ԻԵՄ-ն ընդդեմ պետական մարմինների. առաջին դատական ակտն արդեն ընդունված է

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից վարչական տարբեր մարմինների դեմ ներկայացված հայցերն արդեն սկսել են հանգուցալուծում ստանալ:

2015թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցած տարվա վերջին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ ներկայացրած հայցը՝ վերահաստատելով ՀՀ քաղաքացու հանրային մարմնի նկատմամբ սահմանադրությամբ ամրագրված հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավունքը:

ԻԵՄ-ի կողմից ընդդեմ վարչական մարմինների ներկայացված հայցերի շարքում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ դատախազության, ՀՀ արդարադատության նախարարորթյան ու ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացվածները:  Նպատակը մեկն է. վարչական մարմիններին հետևողականորեն պարտադրել գործելու արդյունավետ՝ բացառապես ի շահ ՀՀ քաղաքացու:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ)՝  պահանջելով ամբողջությամբ վերացնել ՔԾԽ թիվ 1074-Ա որոշումը և վերջինիս պարտավորեցնել ընդունելու բարենպաստ վարչական ակտ, դիտորդներին հասանելի դարձնել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցող թեկնածուների անձնական գործերը՝ թույլատրել դրանց պատճենահանումն ու լուսանկարահանումը, թույլատրել դիտորդներին իրականացնել մրցույթի ձայնագրություն և տեսանկարահանում:

18.11.2014թ. ընդունված այս որոշմամբ Խորհուրդը ՀԿ-ին արգելել էր դիտարկել ՔԾԽ-ի կողմից անցկացվող քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները:  Այդ մրցույթները դիտարկելու նպատակով դիմումը ՀԿ-ն ներկայացրել էր դեռևս 2014թ. սեպտեմբերի 3-ին, և բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2014թ. սեպտեմբեր ամսից մինչև 2015թ. մարտ ամիսը ներառյալ իրականացնել դիտորդություն: 18.11.2014թ., երկու ամիս շարունակ ԻԵՄ-ին քաղաքացիական ծառայության  թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները  դիտարկելու հնարավորություն ընձեռելուց հետո, ՔԾԽ-ն իր թիվ 1074-Ա որոշմամբ մերժել էր ԻԵՄ-ի նույն թվականի սեպտեմբերի 3-ին ներկայացված դիմումը, իսկ ՀԿ-ի ներկայացուցիչներին այլևս արգելել էր մուտք գործել մրցույթների անցկացման դահլիճ:

Այս որոշումը ՔԾԽ-ն հիմնավորել  էր Քաղաքացիական ծառայության օրենքի 37-րդ հոդվածի ”ժա” կետով և Խորհրդի 2002թ.-ին ընդունված  N 3 որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետով՝ համարելով, որ օրենքի այս դրույթի ներքո իրավասու է մերժելու ՀԿ-ի կողմի ներկայացված մրցույթի դիտարկման դիմումն այն պատճառաբանությամբ, որ ՀԿ-ի անդամները չեն ենթարկվում իրենց կողմից առաջ քաշված պայմաններին, այն է՝ չեն դադարեցնում ձայնագրառումը և պահանջում են մասնակիցների՝ մրցույթի համար  ներկայացված փաստաթղթերը՝ լուսանկարելու պայմանով, ինչը ՔԾԽ-ն հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ ներառված են անձնական տվյալներ, որոնք պաշտպանված են ՀՀ անհատական տվյալների մասին օրենքով:  Բացի այդ, ըստ ՔԾԽ-ի՝ մրցույթի ժամանակ դիտորդները աղմկում են, խանգարում են մրցույթի ընթացքին, ինչն էլ իրենց իրավունք է տալիս արգելելու ԻԵՄ-ի դիտորդների մուտքը մրցույթների անցկացման սրահ:

Խորհրդի դեմ հայց ներկայացրած իրավապաշտպան ՀԿ-ն նշում է, որ դիտորդության իրականացումը մերժելով՝ ՔԾԽ-ն խախտել է ժողովրդավարական հասարակության մեջ առանցքային հանդիսացող մի շարք սկզբունքներ և իրավունքներ՝ ամրագրված ՀՀ սահմանադրությամբ (5-րդ, 27-րդ, 27.1-ին, և 42-րդ հոդվածներով ամրագրված դրույթները), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (այսուհետ նաև Կոնվենցիա) և ՀՀ օրենքներով, մասնավորապես՝ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի, Քաղաքացիական ծառայության, Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքների դրույթները, որոնց մասին ավելի մանրամասն ներկայացված էր հայցադիմումում:

Դատարանն իր հերթին հաստատել է ՀԿ-ի դիտորդություն իրականացնելու սահմանափակման ոչ իրավաչափ լինելը:  Այդուհանդերձ, այն չի կարող որակվել որպես Վարչական դատարանի կողմից դատարանների անկախությունը փաստող և իշխանությունների տարանջատման սկզբունքի փայլուն օրինակ:  Ժողովրդի իշխանության կարևորագույն սկզբունքը վերահաստատող այս վճիռը կարող էր համարվել կարևոր ձեռքբերում, եթե դատարանը քննության առներ հայցում ներկայացված բոլոր պահանջները և, փաստացիորեն ճանաչելով ՔԾԽ-ի կողմից ընդունված որոշման անօրինականությունը,  չխուսափեր գործադիրի կողմից իրավական ակտն ամբողջությամբ վերացնելու վերաբերյալ իրավապաշտպան ՀԿ-ի  պահանջը բավարերելուց:

 

Ահա դատարանի վճռի ամփոփ ներկայացումը

Նախևառաջ, ուշագրավ է, որ դատարանը ՔԾԽ-ի կողմից ՀԿ-ին հավատարմագրի տրամադրումը որակել է որպես «իրավունքի իրացման համար անհրաժեշտ ձևական բաղադրիչ», քանի որ ըստ վերջինիս՝ «նշված կարգավիճակով մրցութային աշխատանքներին մասնակցելու իրավունքը սահմանված է օրենքով», այսինքն՝ ՔԾԽ-ն չունի այն մերժելու հայեցողություն:

Վճռի հիմքում սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ վարչական մարմինները իրավասու են գործելու բացառապես օրենքներով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական ակտերով սահմանված լիազորությունների շրջանակում:  Իսկ ”Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված է հասարակական միավորումների ներկայացուցիչների կողմից մրցույթին և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին դիտորդի կարգավիճակով մասնակցելու հնարավարությունը, որի իրավունքից զրկելու լիազորությամբ ՔԾԽ-ն օժտված չէ, ուստի, 18.11.2014թ. ընդունելով  թիվ 1074-Ա որոշումը, վերջինս խախտել է օրինականության սկզբունքը:

Խորհրդի որոշման հիմքում ընկած մրցութային հանձնաժողովի աշխատանքներին «խոչընդոտելու» կամ «միջամտելու» փաստարկների առնչությամբ դատարանը գտել է, «նման փաստական հանգամանքները չէին կարող հիմք հանդիսանալ հայցվորին՝ 2014 թ. սեպտեմբեր ամսից մինչև 2015 թ. մարտ ամիսը ներառյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների կազմակերպման աշխատանքներին որպես դիտորդ մասնակցելու իրավունքից ընդհանրապես զրկելու համար»:

Սակայն, մտահոգիչ է այն, որ դատարանն, այդուհանդերձ, վարչական այս մարմնին կանաչ լույս է տալիս առանձին մրցույթների մակարդակով զանազան պատրվակներով սահմանափակելու այդ իրավունքը՝ նշելով հետևյալը՝ «պատասխանողի վկայակոչած փաստական հանգամանքները, եթե այդպիսիք իրականում տեղ են գտել, հիմք է առանձին մրցույթներին դիտորդների մասնակցությունը սահմանափակելու, այլ ոչ թե դիտորդի իրավունքից ընդհանրապես զրկելու համար»:

Բացի դրանից, դատարանն ընդհանրապես քննության չի առել ԻԵՄ-ի կողմից ներկայացված` մրցույթներին մասնակցող թեկնածուների տվյալները հասանելի դարձնելու վերաբերյալ պահանջը:

