ԵՄ-ում մեզ սպասում են․ Լուսինե Հակոբյան

 «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, Հայաստան-ԵՄ Քաղհասարակության Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի հարցազրույցը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը։

-Այս օրերին Եվրոպայի Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափով հանդիպում է անցնում եւ դրան մասնակցում է Հայաստանի արտգործնախարարը։ Ընդհանրապես, այս տարին շատ հարուստ էր Եվրոպայի հետ համագործակցությամբ, դուք գիտեք, որ նաեւ շատ քննադատություններ կան այս ուղղությամբ։ Տիկին Հակոբյան, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափ, դա ի՞նչ է նշանակում եւ ինչո՞ւ ենք մենք մասնակցում դրան։

-ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների ձեւաչափը ընդունված ձեւաչափ է, ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները հավաքվում են, օրակարգային հարցեր են քննարկում։ Դա ֆորմալ ձեւաչափ է եւ այս տարի նաեւ հրավիրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ըստ երեւույթին, կքննարկեն ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի կատարմանն ուղղված հետագա քայլերը, ենթադրաբար, եւ քննարկում են ԵՄ-ի օժանդակությունը ընդդեմ հիբրիդային արտաքին սպառնալիքների՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Կարծում եմ, որ այս եւ նման հարցեր են ընդհանրապես քննարկել այդ ձեւաչափով։

-Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրության ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համար։ Նա ասում է՝ մենք աջակցություն տրամադրեցինք Մոլդովային՝ այդ չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար եւ նաեւ կաջակցենք Հայաստանին։ Ի՞նչ է դա նշանակում։

-Նախ ասեմ, որ դեկտեմբերը, իրոք, հարուստ էր միջոցառումներով, տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը։ Ինչպես գիտեք, ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ-CEPA), եւ այդ համաձայնագրով մի շարք մարմիններ են նախատեսված, եւ Գործընկերության խորհուրդը այդ մարմիններից մեկն է, եւ տարին 1 պարբերականությամբ հանդիպում են։ Դեկտեմբերի 2-ին, եթե չեմ սխալվում, Գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումն էր, որի ընթացքում էլ եւ ընդունվեց ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Բացի դրանից, տեղի ունեցան այլ հանդիպումներ, օրինակ՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության ձեւաչափում կա Հայաստանը, եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, ֆորումը եւս տարեկան գագաթաժողովներ է իրականացնում։ Այդ գագաթաժողովների ընթացքում քննարկում են քաղհասարակությանը հուզող տարբեր հարցեր, այս տարի էդ գագաթաժողովի շրջանակում նաեւ մենք հյուրընկալեցինք Մարթա Կոսին՝ ԵՄ-ի ընդլայնման հարցերի հանձնակատարին, եւ նա եւս հավաստիացրեց, որ Եվրամիությունը Հայաստանի կողքին ամուր կանգնած է լինելու Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հիբրիդային եւ այլ արտաքին սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Սա այս խոսակցության շարունակությունն է։

-Ընդդիմախոսները կասեն, որ սա Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ է։

-Նույն կերպ ընդդիմախոսները կարող են գնահատել եւ ՀԸԳՀ-ն, որը հենց իրենց ժամանակ էլ ստորագրվել է։ Նա ընդհանրապես ունի Ընդհանուր սկզբունքներ բաժին, որտեղ ամրագրված են, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, իրավունքի գերակայությունը պայմանագրի էական բաղադրիչներն են, իսկ ընտրությունները ժողովրդավարության կարեւորագույն հենասյուներից է, ինչպես եւ մի շարք այլ ինստիտուտներ։ Հետեւաբար, այդ փաստարկը որեւէ քննադատության չի դիմանում։ Ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությունը եւ պետության ժողովրդավարական դիմակայունության բարձրացմանն ուղղված աջակցությունը անընդհատ էլ Եվրամիության հետ համագործակցության էական բաղադրիչներից է եղել իր բոլոր գործընկերների հետ։ Հայաստանը միակը չէ, եւ Ասոցացման համաձայնագրերում էլ ժողովրդավարացման, մարդու իրավունքների հզորացման եւ իրավունքի գերակայության սկզբունքները էական բաղադրիչ են եւ շատ այլ գործընկերային համաձայնագրերում էլ, որ Եվրամիությունն ունի տարբեր պետությունների հետ։ Ուստի, սա նորություն չէ։

-Ինչպե՞ս է դա մեզ օգնելու հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։

-Եվրամիությունն ունի բավական լավ մշակված գործիքակազմեր։ Դա լայն սպեկտր է գործիքակազմերի՝ սկսած ընտրական հանձնաժողովներին ցուցաբերած աջակցությունից։ Օրինակ, նույն հիբրիդային այդպիսի մի հարձակման օրինակ էր հենց Գյումրու ավագանու ընտրություններին ընդառաջ մեր նախկին իրավապաշտպաններից մեկի շրջանառած ապատեղեկատվությունը, թե սպասվում են լայնամասշտաբ ընտրակեղծիքներ՝ ընտրական կառուսելի տեսքով։ Եւ օրինակ՝ Դանիել Իոնիսյանն էր հրապարակավ հերքում, որ կառուսել իրականացնելը ընդհանրապես իմաստ չունի, որովհետեւ նույն կուսակցության քվեաթերթիկները բազմաթիվ են եւ քվեաթերթիկ դուրս բերելը տեղամասից անիմաստ է։ Ըստ էության, դա իրազեկման միջոցառում էր, որով այդ ապատեղեկատվությունը հերքվում էր։ Նմանապես, եթե, օրինակ ընտրական հանձնաժողովները ունենան ստրատեգիական հաղորդակցություն վարելու, նմանատիպ ապատեղեկատվությունը հերքելու կարողություններ, եւ օրինակները բազմաթիվ կարող են լինել։ Մոլդովան բավական հաջողված փորձ ունի, այնտեղ էլ կարողությունների զարգացման հարցում օժանդակել է Եվրամիությունը՝ եւ՛ մարդկային, եւ՛ ֆինանսական ռեսուրսներով, եւ՛ փորձագիտական կարողություններով։ Այնտեղ, օրինակ, այդպիսի մի մարմին է ստեղծվել, որտեղ ներկայացված է եղել եւ՛ պետական ապարատը, եւ՛ քաղհասարակությունը, իրենք կարողացել են այդ տեղեկատվական, ապատեղեկատվական հոսքերին դիմակայել, նաեւ այդ ֆինանսական հոսքերն են կարողացել հայտնաբերել, բացահայտել, դրանց դեմն առնել։ Ամեն ինչում չէ, որ 100 %-ով հաջողել են, բայց, բնականաբար, դասեր կան սովորելու, եւ այդ դասերն էլ պետք է քաղել, եւ բնականաբար, ողջունելի է, որ Եվրամիությունն այդ աջակցությունը Հայաստանին կտրամադրի՝ եւ պետական ինստիտուտների հզորացման, եւ քաղհասարակության մշտադիտարկման կարողությունների հզորացման եւ այլ գործիքակազմերի միջոցով։

-Այստեղ նրբություն կա, այն ուժերը, որոնք պայքարում են ժողովրդավարության դեմ, նրանք հիմնականում ծպտվում են եւ պաշտպանվում են ժողովրդավարությամբ։ Նրանք ասում են՝ ժողովրդավարությունը լավ բան չէ, բայց հենց իրենց բան են ասում, ասում են՝ հո՞պ, բա ժողովրդավարությո՞ւնը։ Այս դեպքում, երբ որ նրանք ծպտվում են եւ պաշտպանվում են ժողովրդավարությամբ, հնարավո՞ր է ժողովրդավարական մեթոդներով պայքարել նրանց դեմ։

