Եթե ՀՀ-ն պահպանի այս տեմպերը, հնարավոր է՝ մինչեւ 2029-ը ԵՄ-ի հետ ունենանք առանց վիզաների ճամփորդելու ռեժիմ․ Լուսինե Հակոբյան

Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության թեմայով։

 

 — Սեպտեմբերի 7-ին Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պավլա Նովոտնան ասաց, որ 2029 թվականը դեռ չի կարելի դիտարկել որպես հաստատված, կամ կոնկրետ ժամկետ Հայաստանի համար վիզաների ազատականացման հարցում։ Միեւնույն ժամանակ նշվել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ քննարկումներ է վարում տարբեր ուղղություններով, բայց կոնկրետ ամսաթիվ նշել դեռ վաղ է։ Կարճ ասած՝ այս պահին վիզաների ազատականացումը իրատեսական գործընթաց է, բայց չկա պաշտոնապես հաստատված ամսաթիվ, թե երբ հայաստանցիները կկարողանան Շենգեն գոտու երկրներ գնալ առանց վիզայի։  Ի՞նչ է նշանակում «իրատեսական գործընթաց», եւ արդյո՞ք մի օր Հայաստանը կունենա Շենգեն գոտու երկրների հետ առանց վիզայի ճամփորդելու ռեժիմ։  

—  Հայաստանը Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսել է 2024 թվականի ամռանը։ Դրանից հետո շատ կարճ ժամկետում Եվրոպական միությունը Հայաստանին ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը քարտեզագրում է Հայաստանի անելիքները։ Այն չորս բլոկ է իրենից ներկայացնում։

Առաջինը՝ փաստաթղթերի անվտանգությունն է (այդ թվում՝ կենսաչափական փաստաթղթերի),

երկրորդը՝ սահմանների կառավարման, միգրացիայի եւ ապաստանի հարցերը,

երրորդը՝ հասարակական կարգի եւ հանցավորության դեմ պայքարի հարցերը,

եւ չորրորդը՝ արտաքին հարաբերություններն ու մարդու իրավունքների բլոկն է։

Եթե նայենք այն պետություններին, մասնավորապես Արեւելյան գործընկերության տարածաշրջանի այլ պետություններին, որոնց նկատմամբ Եվրամիությունը չեղարկել է Շենգենյան վիզաներ ստանալու պարտավորությունը (մասնավորապես Վրաստանին, կամ Մոլդովային), կտեսնենք, որ այդ չորս նշված բլոկերով որոշակի հանձնարարությունների կատարման գործընթաց այդ պետություններն անցել են որոշակի ժամկետներում եւ որոշակի փուլերով։ Եւ, ժամանակ առ ժամանակ, Եվրոպական միության առաքելությունները, որոնք եկել են Հայաստան, գնահատել են այդ առաջընթացը։ Եւ այդ առաջընթացի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը, օրինակ՝ Վրաստանի դեպքում, կազմել է չորս զեկույց՝ ասելով, որ այս առաջին փուլի (դրանք կոչվում են առաջին փուլի ցուցանիշներ, որոնք վերաբերում են որոշակի օրենսդրության մշակմանը, որոշակի քաղաքականությունների ընդունմանը) այս չորս բլոկերով Վրաստանը այսպիսի առաջընթաց է ապրել, հետեւաբար, պետք է կատարի նաեւ մնացած այս քայլերը, որպեսզի կարողանա անցնել վիզաներից ազատ ռեժիմի։

Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին։ Հիմա Հայաստանը իր առաջին առաջընթացի զեկույցը ներկայացրել է նախորդ տարի նոյեմբերին, եւ Եվրոպական հանձնաժողովը այդ մասին զեկույց է մշակել եւ այս տարվա ապրիլի 30-ին ներկայացրել է Եվրոպական պառլամենտին եւ Եվրոպական խորհրդին։ Եւ այդ առաջընթացը՝ Հայաստանի այդ չորս պարտավորությունների առաջին փուլի ցուցանիշներով գնահատվել է դրական, բայց, բնականաբար, այստեղ դեռ լիքը անելիք կա։ Ակնկալվում է, որ եւս երկու-երեք զեկույցով Եվրոպական հանձնաժողովը կստուգի առաջընթացը եւ կներկայացնի։

