Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Բերման է ենթարկվել «Իրավունքի Եվրոպայի» ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը

Քիչ առաջ Տիգրան Եգորյանը Իրավաբան.նեթին հեռախոսով հայտնել է հետևյալը. «Նախ բախում չի եղել, բոլորը հանգիստ կանգնած էին, երբ ոստիկանները մտան մայթ ու սկսեցին մարդկանց ձերբակալել: Անսպասելի էր, ինձ էլ գրկեցին, տարան-գցեցին մեքենան՝ առանց որևէ բացատրության, պատճառաբանության»:
Ըստ Իրավաբան.նեթի ոստիկանության ներկայացուցիչը, ով ներկայացել է որպես մայոր Կարապետյան, Եգորյանին հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել երթևեկությանը խոչընդոտելու համար: Սակայն 1in.am կայքի ուղիղ հեռարձակվող տեսանյութից հստակ երևում էր, որ բերման էին ենթարկվում մայթին կանգնած ցուցարարները: Տիգրան Եգորյանը նույնպես գտնվել է փողոցի ոչ երթևեկելի հատվածում: Ժամը 14:34-ի սահմաններում Եգորյանը Իրավաբան.նեթին հայտնել է, որ գտնվում է առանձին սենյակում, սակայն որևէ քննչական գործողություն դեռևս չի կատարվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիր ոստիկանություն են բերման ենթարկվել «ՈՉ» քաղաքացիական և քաղաքական ճակատի կողմից ժամը 12:00-ին ՀՀ Ազգային Ժողովի առջև հայտարարված խաղաղ ցույցի առնվազն 25 մասնակից, որոնց թվում էին նաև Իրավունքի Եվրոպա միավորում իրավապաշտպան կազմակերպության իրավաբաններ Տիգրան Եգորյանը, Սերգեյ Գրիգորյանը և Արսեն Շահբազյանը: Ոստիկանական բաժանմունքում գտնվող ԻԵՄ փաստաբաններն այս պահին փորձում են տեսակցել բերման ենթարկվածների հետ, սակայն ժամը 15:08-ի դրությամբ ցուցարարներին իրավաբանական օգնության տրամադրումը խոչընդոտվում է:

Exit mobile version