«Իրավունքի Եվրոպա միավորումը» դատապարտում է ՀՀ ոստիկանության ապօրինի գործելաոճը

Այսօր առավոտյան, ժամը 7.50-ից «Իրավունքի Եվրոպա միավորումը» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` ԻԵՄ) փաստաբանները շարունակաբար ահազանգեր են ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության տարբեր ներկայացուցիչներ մուտք են գործել ՀՀ քաղաքացիների բնակարաններ որոշակի օպերատիվհետախուզական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: Այդ գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես` բնակարանի խուզարկություն իրականացնելու պատճառաբանությամբ ՀՀ ոստիկանության 15 ներկայացուցիչներ մուտք են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի բնակարանը, որը գտնվում է Ղուկասյան 15Ա հասցեում (ք. Գյումրի), առգրավել են նրա և նրա ընտանիքի անդամների բջջային հեռախոսները, թույլ չեն տվել կապվել և խորհրդատվություն ստանալ ԻԵՄի փաստաբաններից: ԻԵՄի դիմումի հիման վրա փաստաբան Հայկ Հարությունյանը ժամանել է Ղուկասյան 15Ա հասցեում գտնվող բնակարանը, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցելու կատարվող գործողությանը:

ԻԵՄն ահազանգ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ, ինչից հետո նշված հասցե է ժամանել ՄԻՊի ներկայացուցիչը, սակայն նրան ևս թույլ չեն տվել մուտք գործել հիշյալ բնակարան` մասնակցելու կատարվող գործողությանը:

Առավոտյան 6.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մեկ այլ խումբ մուտք է գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի բնակարան` այն խուզարկելու նպատակով: Վարուժան Ավետիսյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Նույն ժամանակատվածում նմանատիպ հանգամանքներում բերման են ենթարկվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը:

Մեր տեղեկություններով Պավել Մանուկյանի և Կարո Եղնուկյանի բնակարաններից առգրավվել են համակարգիչներ:

 «Իրավունքի Եվրոպա միավորումը» խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանության այսօրինակ ապօրինի գործելաոճը, կոչ է անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով և չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾի և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը` հարկ ենք համարում նշել, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ` անձանց անմեղության կանխավարկածի խախտում: