Խախտվել է Արմեն Աբրոյանի հավաքների ազատության իրավունքը

Վաղը` մայիսի 24-ին` ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանում նշանակված է դատական նիստ` 2014 թ. հունիսի 23-ին Սարյան 22ա հասցեում` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարող տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Արմեն Աբրոյանի գործով: Ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` Արմեն Աբրոյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն: Հետագայում` արդեն հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Արմեն Աբրոյանի դեմ` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ի պատասխան այս հայցի` Արմեն Աբրոյանի ներկայացուցիչներ Սերգեյ Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը ՀՀ վարչական դատարան են ներկայացրել հակընդդեմ հայց` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները: Ըստ Արմեն Աբրոյանի ներկայացուցիչների` խախտվել են իրենց վստահորդի ազատ արտահայտելու, հավաքների ազատության, միավորումներ կազմելու և ազատ տեղաշարժվելու իրավունքները: Դատական գործն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում: