- 22.10.2015
- Posted by: elauser
- Category: Այլ, Նորություններ

Այսօր, ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ելենա Օվսյաննիկովայի կողմից ՀՀ ոստիկանության, ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով դատավարությունը:
Օվսյանիկովան ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից, ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանից և պատգամավոր Էդմոն Մարուքյանից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 դրամի չափով, որոնցից 2-ական միլիոն դրամի չափով՝ ոստիկանությունից և դրա բարձրաստիճան պաշտոնյաներից և մեկ միլիոն դրամի չափով պատգամավոր Էդմոն Մարուքյանից:
Այսօր դատական նիստին էին ներկայացել հայցվոր Ելենա Օվսյաննիկովան, հայցվորի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը: Պատասխանող կողմից դատարանում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ Գոռ Հարությունյանը և Նարեկ Սիմոնյանը, Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը: Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը նիստին չէր ներկայացել:
Նիստի ժամանակ պարզվեց, որ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատշաճ ծանուցված չի եղել, քանի որ հայցվորի նշված հասցեով ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել՝ «տեղափոխվել է» մակագրությամբ: Դատավորը Ոստիկանության՝ հենց ոստիկանապետի կողմից լիազորված դատարանում ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյոք Հունան Պողոսյանը եղել է տեղեկացված նիստի մասին, որին ոստիկանության ներկայացուցիչ Գոռ Հարությունյանը պատասխանեց, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի, սակայն շտապեց միջնորդել, որ դատական նիստը հետաձգվի՝ կողմի պատշաճ ծանուցված չլինելու պատճառով: Դատավորը բավարարեց այս միջնորդությունը և խնդրեց ոստիկանության ներկայացուցչին դատարանին ներկայացնել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նոր հասցեն:
Այսօր լրագրողներին հարցազրույց տալիս Օվսյաննիկովայի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը նշեցին, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դատարանին է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որտեղ վերջինս փորձել է խուսանավել՝ մեկնաբանելով և այլ լույսի ներքո ներկայացնելով իր կողմից Օվսյաննիկովայի հասցեին արված արտահայտությունները (ավելի մանրամասն տե՛ս այստեղ): Մասնավորապես, պատգամավոր Մարուքյանի կողմից ուղարկված պատասխանում ասված է հետևյալը.
«… Ֆեյսբուք սոցիալական ցանցում Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել այն մասին, որ մոտիկից Ելենա Օվսյաննիկովայի վրայից շատ ուժեղ ալկոհոլի հոտ է փչել, ոչ թե գրել է, որ Ելենա Օվսյաննիկովան եղել է հարբած: Ալկոհոլի հոտի և հարբած լինելու վերաբերյալ վերը նշված խեղաթյուրումը հավանաբար նպատակ է հետապնդում արհեստականորեն ստեղծել տպավորություն, որ Էդմոն Մարուքյանը զրպարտել է հայցվորին, վերջինիս անձի վերաբերյալ հայտնել է իրականությանը չհամապատասխանող և վիրավորական արտահայտություններ: Այնինչ, Էդմոն Մարուքյանը հայցվորի անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել, վերջինիս «հարբեցող» կամ «հարբած» չի անվանել: Էդմոն Մարուքյանի կողմից կատարված գրառումն ընդհամենը վերաբերվել է ալկոհոլի հոտին, որն այդ պահին զգացվել է: Ալկոհոլի հոտի առկայության վերաբերյալ Էդմոն Մարուքյանի կողմից կատարված արտահայտությունը չի կարող նույնացվել Ելենա Օվսյաննիկովայի մասին բացասական արտահայտություն կատարելու հետ, քանի որ ալկոհոլի հոտը կարող է զգացվել ոչ միայն հարբած լինելու պատճառով, այլև այլ պատճառներով, որոնք տվյալ պարագայում անհնար է բացահայտել: Օրինակ՝ ցուցարարների հոծ բազմության մեջ, որտեղ կանգնած էր նաև հայցվորը, հնարավոր է մեկ այլ անձ է ալկոհոլային խմիչք օգտագործած եղել, որի պատճառով ալկոհոլի հոտ է զգացվել այն կողմից, որտեղ գտնվել է հայցվորը: Այսինքն, ալկոհոլային հոտի առկայությունն առհասարակ կարող էր պայմանավորված լինել այլ անձի կողմից ալկոհոլային խմիչք օգտագործած լինելու հետ, պարզապես նույն ուժգնությամբ զգացվեր ալկոհոլային խմիչք օգտագործած անձին մոտ կանգնած Օվսյաննիկովայի վրայից:
…
Բացի դրանից, Էդմոն Մարուքյանի պատասխանում նշված է, որ նա իր ֆեյսբուքյան էջում ոչ թե գրել է, որ սադրանք է կանխել, այլ գրել է. «Մի թեթև պրովոկացիա, որը կանխվեց»:
…
«Մի թեթև պրովոկացիա, որը կանխվեց » վերնագրի տակ Էդմոն Մարուքյանի գրառումը, – ըստ նրա ներկայացուցչի, – վերաբերում է ոչ թե հայցվորի անձին կամ նրա կատարած գործողությունների գնահատմանը, այլ խոսվում է տեղի մասին: Էդմոն Մարուքյանը նկատի է ունեցել կոնկրետ իրավիճակը, պահը և վայրը, որտեղ հայտնվել է հայցվորը…»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին, ժամը՝ 11:30-ին: