ ենք ներկայացրել ՄԻՊ գրասենյակ:
Դատարան գնացած Արայիկ Պապիկյանը և Հայարփի Սարգսյանը փաստորեն այդպես էլ չեն կարողացել որևէ քայլ անել Աշոտ Պետրոսյանի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ քանի որ քննիչի համապատասխան միջնորդության քննությունն արդեն ավարտված է եղել: Այնուհետև փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Հայարփի Սարգսյանը գնացել են ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի մոտ` պարզելու, թե ինչ լուծում կարող են տալ իրենց վստահորդի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցին: Այստեղ նրանք կարողացել են հեռախոսազրույց ունենալ քննիչ Ա. Խալաթյանի հետ, որի առաջարկով էլ անհրաժեշտ փաստաթղթերը թողել են հերթապահների /պարեկների/ մոտ: Փաստաբաններին ասել են, որ իրենց հարցին լուծում կտրվի վաղը: Փաստորեն այսպես նրանք ևս մեկ անգամ կորցրել են իրենց վստահորդի հետ հանդիպելու, իրավաբանական օգնություն տրամադրելու, վերջինիս իրավիճակի մասին որևէ տեղեկություն ունենալու և համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը մինչև ժամը 20.00-ի սահմանները չէր պատասխանում ո‘չ իր, ո‘չ փաստաբան Հայարփի Սարգսյանի, ոչ էլ Գարուշ և Տաթևիկ Պետրոսյանների զանգերին` այդպիսով որևէ տեղեկություն չտալով Աշոտ Պետրոսյանի մասին: Երբ հանրային պաշտպանի հետ հաջողվեց կապ հաստատել, արդեն պարզվեց, որ Աշոտ Պետրոսյանն այլևս «Էրեբունի» բժշկական կենտրոնում չէ:
Այս համատեքստում բնավ էլ զարմանալի չէ, որ ՊՊԾ գնդի տարածքում այսօր վիրավորված մյուս քաղաքացու` Հովհաննես Հարությունյանի պաշտպան է ներգրավվել հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ վերջինս նախկին քննիչ է և Մարտի 1-ի գործով քննչական խմբի անդամև ոչ այնքան վաղ անցյալում դատարանում փորձում էր ներկայացնել Վ. Գասպարիին` հակառակ վերջինիս կամքի: Որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես են հիշյալ հանրային պաշտպանները հայտնվել սույն քրեական գործում:
Առնվազն կասկածելի է, թե ինչ արժեք ունի իշխանությունը ներկայացնող մարմինների կոչը զինյալ խմբի անդամներին զենքերը վայր դնելու և արդարադատությանը հանձնվելու մասին, այն դեպքում, երբ միտումնավոր նույնիսկ չեն ապահովում վերջիններիս իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքները:
Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շուտափույթ միջոցներ ձեռնարկի` ապահովելու Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի` իրավունքը կապվելու իրենց ազգականների կամ հարազատների հետ և իրենց ազգականների կողմից հրավիրված պաշտպաններին հանդիպելու իրավունքը և զերծ մնա նրանց զարտուղի ճանապարհներով հրավիրված հանրային պաշտպանի ծառայությունները պարտադրելուց: Պահանջում ենք խմբի մյուս անդամների համար ևս չստեղծել նման խոչընդոտներ և ապահովել նրանց՝ իրենց ընտրությամբ պաշտպան ներգրավելու իրավունքը:
Պահանջում ենք նաև, որ ԱԱԾ—ն շուտափույթ տեղեկություններ հրապարակի քրեական գործի մասին, ներառյալ` քրեական գործի համարը, վարույթ իրականացնող մարմնի անունը, գործը վարող քննիչի կամ քննչական խմբի ղեկավարի անունը և այլ տեղեկություններ` հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին սույն գործի շրջանակներում ստանալու իրենց ազգականների կողմից հրավիրված փաստաբանների կամ իրենց կողմից ընտրված փաստաբանների հետ հանդիպելու և նրանց կողմից իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
