Հարգելի լրագրողներ, այսօր` ժամը 18:00-ին, ՀՀ փաստաբանների պալատում (հասցեն`Զաքյան 2), տեղի կունենա հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի նիստ: Վարույթը հարուցվել է փաստաբան Դավիթ Գյուրջյանի դիմումի հիման վրա` վերջինիս նկատմամբ ցուցաբերած վարքագծի պատճառով: Բանն այն է, որ դատական նիստի ընթացքում Ավետիսյանը նստել է պաշտպանական կողմին հատկացված տեղում` ամբաստանյալ Վարդգես Գասպարիի կողքին, իսկ Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը առաջարկել է վերջինիս նստել դահլիճում, մինչև հաստատվի կամ հերքվի նրա կարգավիճակը: Դրան ի պատասխան` Ավետիսյանը Գյուրջյանին ասել է, որ վերջինս շատ փոքր է իրեն նման առաջարկ անելու համար:
Հիշեցնենք, որ Լյուդվիգ Ավետիսյանը ԵՇԴ 0125/01/14 քրեական գործի շրջանակներում (Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Սոնա Մելիքյանի և Դիանա Վարդանյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար) նշանակվել էր Վարդգես Գասպարիի պաշտպան` այն դեպքում, երբ վերջինս չէր հրաժարվել իր պաշտպաններ Դավիթ Գյուրջյանից, Տիգրան Եգորյանից և Լուսինե Հակոբյանից:
Կարգապահական վարույթ հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի դեմ

