Դատական համակարգն ԻԵՄ-ի համար եղել է առաջնահերթ բնագավառ սկսած 2014-ից։ ԻԵՄ-ը համոզված է, որ արհեստավարժ կադրերի ներգրավումը Հայաստանի դատական համակարգում մեծապես կբարձրացնի դատարանների անկախությունն ու անաչառությունը:
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ԻԵՄ-ը 2014-ից սկսած մշտադիտարկել է դատավորների թեկնածուների ընտրության և նշանակման ընթացակարգը Հայաստանի դատարաններում։ Դատավորների թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը նախքան 2015թ․ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելն իրականացվում էր երկու փուլով։
Դատավորի պաշտոնի թեկնածության համար դիմումատուները նախ պետք է դիմումի փաթեթ ներկայացնեին, ներառյալ կենսագրությունը (CV)։ Անցնելով այս փուլը՝ նրանք պետք է ՀՀ դատական դեպարտամենտի կողմից կազմված գրավոր թեստերով քննություն հանձնեին։ Թեստը հաջողությամբ անցնելուց հետո՝ դիմումատուները նախկին Արդարադատության խորհրդի կողմից հրավիրվում էին հարցազրույցի։ Գործընթացը, սակայն, բավական խնդրահարույց էր, քանի որ չկային նախատեսված գնահատման օբյեկտիվ չափանիշներ ո՛չ գրավոր թեստերի և ո՛չ էլ հարցազրույցների համար։ Արդարադատության խորհրդի անդամները հաճախ տալիս էին հարցեր, որոնք խտրական էին կանանց հանդեպ, իսկ երբեմն՝ նաև վիրավորական մարդկային արժանապատվության համար։
ԻԵՄ-ի դիտորդներին սովորաբար արգելված էր դիմումների փաթեթների, թեստերի և գնահատումների արդյունքների հասանելիությունն այն աստիճան, որ ԻԵՄ-ը ստիպված էր դիմելու տեղեկատվություն ստանալու և տարածելու իր սահմանդրական իրավունքի դատական պաշտպանության: Հաշվի առնելով ներպետական դատարանների լիարժեք կախվածությունն Արդարադատության խորհրդից, անհնար էր Վարչական դատարանում հասնել ԻԵՄ-ի հայցի բավարարմանը։ ԻԵՄ-ը ստիպված էր դիմել Սահմանադրական դատարան, որը վարույթ ընդունեց ԻԵՄ-ի դիմումը և հրապարակեց որոշում, որով մրցույցի մասին բավարար տեղեկատվություն դիտորդներին չտրամադրելն արգելող համապատասխան դրույթը ճանաչվեց հակասահմանադրական:
ԻԵՄ-ը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առաջին հասարակական կազմակերպությունն էր, որը վերահսկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության մրցույթը (ՄԻԵԴ): Մրցույթն անցկացվեց 2014թ. աշնանը: ԻԵՄ-ի դիտորդները դիտարկեցին գործընթացը և ԻԵՄ-ը հրապարակեց զեկույց` արտացոլելով կազմակերպության մշտադիտարկման արդյունքները։ Ընդ որում՝ զեկույցը տրամադրվեց նաև համապատասխան շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցներին: Հիմնականում հաշվի առնելով ԻԵՄ-ի եզրակացությունները՝ ՀՀ նախագահը ստիպված եղավ 2015թ․ հունվարին չեղարկել առաջին մրցույթի արդյունքները և հայտարարել երկրորդ մրցույթի անցկացման անհրաժեշտության մասին։
ԻԵՄ-ը իրականացրեց նաև երկրորդ մրցույթի մշտադիտարկում և պատրաստեց ևս երկու զեկույց, որոնք հասանելի դարձան շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ԵԽ-ին։
Շնորհիվ ԻԵՄ-ի ջանքերի՝ համապատասխան որակավարում չունեցող մեկ թեկնածուն չներառվեց այն երեք թեկնածուների ցուցակ, որը ներկայացվեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին։
2018թ․ ԻԵՄ-ը շարունակեց դիտարկել բարձրագույն դատական ատյաններում՝ ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարաններում, դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության գործընթացները։
ԻԵՄ-ի ջանքերի շնորհիվ կանխվեց համապատասխան որակավորում չունեցող երկու թեկնածուի՝ որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ԱԺ-ի կողմից ընտրվելու գործընթացը 2018թ․ մայիս և հունիս ամիսներին։ Ի հավելում այս ամենի, ԻԵՄ-ը հաջողությամբ կարողացավ համախմբել քաղաքացիական հանրությանն ու արհեստավարժ իրավաբաններին, որոնք հանդես եկան ՀՀ նախագահին ուղղված կոչով՝ առաջարկելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կազմակերպել խորհրդատվական գործընթացի միջոցով՝ ունենալով գործող փաստաբանների և գիտնականների մասնագիտական կարծիքը, առաջարկ, որն ընդունվեց ՀՀ Նախագահի կողմից։
ԻԵՄ-ը շարունակելու է հետևել Հայաստանում դատավորների ընտրության գործընթացին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց համարժեք և կոմպետենտ հասարակական վերահսկողության, դատական համակարգում անհնար է լինելու արժանիքների վրա հիմնված ընտրական գործընթաց, ինչը կարևոր է, եթե Հայաստանի դատական համակարգը վերափոխվելու, իսկապես մասնագիտական ու անկախ իշխանության ճյուղերից մեկը դառնալու հեռանկար ունի:
Նախորդ մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տեսե՛ք համապատասխան զեկույցները «Թեմատիկ զեկույցներ» բաժնում: