2015թ. փետրվարին տեղի ունեցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ զեկույցի եզրափակիչ մասը

՛՛Սույն Զեկույցով, ամփոփելով 2015թ. ընթացքում հայտարարված Մրցույթի արդյունքները, դիտորդներն արձանագրում են, որ.

Այն որևէ դեպքում չի կարող համարվել թափանցիկ՝ հաշվի առնելով սույն Զեկույցում շարադրված դիտարկումները: Հանձնաժողովի կողմից կազմակերպված և ուղղորդված կերպով հանրությունից թաքցվել են բոլոր հավակնորդների և, հատկապես, Թեկնածուների վերաբերյալ` հանրային շահի կենտրոնում գտնվող տեղեկություններ՝ Սահմանադրության 27-րդ և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածների կոպիտ խախտմամբ: Նման տեղեկատվության թաքուն և գաղտնի բնույթը մի կողմից ամրապնդել է հանրության կասկածներն առ այն, որ սույն Մրցույթը հրավիրելու պատճառը ԵԽԽՎ և ԵԽՆԿ պահանջներին միայն ձևականորեն համապատասխանության իմիտացիայի միջոցով արդեն իսկ քաղաքական մակարդակով նախորոշված ցուցակին լեգիտիմություն հաղորդելն է, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին արգելվել է իրականացնել նրանց «հանրային հսկիչի» գործառույթը, ինչի անարդյունավետ իրականացման արդյունքում, փաստորեն, սույն մրցույթում տեղ գտած բոլոր չբացահայտված էական խախտումների բացահայտման պատասխանատվությունը դրվել է միջազգային ատյանների վրա: Մենք վստահ ենք, որ այդ գործառույթը միջազգային ատյաններում արդյունավետորեն իրականացնել հնարավոր չէ, եթե դրա իրականացման տեղական աշխատանքին մասնակից չեն դարձվում ազգային քաղաքացիական հասարակության ինստիտուտները.

Հանձնաժողովը, գործելով վերը նշված հանգամանքների առկայության պայմաններում, ակնհայտորեն եղել է մեկ քաղաքական կուսակցության կողմից վերահսկվող և քաղաքական չեզոքության հնարավորությունից զուրկ մի գործադիր մարմին, որի գործունեությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես քաղաքականապես չեզոք.

Հանձնաժողովի գործողությունները հիմնավոր կասկած են առաջացնում առ այն, որ Թեկնածու Ա.Հարությունյանի նկատմամբ դրսևորվել է առավել ընդգծված բարեհաճություն, անտեսելով նրա վերաբերյալ դիտորդների կողմից հրապարակված տեղեկությունների ստուգման անհրաժեշտությունը, և կատարվել է ամեն հնարավորը ՄԻԵԿ դատավորի ընտրության համար ԵԽԽՎ-ին ներկայացման ենթակա թեկնածուների ցուցակում նրա առաջատարի դիրքն ապահովելու համար.

Թեկնածուներ, պարոն Ա. Ղազարյանը և տիկին Լ. Հակոբյանը Թեկնածուների ցուցակ են ներառվել ակնհայտորեն ապահովելու համար Թեկնածու պարոն Ա. Հարությունյանի ակնհայտ առավելության պատկերը 3 թեկնածուների մեջ՝ նրա ընտրվելու հավանականությունը բարձրացնելու նպատակով.

Վերը նշվածի լույսի ներքո, ԵԽ՝ ՄԻԵԴ դատավորի ընտրության գործընթացում ներգրավված անձանց կոչ ենք անում.

Մանրամասն ուսումնասիրության ենթարկել սույն զեկույցում ներկայացված տեղեկատվությունը, և, հաշվի առնելով Հանձնաժողովի, ինչպես նաև երեք Թեկնածուների կողմից քաղաքացիական հասարակության, ներառյալ նաև՝ դիտորդների հետ թափանցիկ աշխատելու դժկամությունը, հատկապես ուշադրությամբ քննության առնել նրանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը: Մասնավորապես, սույն Զեկույցին մենք կցում ենք 2014թ. մրցույթի ընթացքում Թեկնածուներ Ա.Հարությունյանի և Ա.Ղազարյանի կողմից ներկայացված ինքնակենսագրությունների անգլերեն և հայերեն օրինակները, ինչպես նաև նրանց փորձառության և շարժառիթների մասին հայտարարությունները (Հավելվածներ 1 և 2), որոնք խնդրում ենք համեմատել կառավարության կողմից ԵԽԽՎ ներկայացված կամ ներկայացվելիք փաստաթղթերի հետ՝ հնարավոր տարբերությունների վերհանման և դրանց նկատմամբ բացատրություններ պահանջնելու նպատակով: Մենք հուսով ենք, որ նման տարբերություններ չեն հայտնաբերվի, իսկ եթե դրանք հայտնաբերվեն, ապա պատշաճ բացատրություններ պետք է ներկայացվեն թե միջազգային և թե ներպետական մակարդակում առ այն, թե ինչու են մի նպատակով նեկայացված փաստաթղթերը հետագայում փոփոխվել այլ ատյանի ներկայացնելու համար.

Թեկնածու, տիկին Լ. Հակոբյանի մասով մանրամասն ուսումնասիրության ենթարկել նրա վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը, քանի որ Հայաստանում նման տեղեկատվություն այս Թեկնածուի վերաբերյալ Հանձնաժողովից ստանալ հնարավոր չի եղել.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադարեցնել Մրցույթի ընթացքում ոչ թափանցիկ և գաղտնի գործելաոճը, որը մի կողմից հնարավորություն չի ընձեռում հանրությանը տեղեկացված լինելու նման կարևորագույն խնդրի և ազգային դատավորի թեկնածուների կենսագրության մանրամասների մասին, մյուս կողմից հնարավորություն չի ընձեռում քաղաքացիական հասարակության կառույցներին և ներկայացուցիչներին իրականացնել «հանրային հսկիչի»` իրենց գործառույթն այդ տեղեկատվության ստուգման համար.

Առաջարկել կառավարությանը փոփոխել Հանձնաժողովի կազմման կարգն այն նպատակով, որպեսզի դրանում ներգրավված անձինք մի կողմից ունենան բավարար մասնագիտական և աշխատանքային փորձ՝ նման պատասխանատու աշխատանքի կատարման համար, իսկ մյուս կողմից՝ որպեսզի Հանձնաժողովում ներկայացված լինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հանրության վստահությունը սույն գործընթացի նկատմամբ, ապա և ՄԻԵԴ-ի անկախության և լեգիտիմության նկատմամբ բարձրացնելու համար:՛՛