«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը։
-Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ դիմել են Սահմանդրական դատարան։ Վաղը՝ Սահմանդրական դատարանի առաջին նիստն է։ Ի՞նչ սպասենք, ի՞նչ կլինի վաղը։
— Սահմանադրական դատարանում ընտրական վեճերի համար նախատեսված ընթացակարգով գործը քննվելու է։ Վաղը նիստը սկսվում է ժամը 11-ին, մինչ այդ նախապատրաստական աշխատանք է, բնականաբար, իրականացվել, եթե չեմ սխալվում, ամսի 19-ին՝ բոլոր ուժերը Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում ներկայացրել էին դիմումները, կլսեն արդեն դիմող կողմերին, Սահմանադրական դատարանը այլ կողմերի է ներգրավել որպես պատասխանող կողմ։ Հստակ ժամկետներ կան, եթե ամսի 19-ին en դիմումներն ընդունվել, եւ եթե թերությունները շտկելու համար հետ ու առաջ չեն տվել եւ ժամկետներ չեն ավելացել, ապա 15-օրյա ժամկետը, երբ որոշումը պետք է լինի, իմ հաշվարկներով հուլիսի 3-ին է լրանում։
-Բայց դա բավարա՞ր է քննելու համար։
-Ընտրական գործերով միշտ քաղհասարակությունը, դիտորդական առաքելությունները խոսել ենք այդ բնույթի վեճերով ժամկետների անբավարարության մասին։ Ժամկետները միշտ խնդիր են։ Ե՛ւ ընտրական հանձնաժողովներում նման դիմումների քննության, ե՛ւ վարչական դատարանում, եւ՛ Սահմանադրական դատարանում այդ ժամկետները խնդրահարույց են, նաեւ վարչական դատարանում են դրանք խնդրահարույց, շատ սեղմ ժամկետներ են իրականում, եւ որպես կանոն ընտրական գործերը բավական բարդ խնդիրներ են իրենցից ներկայացնում, հիմնականում ընտրական իրավունքը բարդ ոլորտ է, եւ ժամկետները միշտ էլ խնդիր եղել են։
-Իրավաբանի աչքով նայելով՝ կա՞ն հիմքեր բավարար, թե՝՞ ոչ։
-Կախված է նրանից, թե ինչ փաստարկներ կլսի դատարանը, ինչ ապացույցներ կբերեն։ Ես կարող եմ 2021 թվականի համանման իրավիճակի հետ համեմատել։ Կարելի է ասել, որ քիչ թե շատ նույն կազմն էր, մի-երկու կուսակցություն ու դաշինք ավել-պակաս։ Էլի քաղաքացիական պայմանագիրն էր 3-րդ կողմ ներգրավված, ու հիշում եմ, որ առանձնապես կուռ ապացույցներ այնտեղ չներկայացվեցին ընտրությունների խախտումների մասին, եւ ինձ համար զարմանալի էր, որովհետեւ ունենալով այդքան ռեսուրս, այդքան իրավաբանական ներուժ եւ այլն, այդպիսիք չներկայացվեցին։ Դիտորդների փաստագրումները ավելի շատ դրանից առաջ էին օգտագործում, ես հիշում եմ, որ 2017-ին օրինակ, մեր կազմակերպությունը ներգրավված էր դիտորդական աշխատանքում, «Քաղաքացի դիտորդ» կոալիցիայի շրջանակում մենք լայնածավալ փաստերի մասին դիմումներ էինք տարել բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներ, ԿԸՀ 500-ի չափ դիմում էինք տարել՝ բոլորը մեր դիտորդների, ներգրավված լրատվամիջոցների ներկայացուցիչների արձանագրությունների հիման վրա եւ այլն։ Այն աստիճանի դրանք լուրջ էին, որ անգամ նախկին իշխանությունների Սահմանադրական դատարանը ՀԱԿ-ի դիմումով ընդունված որոշմամբ արձանագրել էր, որ «Քաղաքացի դիտորդի» բերած խախտումները լրջագույն մտահոգությունների տեղիք են տալիս, եւ պետք է այդ բոլոր արձանագրումները լուրջ ուշադրության եւ քննության արժանանան, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիայի մասին արձանագրումները եւ այլն։