Ավելին, այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելով՝ դատարանը խուսափել է բավարարել այն ամբողջությամբ վերացնելու վիճարկման պահանջը՝ նշելով հետևյալը. «դատարանը գտնում է, որ այդ մասով հայցադիմումը ենթակա է մերժման քանի որ տվյալ որոշումը վերաբերում էր կոնկրետ ժամանակահատվածի, որն արդեն ավարտվել է»:

Դատարանը բավարարել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը ՔԾԽ-ից բռնագանձելու` կազմակերպության պահանջը` այն սահմանելով 120.000 դրամ, ինչի արդյունքում այս դատական ակտն ուժի մեջ մտնելու դեպքում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն «Իրավունքի Եվրոպա միավորմանը» պետք է փոխհատուցի այդ գումարը:
ԻԵՄ-ն ընդդեմ ՔԾԽ-ի գործով ՀՀ վարչական դատարանի վճռին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 11-ին, ժամը՝ 12:00-ին: Այս հայցով ՀԿ-ն ԱԳՆ-ին պարտադրում է տրամադրել ԵԽԽՎ-ի կողմից  ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության 2014թ. մրցույթի առնչությամբ որոշ տեղեկատվություն, որի մասին ավելի մանրամասն կներկայացվի շուտով:

            «Արդյունավետ հանրային վերահսկողություն պետական պաշտոնատար անձանց նկատմամբ» ծրագիրն իրականացվում է  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:

Մարիամ Չախոյան

 

 

 

102.

 

26-ը  հունիսի, 2015թ․

ԻԵՄ-ը պատրաստ է իրավաբանական աջակցություն տրամադրել

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ոստիկանների՝ հունիսի 23-ի ապօրինի գործողությունների արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցները ստացել են տարբեր բնույթի և աստիճանի մարմնական վնասվածքներ:

Օրինազանց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով կոչ ենք անում մարմնական վնասվածքներ ստացածբոլոր անձանց դիմել ՀՀ գլխավոր դատախազություն կամ ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ստանալ դատաբժշկի ուղեգիր՝ վնասվածքները պատշաճ կերպով արձանագրելու համար: Սույն գործողությունը պետք է արվի հնարավորինս սեղմ ժամկետում, քանի դեռ վնասվածքներն առկա են:
Հորդորում ենք չթերագնահատել պայքարի նաև այս գործիքը և կարևոր ուղղությունը, որը թեկուզ ոչ անմիջապես, սակայն անպայման արդյունք է տալու ապագայում:

Միացե՛ք նաև ԻԵՄ-ի «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջերին և ներբեռնե՛ք դիմումի ձևերը՝

 

 

103.

 

19-ը հունիսի, 2015թ․

 

Հերքման պահանջ «Ազատություն» ռադիոկայանին

 

Հարգելի՛ պարոն Թամրազյան

 

Սույնով պահանջում ենք Ազատություն ռադիոկայանի հունիսի 16-ի  թողարկման  մեջ  տեղ գտած Նանե Սահակյանի  հեղինակությամբ  “Նախկին օմբուդսմենին  երաշխավորել են ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում”  հրապարակման  (http://www.azatutyun.am/content/article/27075726.html) մեջ ապակողմնորոշիչ հետևյալ պարբերության երկրորդ հատվածի առնչությամբ  տպագրել հերքում.

 

“Դիտորդները պնդում էին, թե երկրորդ մրցույթը ևս թափանցիկ չի անցկացվել, ընթացակարգային կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, իսկ արժանի թեկնածուներից մեկի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի անունը այդպես էլ չի հայտնվել Հայաստանի թեկնածուների շարքում”։

 

Քանի որ դիտրոդությամբ հանդես են եկել ընդհամենը երկու կազմակերպություն, իսկ հոդվածում տեղ է գտել միայն “Իրավունքի Եվրոպա միավորում” ԻՀԿ-ի դիտորդ Տիգրան Եգորյանի հետ հարցազրույցի շատ փոքր հատվածը, Ազատության վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած տվյալ արտահայտությունը անմիջականորեն կապվում է  Տիգրան Եգորյանի անվան հետ և տպավորություն է ստեղծվում, թե իբր տվյալ արտահայտությունն արվել է վերջինիս կողմից, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Բացի այդ, հրապարակման մեջ ներկայացված Տիգրան Եգորյանի հարցազրույցի հատվածը թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա արտահայտած դիրքորոշման մասին՝ ստեղծելով նյութում հավասարակշռություն ապահովելու կեղծ պատրանք՝ միևնույն ժամանակ ուշադրությունը սևեռելով Արփինե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից արտահայտած կարծիքների վրա: Սա առավել քան անընդունելի է և անազնիվ Ազատություն ռադիոկայանի հայաստանյան և միջազգային լսարանի նկատմամբ, որը անվերապահորեն հավատում է այս լրատվամիջոցի անկողմնակալությանն ու անկախությանը: Մինդեռ այս նյութն արդեն իսկ ապացուցում է հակառակը:  Եթե այդպես չլիներ, ապա հոդվածագրի ուշադրությունից չէր վրիպի առնվազն այն հանգամանքը, որ Արմեն Հարությունյանը ԵԽԽՎ կոմիտեի կողմից երաշխավորվել է որպես ՄԻԵԴ դատավոր պաշտոնի առավել նախընտրելի թեկնածու՝ դատավոր Լիանա Հակոբյանի նկատմամբ ձայների չնչին մեծամասնությամբ, ինչը նշանակում է, որ Լիանա Հակոբյանից անհամեմատ ավելի “հարուստ” կենսագրություն և փորձ ունեցող Արմեն Հարությունյանի դիրքերն այնքան էլ ամուր չեն, մինչդեռ զեկույցում ներպետական փուլում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի մասին ոչինչ չի նշվում:

 

Նման անհիմն կասկածները ցրելու, ինչպես նաև տվյալ հոդվածում համաչափությունը պահպանելու նպատակով պահանջում ենք, որպեսզի հրապարակվի Տ. Եգորյանի՝ Ազատության լրագրողի հետ ունեցած հարցազրույցի ձայնագրությունն ամբողջությամբ, ինչպես նաև՝ հրապարակված նյութին համազոր միջոցներով հերքվի “իսկ արժանի թեկնածուներից մեկի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի անունը այդպես էլ չի հայտնվել Հայաստանի թեկնածուների շարքում” արտահայտության՝ Տիգրան Եգորյանի կամ Իրավունքի Եվրոպա միավորման որևէ այլ դիտորդի կողմից արված լինելը:

 

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ ԻԵՄ-ը ոչ մի առիթով և որևէ այլ լսարանի առջև չի հայտնել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների մրցույթի որևէ մասնակցի վերաբերյալ իր նախընտրության կամ որևէ հավակնորդի կամ թեկնածուի առավել արժանի լինելու մասին, ինչը հարվածի տակ կդներ ԻԵՄ-ի կողմից ստանձնած դիտորդի առաքելությունը:

 

Միևնույն ժամանակ, թեև մամուլում արդեն առավել հանգամանալից ներկայացվել են ԻԵՄ նախագահի և վերոհիշյալ դիտորդի կողմից արտահայտած ԻԵՄ մեկնաբանությունները ԵԽԽՎ-ի կոմիտեի կողմից ս.թ. հունիսի 10-11-ին տեղի ունեցած հարցազրույցի արդյունքում թեկնածուների մասին արտահայած կարծիքի վերաբերյալ, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հաստատել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության երկու մրցույթների վերաբերյալ ԻԵՄ զեկույցներում (http://ela.am/index.php?route=product/category&path=59_106_105_110 և http://ela.am/image/data/ECtHR%20judge%20candidates/ECtHR-judge-contest-ELA-preliminary%20report-2014-ARM%20(1).pdf ) տեղ գտած  մանրակրկիտ վերլուծությունների և բացահայտումների հիմնավորվածությունը:

 

Հարգանքով՝

 

 

Լուսինե Հակոբյան

ԻԵՄ նախագահ