-Այո՛, միշտ էլ հնարավոր է ժողովրդավարական մեթոդներով։ Բնականաբար, եթե Հայաստանը իր համար դրոշակ է վերցրել, լավ իմաստով, ժողովրդավարությունը եւ ասում է, որ ինքը տարածաշրջանում զարգացող, ծաղկող ժողովրդավարության օրինակ է, պետք է ակնկալել, որ ժողովրդավարական գործիքակազմերով էլ պետք է պայքարել։ Բնականաբար, մենք բռնապետական գործիքակազմերով չենք կարող պայքարել եւ, ինչքանով ինձ է հայտնի, չենք էլ պայքարում։ Ինչ վերաբերում է հայաստանյան ժողովրդավարության հետ կապված խնդիրներին, այո՛, այդ խնդիրները կան Հայաստանում, այդ խնդիրները Եվրամիությունում էլ կան, եւ նույն քաղհասարակության կառույցները, շատ այլ դերակատարներ այդ խնդիրները բարձրաձայնում են, մատնանշում են։ Նույն դեկտեմբերին, էլի վերադառնանք ԵՄ-Հայաստան հարաբերություններին, տեղի ունեցավ եւս մեկ կարեւոր հանդիպում՝ ԵՄ-Հայաստան քաղհասարակության հարթակի 7-րդ հանդիպումը մեր եվրոպացի գործընկերների հետ, եւ մենք մի ամբողջ նիստ նվիրել ենք մարդու իրավունքների, արդարադատության համակարգի խնդիրների վերհանմանը եւ քննարկմանը, եւ այդ խնդիրները նաեւ արտացոլել ենք մեր հանդիպման ավարտին ընդունած հռչակագրում։ Այսինքն, դրանք այնպիսի խնդիրներ չեն, որ չկան, կամ որոնց դեմ միջոցներ չեն ձեռնարկվում, որոնք չեն բարձրաձայնվում եւ այլն։

-Նաեւ քննադատություն կա ընդդիմության կողմից քաղհասարակության նկատմամբ, նրանք ասում են՝ այ առաջ, մեր թվերին, եթե նման բան լիներ, քաղհասարակությունը կաղմկեր, կբողոքեր, իսկ հիմա, քանի որ իշխանությունները Եվրամիության հետ են աշխատում, քաղհասարակությույնը լռում է։

-Նույն տրամաբանությամբ կարելի էր ասել, որ  նույն քննադատությունը կարելի էր ուղղել քաղհասարակությանը, որովհետեւ ժամանակին էլ, երբ որ Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, սկսեց ձեւացնել, որ Եվրամիության հետ ինտենսիվ հարաբերություններ է զարգացնում՝ ընդհուպ մինչեւ Ասոցացման համաձայնագիր, կարող էին ասել, որ ա՛յ, քաղհասարակությունն էլ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա պայքարի, հիմա լավ չէր պայքարում։ Միշտ կարելի այսպես գնահատել ամեն ինչ եւ ամեն բան ճանաչում ենք համեմատության մեջ։ Ինչ վերաբերում է քաղհասարակությանը, քաղհասարակությունը, նաեւ միասեռ զանգված չէ, քաղհասարակության մեջ շատ տարբեր դերակատարներ կան։ Օրինակ, մեր կազմակերպությունը երբեք խմբային հայտարարությունների չի միացել եւ չի ասել՝ սա խախտում է, կամ այն մի բանն է խախտում է, եթե մենք ինքներս այդ գործերով չենք զբաղվել եւ համակողմանիորեն չենք տիրապետել գործում եղած բոլոր նյութերին։ Նաեւ այդ խնդիրը կա։ Բացի դրանից, ի՞նչ խնդիրների առնչությամբ քաղհասարակությունը այսօր, հենց այսօր, պիտի քննադատեր։

-Հենց այսօր Եվրամիության ներկայացուցչության դիմաց ցույց էր, ասում էին, որ Եվրամիությունը աչք է փակում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ այդ աչք փակելը իջնում է մինչեւ քաղհասարակություն։

 -Ո՞րն է Եվրամիության շահը՝ քաղբանտարկյալների հարցում աչք փակել։

-Որովհետեւ իշխանությունը իրանց հետ է, իրանց դրդմամբ այստեղից դուրս է մղում Ռուսաստանին, դա իրենց ձեռք է տալիս, իրենք էլ իշխանությանը քննադատող հայտարարություն չեն անում, շատ պարզ։

