«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի ընթացքի կապակցությամբ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿի հայտարարությունը ՄԻԵԴում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի ընթացքի կապակցությամբ

Ս.թ. հոկտեմբերի 1-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել դիտարկելու և լուսանկարելու հավակնորդների դիմումների ընդունման գրանցամատյանը, հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ելումուտի գրանցամատյանը: Մենք պատրաստվում ենք հրապարակել այդ փաստաթղթերից շատերը մեր կայքում` հնարավորություն ընձեռելու հասարակությանը ծանոթանալու դրանց և քննարկում ծավալելու հավակնորդների և մրցույթի վերաբերյալ: Ավելի ուշ կհրապարակենք նաև դրանց վերաբերյալ մեր դիտարկումները: Այս պահի դրությամբ հայտնում ենք, որ փաթեթներում առկա չէին դիմումներ մրցույթի առաջին փուլում հավակնորդների անունները չհրապարակելու վերաբերյալ
Ի լրումն սրա` Հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչ Միքայել Մինասյանին խնդրեցինք պարզաբանել հարցազրույցին` ՀԿների և լրատվամիջոցների մասնակցության որոշ կարևոր հարցեր: Մեզ հավաստիացրեցին, որ հարցազրույցի դահլիճում ապահովվելու է հարցազրույցների լսելիությունը բարձրախոսների միջոցով: Նիստերի դահլիճում դիտորդներին թույլատրվելու է կատարել ձայնագրառում, սակայն ոչ` տեսանկարահանում և լուսանկարահանում, ինչի համար նախատեսվել է առանձին սրահ (newsroom): 
Այս փուլում Հանձնաժողովից ակնկալում ենք շուտափույթ պատասխան Հանձնաժողովի անցկացրած նիստերի արձանագրությունները մեզ ծանոթացման տրամադրելու վերաբերյալ: Մինչ այս հարցում Հանձնաժողովի կողմից վերջնական որոշում ընդունելը դիմում ենք, մասնավորապես, Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին` կոչ անելով որպես թափանցիկ ընթացակարգերի պաշտպաններ հրապարակել հանրային կարևորություն ներկայացնող հետևյալ տեղեկությունները Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ
1. Տեղեկություններ այդ նիստերի օրերի, ժամերի և վայրի վերաբերյալ,
2. Տեղեկություններ այդ նիստերի օրակարգային հարցերի վերաբերյալ 
3. Հիշյալ նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