-Հիմա կա՞ն ըստ ձեզ մասսայական խախտումներ արձանագրող փաստեր։
-Դիտորդական առաքելություններից ես տեսել եմ «Անկախ դիտորդ»-ի աշխատանքը, հիմնականում իրենք են ավելի հրապարակային հանդես եկել, եւ ավելի շատ խոսել են ընտրություններին մասնակցող որոշ ուժերի կողմից ընտրական տուրիզմի պրակտիկայի մասին, ընտրակաշառքների բաժանման մասին։
— Դա ավելի շատ ընդդիմության դեմ է, ես կողմ նկատի ունեմ։
-Ես ավելի շատ հիշում եմ այդ հաղորդումները, որոնք վերաբերել են ընտրակաշառքներին, եւ դրանք բավական շատ էին։
-Ասում են՝ վարչական ռեսուրս, կա՞ վարչական ռեսուրսի կիրառման մասին արձանագրումներ։
-Այս տարի մենք չենք արել դիտորդություն, բայց եղած դիտորդական առաքելությունները չեմ հիշում, որ ինչ-որ շատ լուրջ արձանագրումներ արած լինեն՝ վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բայց կարծում եմ, որ իշխանության բնույթն այնպիսին է, որ վարչական ռեսուրսը այս կամ այն կերպ օգտագործվում եւ չարաշահվում է։ Աստեղ աստիճանի հարցն է, թե արդյո՞ք դա համակարգային բնույթ է կրում, արդյո՞ք դա շատ լայնածավալ բնույթ է կրում, այնպես, որ ունակ է ազդելու ընտրության արդյունքի վրա։ Իսկ ընտրության արդյունքի վրա ավելի շատ ունակ էին ազդելու այն համատարած ընտրակաշառքները եւ ընտրական տուրիզմը, եւ այդ առումով լուրջ քննության է պետք արժանանա այն հանգամանքը, թե այդ ընտրակաշառքներով, ընտրական տուրիզմի արդյունքում օրինակ՝ քանի՞ ձայն է ավելացել այս տարի։
-Կարդացի, որ բողոք կար նաեւ, թե ինչո՞ւ են ՔՊ-ին որպես 3-րդ կողմ ներգրավել, ինչո՞ւ է Սահմանդրական դատարանը ներգրավել այդ ուժին։
-Այդ մասին խոսել էր Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, բայց ես հիշում եմ, որ 2021 թվին եւս «Քաղաքացիական պայմանագրին» ներգրավել էին 3-րդ կողմ՝ Սահմանադրական դատարանում, եւ դա Սահմանադրական դատարանի լիազորությունն է՝ իր նախաձեռնությամբ ներգրավելու որպես 3-րդ կողմ կուսակցությունների, կամ դաշինքների, եթե իր կողմից ընդունվող որոշումը կարող է ազդել նրանց իրավունքների վրա, իսկ այս պարագայում ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագրին» վերաբերող շատ հարցեր քննվելու են։
-Նաեւ հաղորդագրություն եղավ որոշ դատավորների մասին, 2 դատավոր չի մասնակցի, ընդդիմությունը ասում է նաեւ՝ ինչո՞ւ պիտի Սեդա Սաֆարյանը մասնակցի։