Այո, կարող ենք ասել՝ եթե Հայաստանը պահպանի այս տեմպերը եւ մնացած անելիքները կատարի ժամանակին եւ պատշաճ որակով, շատ հավանական է, որ մինչեւ այս հանձնաժողովի, կամ այս Եվրոպական պառլամենտի մանդատի ավարտը, որը 2029 թվականի կեսն է, մենք ունենանք վիզաներից ազատ ռեժիմ ։

— Այս պահին վիզաների ազատականացման համար Հայաստանը ո՞ր փուլում է գտնվում եւ ի՞նչ գործընթացներ են իրականացվում հենց այս պահին։

— Առաջին առաջընթացի մասին զեկույցում Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ այս չորս բլոկերով (որոնք ես թվարկեցի՝ փաստաթղթային անվտանգություն, կենսաչափական անձնագրեր, սահմանների ինտեգրված կառավարում, միգրացիա եւ ապաստանի հարցեր, հասարակական կարգ, որն իր մեջ ներառում է անդրազգային հանցագործությունների դեմ պայքար, հակակոռուպցիոն պայքար եւ այլն, եւ չորրորդը՝ հիմնարար իրավունքներ) կա որոշակի առաջընթաց, որովհետեւ Հայաստանը մի շարք դրական քայլեր է ձեռնարկել այդ բլոկերով քաղաքականության մշակման, որոշակի օրենսդրության ընդունման, որոշակի կոնվենցիաներ ստորագրելու, կամ վավերացնելու, որոշակի համաձայնագրեր կնքելու հարցում։

Նաեւ երկրորդ փուլով (այդ նշածս օրենսդրության, քաղաքականությունների, ռազմավարությունների արդեն կատարման մասով) որոշակի քայլեր արված են, բայց դեռ վաղ է խոսել լիարժեք կատարման մասին՝ այդ գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հանձնարարությունների։ Հետեւաբար, առաջին զեկույցով առաջընթացը գնահատվում է դրական, բայց դեռ եւս երկու-երեք զեկույց մեզ սպասվում է։ Հետեւաբար, Հայաստանը պետք է գործի։ Երբ կարդում եք հանձնաժողովի զեկույցը, տեսնում եք, որ կան որոշակի խոստումներ Հայաստանի իշխանության կողմից, որ մինչեւ ենթադրենք 2026-ը կընդունվի օրինակ՝ մարդու իրավունքների ազգային ռազմավարություն, կամ միգրացիայի վերաբերյալ ազգային ռազմավարություն։ Բայց այդ ռազմավարությունները պետք է հասկանալ՝ ի՞նչ փուլում են։ Իմ տեղեկություններով՝ ընդունված չեն։ Պետք է իշխանությունն ասի՝ ինչ փուլում են, այս տարի կընդունե՞ն, թե՞՝ չեն ընդունի։ Այսինքն, նաեւ իշխանությունը ներկայացրել է, որ որոշակի քայլեր է ձեռնարկել, բայց արդեն իսկ դրանք խոստման տեսքով են արձանագրվել։

Նաեւ որոշակի կոնկրետ անելիքներ կան, որոնք անպայմանորեն պետք է իրականացվեն։ Դրանք մեր սահմանների լիարժեք կառավարումն է մեր պետության կողմից։ Ներկայումս վերջին երկու տարիների ընթացքում ջանքեր են ձեռնարկվել, օրինակ՝ Վրաստանի, Իրանի հետ սահմանների եւ միջազգային մեր օդանավակայաններում կառավարումը լիարժեքորեն փոխանցելու, կամ կազմակերպելու մեր ԱԱԾ-ի  կողմից, բայց դա դեռ բավարար չէ։ Այսինքն՝ պետք է ողջ սահմանի երկայնքով մենք կարողանանք ինքներս կառավարել մեր սահմանը։

Նաեւ կա պարտավորություն ուժեղացնելու անհատական տվյալների պաշտպանությունը։ Օրինակ՝ մենք ունենք անհատական տվյալների պաշտպանության գործակալություն, որը գործում է մեր Արդարադատության նախարարությանը կից, եւ դա չի համապատասխանում այս գործընթացի համար անհրաժեշտ տվյալ մարմնի անկախության չափանիշներին, որովհետեւ գործադիրին կից է դա գործում։ Պետք է լիարժեքորեն անկախ մարմին լինի։ Կամ իշխանությունը պետք է վերջապես ընդունի երկար խոստացված հակախտրականության մասին օրենքը։ Բայց կան նաեւ այլ պարամետրեր, որ Եվրոպական միությունը ստուգելու է հընթացս։ Օրինակ՝ այդ պարամետրերը ներառում են նաեւ, թե մինչեւ վիզաների ազատականացման մասին որոշում կայացնելը Հայաստանի քաղաքացիներին ինչքանով են վիզաներ տրամադրում Եվրոպական միության անդամ պետությունները Հայաստանում։

Ըստ հանձնաժողովի զեկույցի՝ ցուցանիշը բավական մեծ աճ է ապրել։ Եթե 2019 թվականին 51 հազար քաղաքացու են տրամադրել վիզա, ապա 2024-ի դրությամբ արդեն 86.300 քաղաքացու, եւ դրանց մեջ նաեւ մեծացել է բազմակի մուտքի վիզաներ տրամադրելու ցուցանիշը։ Նաեւ ստուգելու են, թե ինչքանով է մերժման ցուցանիշը վիզաների տրամադրման, կամ ինչպիսին է ցուցանիշը օրինական հիմունքներով Եվրամիությունում գտնվելու, կամ օրինակ՝ բժշկական նպատակներով ապաստանի իրավունքը չարաշահելու հարցերը եւս դիտարկվելու են։

Հետեւաբար, մենք բոլորս որպես Հայաստանի շահագրգիռ քաղաքացիներ, որոնք ուզում են, որ Հայաստանի քաղաքացիները Շենգենյան գոտում առանց վիզայի ճամփորդեն, մենք ինքներս ունենք որոշակի պարտավորություններ՝ ներկայացնելու ստույգ, ճշգրիտ տվյալներ, երբ վիզաներ ենք հայցում Շենգենյան վիզա տրամադրող պետությունների դեսպանատներից Հայաստանում, չխախտել այդ երկրներում օրինականորեն գտնվելու ժամկետները, ժամանակին վերադառնալ, այլ չարաշահումներ թույլ չտալ՝ որպեսզի հանրային շահին դա ծառայի։

— Իսկ վերահսկելի՞ է դա, վերահսկման ի՞նչ մեխանիզմներ կան։ Եթե   անպատասխանատու քաղաքացին գնում է ինչ-որ օրենք է խախտում, կամ ինչ-որ խախտումով է գնում այնտեղ, դա վերահսկելի՞ է։

— Մեծ մասամբ վերահսկելի է Եվրամիության անդամ պետությունների կողմից իրենց տարածքում։ Եթե բացահայտեն նման դեպքեր եւ վերադարձնեն այդ քաղաքացիներին, Հայաստանը ունի այդ քաղաքացիներին հետընդունման պարտավորություն։ Այսինքն, վերահսկողություն հնարավոր է, բայց զուտ մեր նաեւ անհատական պատասխանատվության հարցն է այստեղ բարձրանում, որ նպաստենք նրան, որպեսզի այդ ցուցանիշները չմեծանան, եւ դա լրացուցիչ այսպես բացասական գործոն չլինի ի վնաս ազատ վիզաների ռեժիմի անցնելու՝ Հայաստանի պարագայում։

— Նշեցիք, որ 2024 թվականին բավականին աճել է վիզաների տրամադրումը համեմատած օրինակ նախորդ տարիների հետ։ Հետաքրքիր է, նոր կենսաչափական անձնագրերի անցումը կհեշտացնի՞ վիզաների ստացումը։

— Դա անհրաժեշտ նախապայմաններից մեկն է այս գործընթացի։ Եւ այդ փուլով էլ Հայաստանի իշխանությունը ներկայացրել է բավական մեծ առաջընթաց, եւ արդեն իմ տեղեկություններով, նոյեմբերի 1-ից նոր նմուշի կենսաչափական անձնագրեր կարող են քաղաքացիները ստանալ։ Դրանք պետք է համապատասխանեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության ստանդարտներին, որոնց համապատասխանում են նաեւ Շենգենյան գոտու քաղաքացիների անձնագրերը։ Եւ բնականաբար, դա եւս անհրաժեշտ պայման է։ Անհրաժեշտ է, որ նաեւ հնարավորինս արագ տեմպերով այդ կենսաչափական անձնագրերը տրվեն քաղաքացիներին, եւ հին նմուշի անձնագրերի օգտագործումը վերացվի, այսինքն՝ հին նմուշի անձնագրերը փոխարինվեն նորերով։