-Ընդդիմությունը երբ այլ թեմա չի ունենում, անպայման գտնում է Սեդա Սաֆարյանի թեման, արդեն իրենց մոտ տրենդ է դա։ Բայց ես համաձայն չեմ անգամ, որ Արտակ Զեյնալյանը չպետք է մասնակցեր։ Այնտեղ, ինչպես հասկացա, փաստարկը այն է, որ նա Երեւանի ավագանու շրջանակներում կոալիցիա կազմելով իշխանության հետ, լինելով «Հանրապետություն» կուսակցության անդամ՝ չպետք է մասնակցի, բայց նախ՝ այդ կոալիցիան ավագանու կազմում ինչպե՞ս պետք է ազդեր նրա կողմից անաչառ կերպով այդ գործի քննության վրա, 2-րդն էլ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որի անդամն է եղել, ընդհանրապես այս գործում չկա, դիմում չի ներկայացրել, եւ հետեւաբար ես չեմ տեսնում, թե ինչու Արտակ Զեյնալյանը չպիտի մասնակցի։ Օրինակ՝ Վլադիմիր Վարդանյանի դեպքում տեսնում եմ, որովհետեւ նույնիսկ այդ ներկուսակցական փրայմերիզում նա ընտրվել էր էլի կուսակցության առաջին շարքերերում, 8 տարվա կուսակցական է եղել, դա տրամաբանական համարում եմ, բայց Արտակ Զեյնալյանի դեպքում չտեսա ես խնդիր։ Սեդա Սաֆարյանի դեպքում եւս ես չեմ տեսնում, թե ինչու նա չպետք է մասնակցի, որեւէ արգելք, անկեղծ ասած, չեմ տեսնում, իսկ այդպես եթե շատ փորփրենք, ՍԴ յուրաքանչյուր դատավորի պարագայում էլ կգտնենք ինչ-որ մի հեռավոր պատճառաբանություն ասելու, որ նրա մասնակցությունը գործում անհնար է։
—Հիմա գանք դատական համակարգի խնդիրներին։ Դատական համակարգի ռեֆորմները իրականացվել են, իրականացվում են, եւ ինչպիսի՞ն է էֆեկտը։
-Մի մասը իրականացվել են, բայց դեռ շատ բան կա անելու, իհարկե, այդտեղ եւս, ինչպես արդեն նշեցի, կան ե՛ւ օբյեկտիվ ե՛ւ սուբյեկտիվ խնդիրներ։ Ամենակարեւոր խնդիրն այն է, որ հետհեղափոխական շրջանում վեթինգը չիրականացվեց եւ իշխանության ներսում կային մարդիկ, որոնք բացեիբաց հայտարարեցին, որ Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնալու, ինչը միանգամայն սխալ էր, եւ այդ պատճառով էլ խնդիրները շարունակեցին կուտակվել, ուժգնանալ եւ այլն։ Բայց հիմա արդեն հասկանալի է, որ հեղափոխությունից 8 տարի անց էլ վեթինգի մասին խոսելը անիմաստ է արդեն եւ այլ մեխանիզմներ պետք է գործեն։ Նաեւ իրականությունն այն է, որ դատական համակարգում մի զգալի մասը արդեն նոր դատավորներ են, բայց նա չի նշանակում, իհարկե, որ խնդիրները ամբողջությամբ վերացել են, մեծ խնդիրը այսօր դատարանների ծանրաբեռնվածությունն է, դատավորները իսկապես չեն կարողանում այդ մեծ ծանրաբեռնվածության տակից դուրս գալ։ Օրինակ՝ վարչական արդարադատության ոլորտում դատավորների թիվը սահմանափակ է, ակս պահին 23 դատավոր են գործում՝ վարչական վերաքննիչ ատյանն է կոլապսի եզրին, եւ նույն այս դատական իշխանության կողմից վիճակագրությունը խոսում է այն մասին, որ խնդիրներ կան։ Նաեւ խնդիրներ են տարբեր գործընթացները, որ ընթանում են դատական իշխանության ներսում, եւ քաղհասարակությունը եւս ուշի-ուշով հետեւում է այդ գործընթացներին եւ տարբեր կարգապահական պրոցեսներին եւ որոշակի դեպքերում ընտրովի արդարադատության եւ նշանակումների ու ընտրության հետ կապված խնդիրներին, եւ ժամանակ առ ժամանակ այդ խնդիրները բարձրաձայնում է։
-Եթե վեթինգ չեղավ, ի՞նչ մեխանիզմներ կան այդ պարագայում։
-Հետհեղափոխական շրջանում մենք ունեցանք արդարադատության նախարարների հաճախակի փոփոխություն։ 2018 թվից մինչ այսօր 5 արդարադատության նախարար ենք փոխել, եւ հասկանալիորեն ամեն մեկը եկել է իր տեսլականով, խնդիրների իր պատկերացումներով եւ փորձել է լուծումները ըստ այդմ առաջարկել, եւ այդ պարագայում չի կարելի խոսել միասնական եւ հետեւողական տեսլականի մասին, եւ սա էլ է խնդիրներին ավելացրել։ Վերադառնալով ձեր հարցին՝ մի մեխանիզմն օրինակ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ինստիտուտի մեխանիզմն է, որը շատ մեծ քննարկման առարկա է հանդիսացել եւ ներպետական քննարկումների շրջանակում, եւ միջազգային տարբեր կառույցների կողմից, այստեղ 2 ինստիտուտ կա, որ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն ունեն՝ մեկը արդարադատության նախարարն է, մյուսը՝ դատավորների ընդհանուր ժողովի ձեւավորած էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Եւ այստեղ այս 2 կառույցների միջոցով են այդ կարգապահական պատասխանատվության պրոցեսները հարուցվում, եւ այդ հարցերով որոշումը վերջնական ընդունում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Բայց այստեղ էլ կա խնդիր, որովհետեւ միջազգային կառույցները, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովը, Գրեկոն եւ այլն, ասում են, որ արդարադատության նախարարի լիազորությունը պետք է վերացվի եւ աստիճանաբար ուժեղացվի դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Եւ այդ տրամաբանության մեջ այս տարի փոփոխություն մտցվեց Դատական օրենսգրքում եւ կազմը փոփոխվեց։ Նախկինում ավելի շատ այդ հանձնաժողովը կազմված էր դատավոր անդամներից՝ 6 դատավոր անդամ ուներ եւ դատավոր չհանդիսացող 2 անդամ, ներկայումս դատավոր չհանդիսացող անդամների թիվը օրենսդրորեն ավելացել է, եւ տրամաբանությունն այն է, որ դատավորները, երբ որ ընտրում են դատավոր չհանդիսացող անդամներին, չընտրեն իրենց ներսից, հակառակ դեպքում կգրեին, բոլորը պետք է լինեն դատավոր անդամներ։ Ճիշտ է, այնտեղ օրենսդրությունը տալիս է հնարավորություն նախկին դատավորներին, եթե վերջին 5 տարում կարգապահական պատասխանատվություն չեն կրել, կամ նրանց նկատմամբ չկա ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտը եւ եւ այլն, բայց տրամաբանություն է նա, որ այդ տեղերի համար մեզ պետք են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այդտեղ, քանի որ առաջադրումները կատարում են հասարակական կազմակերպությունները։ Այսինքն՝ հասարակական կազմակերպությունները, ըստ օրենքի տրամաբանության, դրանք զուտ ձեւական խողովակ չեն, որ իրենց ներսից վերցնեն ինչ-որ մեկին եւ ասեն՝ սրան ընտրեք։ Բնականաբար, պետք է առաջադրեն իրենց հետ փոխկապակցված, իրական քաղհասարակության ներկայացուցիչների եւ իմաստն այն է, որ դրանով բացառվի դատական կորպորատիվիզմի սկզբունքը։ Բայց, ցավոք սրտի, պրակտիկան այնպես է, որ վերջին տարիներին ավելի շատ ներքին համակարգից են այդ տեղերը համալրվում, եւ դատավորները ընտրում են նախկին դատավորների, եւ ոչ միայն այդ հանձնաժողովում, այնտեղ ուսումնական հարցերի հանձնաժողով կա, գործունեության գնահատման հանձնաժողով կա եւ, եւ իրենց համակարգից են փորձում ընտրել։ Բայց իրականությունն այն է, որ դա մեծապես, էսպես խաթարում է ինքնակարգավորման մեխանիզմը, եւ արդյունքում արդեն արդարադատության նախարարի լիազորությունների վերացումն այդ պարագայում անհնար կդառնա, որովհետեւ այս մարմինը չի համարվի բարեփոխված։ Եւ այն ինքնակարգավորման գործիքը, որ տրված է դատավորներին, չի ծառայի։ Արդյունքում քաղհասարակությունը սկսելու է ջատագովել, որ, ա՛յ, քանի որ դատավորները չեն կարողանում իրենք- իրենցով ընտրություն կատարել, այնպես, որ ներգրավեն իրապես դատավոր չհանդիսացող եւ համակարգի հետ կապ չունեցող անդամներին, ապա այդ ընտրությունը պետք է ընդհանրապես տալ քաղհասարակությանը, որն իր շարքերից կընտրի անդամներին։
-Բայց դուք ասում եք, որ օրենքը թույլ է տալիս դատավորներին բերել նախկին դատավորների։
-Այո, բայց հարցն այն է, որ ՀԿ-ներն էլ չպետք է այն խաղի կանոններով առաջնորդվեն,, որոնք սահմանվել են դատական համակարգի ներսում, ափսոսում եմ, որ որոշ ՀԿ-ներ այդ խաղի կանոններով են առաջնորդվում, բայց իրականությունը եւ միջազգային ստանդարտն էլ այն է, որ դատավորները պետք է հավասարակշռվեն նաեւ ոչ դատավոր անդամներով, որոնք իրենց հետ փոխկապակցված անձինք չեն լինի, որպեսզի լինի տեսակետների բախում։
-Նախկին դատավորը դատավոր չէ։
-Նախկին դատավորը այդ դասից է։ Ինքը, միեւնույն է, փոխկապակցված է այդ անձանց հետ՝ իր տարբեր որոշումներով, անձնական եւ այլ բնույթի կապերով, դատարանում նստել են իրար հետ, ամեն օր տեսել են, բարեւել են իրար, կամ թեկուզ այլ հարաբերություններ են ունեցել, հետեւաբար տրամաբանական չէ։ Այդ դեպքում ինչի՞ է միջազգային ստանդարտը ասում, որ դատավոր չհանդիսացող անդամներ պետք է լինեն, չէ՞, որպեսզի ներսից չլինի, լինի դատավորների եւ ոչ դատավորների տեսակետների բախում, եւ քաղհասարակությունն էլ դատավորների թշնամին չէ, քաղհասարակությունը շատ հաճախ շատ ավելի շատ է բարձրաձայնում դատավորների վերաբերող խնդիրները, քան իրենք ունեն էդ ազատությունը դա անելու։
-Դուք ասացիք՝ դատարանների ծանրաբեռնվածության մասին։ Հիշում եմ, որ 2000-ականներից այդ խնդիրը կար, իշխանությունները փոխվում են, խնդիրը չի լուծում, ինչո՞ւ։
-Տարբեր դատարանների խնդիրները այլ են, նոր վարչական արդարադատության ոլորտում խնդիրները այլ են, քաղաքացիական արդարադատության ոլորտում՝ այլ, քրեական արդարադատության ոլորտում՝ այլ։
-Բայց մի բան պարզ չէ, կան իքս քանակի գործեր, դրա համար պետք են իգրեկ քանակի դատավորներ։
-Բնակչության թվի հիման վրա հաշվարկներ կան, թե որն է օպտիմալ թիվը դատավորների։ Ասենք՝ իքս բնակչության թվով մի լուծում կարող է լինել, 2-րդ լուծումը կարող է լինել ավելի էֆֆեկտիվ դարձնել համակարգը։ Օրինակ՝ վարչական արդարադատության ոլորտում ծանրաբեռնվածությունը մեծանում է, որովհետեւ վարչական մարմինները պատշաճորեն չեն կիրառում վարչական դատարանի ընդունած ակտերը, վարչական դատարանի ստեղծած դատական պրակտիկան։ Օրինակ, նույն պարեկների դեպքում, նույն ՊԵԿ-ի հետ կապված գործերի դեպքում, եթե վարչական մարմինները իրականացնեն իրավամբ վարչական վարույթ, նույն վերադասության կարգով հնարավոր լինի բողոքարկել այդ վարչական մարմնի որոշումը, ինստիտուտները կան, բայց դրանք զուտ ձեւական են աշխատում, վարչական մարմիններում պատշաճ ընթացակարգով, պատշաճ արդյունքով վարչական վարույթներ շատ քիչ են իրականացնում, այդտեղից էլ քաղաքացիների մեծ թվով բողոքարկումները վարչական դատարաններ։ Վերադաս ատյանը վարչական մարմնի էլի չի կարողանում որպես վերադաս ինստանցիա պատշաճ վարույթ իրականացնել, եւ արդյունքում վարչական դատարանի ծանրաբեռնվածություն է աճում, միգուցե մի լուծում կարող է լինել պատշաճ իրազեկումը վարչական արդարադատության ոլորտի ակտերի, դատական պրակտիկայի, վարչական մարմինների եւ այդ փոխազդեցությունը մեծացնելը։ Մի լուծումը դա կարող է լինել, լուծումները շատ են, իհարկե, եւ համակարգը օպտիմալացման կարիք ունի։
-Գանք Սահմանադրական դատարան, հիշո՞ւմ եք, ժամանակ կար, որ Սահմանադրական դատարանը ոչ թե որոշում էր ընդունում, այլ ռեկոմենտացիա էր տալիս, որ պետք է վստահության հանրաքվե նշանակվի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ոչ ոք չհասկացավ՝ հիմա դա պե՞տք անել, թե՞՝ պետք չէ անել, դա կատեգորի՞կ է, իմպերատի՞վ է, թե՞՝ հայեցողական , հիմա ունի՞ էլի նման լծակներ Սահմանադրական դատարանը։
-Սահմանադրական դատարանը ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման։ Այդ որոշումներում այն, ինչը որ արձանագրված է, ենթակա է պարտադիր կատարման, ուրիշ հարց, որ անգամ եթե ձեր պատկերացրած իմպերատիվ որոշումն էլ ընդունի, ասի՝ սա պետք է լինի, չլինի ռեկոմինդացիա, անգամ այդ պարագայում Սահմանադրական դատարանը չունի լծակ՝ իր որոշման կատարումն ապահովելու համար։ Այո, դա պետք է լինի փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինստիտուտների միջեւ համագործակցության սկզբունքով, եթե դա կապված է ինչ-որ օրենսդրական բարեփոխումների հետ, գործադիրը, կամ օրենսդիրը դրանք պետք է նախաձեռնեն, իրականացնեն։ Դա պարտադիր է կատարման, եւ դա ենթակա է կատարման։ Ուրիշ բան, որ երբեմն դա չի կատարվում, եւ այդ վերահսկողական գործառույթը Սահմանադրական դատարանը չունի, եւ դա թողնված է ինստիտուցիոնալ հարգանքին եւ ինստիտուտների համագործակցությանը, նույն կերպ եւ Վճռաբեկ դատարանը պետք է կատարի, եւ՛ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կատարի, այսինքն, ինստիտուտները պետք է հարգեն Սահմանադրական դատարանի որոշումները եւ ի կատարածեն։
-Իսկ եթե սա որոշում չի, ռեկոմենդացիա՞ է։
-Ես, անկեղծ ասած, չեմ հիշում ի՞նչ կերպ էր ձեւակերպված, բայց կապ չունի, դա որպես ի՞նչ է ձեւակերպված, դա պետք է կատարվի։ Որոշման մեջ էլ ինքը՝ Սահմանադրական դատարանը չի կարող, այսպես, իմպերատիվ ասել՝ սա պետք է կատարվի, ինքը զուտ անվավեր է ճանաչում օրենքի այն դրույթը, որն հակասահմանադրական է, բայց դրանից բխում է, որ եթե դրա արդյունքում օրենսդրական բաց է առաջացել, այդ բացը պետք է փակվի, չէ՞, բայց ինքը չի ասում՝ գնացեք այս օրենքն ընդունեք։