— Մենք պարբերաբար ինֆորմացիա ենք ստանում, որ ենթադրենք X երկրի դեսպանատունը համատարած մերժում է վիզաների տրամադրումը, եւ հակառակը՝ կան դեսպանատներ, որոնք միանգամից տրամադրում են մուլտի վիզաներ։ Սա ինչո՞վ է պայմանավորված, եւ դա արդյո՞ք կարծրատիպային է, թե իրոք նման բան կա։

— Իմ տեղեկությամբ չկա նման վիճակագրություն, որ ինչ-որ դեսպանատներ առավել պատրաստակամորեն են վիզա տրամադրում։ Ամեն դեպքում Հայաստանը ունի վիզաների դյուրացման համաձայնագիր Եվրոպական միության հետ, եւ այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքացիները բավարարում են սահմանված պահանջներին, Եվրոպական միության դեսպանատները պետք է արագ վիզաներ տրամադրեն։ Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ սա պետության ինքնիշխանության կարեւոր բաղադրիչ է, եւ ամեն դեպքում պետություններն իրենք ունեն իրենց հայեցողությունը՝ տրամադրելու, կամ՝ չտրամադրելու։ Գործում է նաեւ բողոքարկման գործընթաց, եւ եթե քաղաքացին կարծում է, որ անարդար է, այդ բողոքարկման գործընթացով կարող է անցնել։ Բայց, որպես կանոն, հատկապես վերջին վեց տարում կարող եմ ասել՝ հիմնականում ավելի (չասեմ հեշտ) բայց երկուստեք՝ ե՛ւ ԵՄ անդամ պետությունների դեսպանատները, ե՛ւ մեր քաղաքացիները, ջանքեր են գործադրում, որպեսզի վիզաների մերժում չլինի։ Ամեն դեպքում, վիզաներ տրամադրելու մերժման ցուցանիշը 2019-2024 թվականներին ըստ Եվրոպական հանձնաժողովի զեկույցի՝ կայուն է մնացել՝ 12-13 տոկոսի սահմաններում, մինչդեռ բազմակի մուտքի վիզաների տրամադրման ցուցանիշը 34 տոկոսից աճել է մինչեւ 43 տոկոս։

— Վերջերս Գերմանիայի դեսպանատունը հայտարարեց, որ դիմող երկրների նկատմամբ ավելի ուշադիր լինեն, այսինքն՝ վիզա ստանան այն երկրից, որտեղ լինելու է առաջին մուտքը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

— Դա կարգն է։ Կան պետություններ, որոնք տրամադրում են վիզաներ հստակ պետություններ մուտք գործելու համար։ Օրինակ՝ Լիտվայի դեսպանատունը պատասխանատու է Բալթյան պետություններ մուտք գործելու, Իսպանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների վիզաների համար։ Այսինքն, պետք է դիմել այն պետության դեսպանատուն, որտեղ պետք է գնաս առաջին անգամ, եւ դա սահմանված կարգն է։ Չես կարող, օրինակ՝ պատրաստվել ճամփորդել Իտալիա եւ գնալ Լիտվայի դեսպանատնից հայցել Շենգենյան վիզա։ Դա սահմանված կարգին հակառակ է։

— Ինչո՞ւ է այս ամբողջ գործընթացը վիզաների ազատականացման այսքան երկար եւ բարդ։ Ի՞նչ ռիսկերից է փորձում խուսափել Եվրոպական միությունը, եւ ի՞նչ ռիսկերից է պետք խուսափի Հայաստանի Հանրապետությունը։ Որո՞նք են այդ ռիսկերը, որոնց կարող ենք առնչվել։

— Հայաստանի հետ մի քիչ ուշ սկսվեց վիզաների ազատականացման թեմայով երկխոսությունը՝ ընդամենը 2024 թվականի հուլիսից, մինչդեռ ՀԸԳՀ (CEPA) համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն՝ ստորագրգվել էր 2017 թվականին, 2018 թվականին պայմանականորեն ուժի մեջ էր մտել եւ լիարժեքորեն ուժի մեջ էր մտել 2021 թվականի մարտից։ Եւ այո, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը նախատեսված էր այդ համաձայնագրով, ավելի ուշ է սկսվել։ Բայց այստեղ կային եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ։ Նաեւ հիշենք, որ բոլոր պետությունները 2020-21 թվականներին կանգնած էին COVID-ի համավարակի մարտահրավերների առջեւ, Հայաստանն ի լրումն դրա, պատերազմի մեջ էր, եւ կային տարբեր այլ պատճառներ։

Բացի դրանից կային նաև խնդիրներ, որոնք հարուցվել էին տարածաշրջանի այլ պետությունների կողմից, որոնք անցել էին վիզաների ազատականացման ռեժիմի։ Որպես օրինակ կարող եմ բերել Վրաստանին, որի քաղաքացիների հետ կապված կային խնդիրներ, եւ դրանով պայմանավորված եւս Եվրոպական միությունը դրսեւորում էր որոշակի զգուշավորություն։ 2023 թվականին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հայաստանի հետ էլ ավելի մերձենալու մեծ ջանքեր է գործադրելու Եվրոպական միությունը, եւ դրանից անմիջապես հետո սկսվեց (նույնիսկ համարյա շատ քիչ անց) ամռանը 2024 թվականի սկսվեց, եւ ռեկորդային արագությամբ Հայաստանին ներկայացվեց այն գործողությունների ծրագիրը, որը Հայաստանը պետք է կատարի։ Իսկ ինչ ռիսկեր ու վտանգներ կան․Եվրոպական միությունը տարիներ շարունակ պայքարում է ապօրինի միգրանտների հոսքերի, ապաստան հայցողների դեմ, որոնք գնում են Եվրոպական միություն եւ բժշկական սպասարկում ստանալու պատրվակով չարաշահում ապաստան հայցելու իրավունքը, եւ կան բազում այդպիսի խնդիրներ։ Կամ օրինակ՝ պնդում են, որ իրենց պետություններում ենթարկվում են խտրականության տարբեր հիմքերով, այդ թվում սեռական կողմնորոշման հիմքով պայմանավորված։ Եւ այդ բոլոր հարցերը լուրջ մարտահրավեր են Եվրոպական միության անդամ պետությունների համար եւ անգամներ շահարկվում են այսպես ծայրահեղ աջական ուժերի կողմից, եւ այդ ուժերը կարողանում են նաեւ ազդել իրենց բնակչության վրա։ Հետեւաբար, Եվրամիությունը տարեցտարի փորձում է իրեն ապահովագրել ապօրինի միգրանտներից, անհիմն ապաստան հայցողներից եւ այլն, եւ ընդհանրապես բնական է, որ պետք է զգուշավորություն դրսեւորի նման հարցերում։

— Եթե դիտարկենք Վրաստանի օրինակը եւ համեմատենք Հայաստանի օրինակի հետ, ինչքանո՞վ են այդ օրինակները համեմատելի, եւ հաշվի առնելով Վրաստանի անցած ճանապարհը, Վրաստանի օրինակից Հայաստանը ի՞նչ է վերցրել, եւ սա մեզ համար կողմնորոշի՞չ էր, թե՞՝ հակառակը՝ հակափորձ։

— Ցանկացած նման գործընթաց մեզ համար լավ փորձ է, որովհետեւ մենք կարող ենք եւ հնարավորություն ունենք սովորելու ուրիշի սխալների վրա եւ չկատարելու այդ սխալները։ Բայց նաեւ ամբողջ գործընթացի համար էլ Վրաստանի փորձը որոշակի բացասական ազդեցություն է ունեցել, քանի որ արդեն նշեցի՝ եղել են վրացի քաղաքացիներ, որոնք չարաշահել են կարճաժամկետ վիզայից ազատվելու պարտավորությունը եւ ավելի երկար, կամ ապօրինի հիմքերով մնացել են Եվրոպական միությունում, եւ դա էլ է խնդիր առաջացրել։ Մեր պետությունը պետք է փորձի այդ նույն սխալներով չանցնել։ Եվրոպական միությունն էլ պետք է ինքն առաջարկի իր դառը փորձից այնպիսի միջոցառումներ եւ գործողություններ, որոնք մենք կարողանանք իրականացնել եւ խուսափել համանման իրավիճակներից։