-Նախ՝ Եվրամիությունը որեւէ մի կառույցի դեմ չի, Եվրամիությունը մի կառույց է, որը ստեղծվել է եվրոպական տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդելու նպատակով, եւ այդ շահերն են եղել Եվրոպական միության անդամ, տարբեր ժամանակներում անդամակցած պետությունների՝ Եվրոպայիքաղաքացիների, այսպես ասած, բարեկեցությունը, նրանց համար անվտանգային միջավայրը, խաղաղությունը եւ այլն։ Եվրամիությունը հստակ ստեղծվել է այդ օրակարգով, անգամ եթե նայեք իրենց ստեղծման պատմությունը, նույն 2 թշնամի պետություններն իրենց միջեւ՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, իրենց պետական պաշտոնատար անձինք իրենց մեջ ուժ են գտել՝ միավորում ստեղծելու, որի շնորհիվ այդ տարածաշրջանում կբացառվեին հետագա պատերազմները, եւ դա չի արվել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ։

-Բայց հիմա քաղաքական պայքար կա իրենց միջեւ։

-Քաղաքական պայքարն այն պատճառով է, որ Ռուսաստանը հարձակում է գործել Ուկրաինական պետության վրա։

-Եվրամիությունը լռում է, որ այստեղ կան քաղբանտարկյալներ։

-Քաղբանտարկյալներ եթե լինեն, Եվրամիությունը չէր լռի։ Էլի, Եվրամիությունն էլ միատարր չէ, տարբեր պետություններ կան, չէ՞, եւ իրենց ոչ մեկի գնահատմամբ եթե չկա քաղբանտարկյալ, ուրեմն, այդքան էլ արդարացի չէ այդ քննադատությունը, ու նաեւ դա էլ է մի տենդենց՝ քարկոծել անընդհատ քաղհասարակությանը, քարկոծել միջազգային գործընկերներին, իբրեւ թե աչք են փակում, իբրեւ թե պատշաճ գնահատականի չեն արժանացնում, մինչդեռ Եվրոպական միության որեւէ պետությունում չկա այդպիսի օրինակ, որ բարձրաստիճան եկեղեցականությունը մտնի քաղաքական գործընթացների մեջ, օրինակ, ասենք, պահանջի, չգիտեմ, Հռոմի պապը հրաժարական պահանջի, կամ ասենք՝ Բրիտանիայում Քենթրբերիի արքեպիսկոպոսը պահանջի վարչապետի հրաժարականը, այդպիսի բաներ չկան։ Իրենք դեմոկրատական պետության հիմնական, կարեւորագույն հիմնասյուները խախտո՞ւմ են, օրինակ, որ պետությունը պետք է անջատ լինի եկեղեցուց, եկեղեցին անջատ լինի պետությունից, եւ հետո ասում են՝ վայ, մեզ որեւէ մեկը չի պաշտպանում Եվրամիությունում, Եվրամիությունում տենց բան չեն տեսել, որ եկեղեցական բարձրաստիճան հոգեւորականը առաջնորդի քաղաքական շարժում, ընկնի փողոցները եւ նույն կաթողիկոսը իրեն հովանավորի։

-Դուք ասացիք ռազմավարական օրակարգի մասին, ի՞նչ նորություն է դա, ինչո՞վ է տարբերվում հին օրակարգից եւ ի՞նչ կտա դա մեզ։

-Նախ՝ լավ է, որ էդ փաստաթղթի անվան մեջ կա ռազմավարական բառը։ Այն, ինչ ունեինք Ռուսաստանի հետ, տեսանք, որ ամենեւին էլ ռազմավարական չէ, բայց եվրոպական մի շարք պետությունների հետ Հայաստանը սկսել է ռազմավարական գործընկերություն զարգացնել, անցած տարի Նիդերլանդների հետ է ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրել, Գերմանիայի հետ օրերս կնքվեց, Ֆրանսիայի հետ եւ այլն, եւ հիմա Եվրամիության հետ, բայց այսպես բառի վրա չկենտրոնանանք, ինքնին բառը դրական է։ Բայց չմոռանանք, որ այդ փաստաթղթի հիմքը, միեւնույն է, ՀԸԳՀ-ն է, որը ընդունվել է 2018-ին եւ ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ին։ Այս  փաստաթուղթը եկել է լրացնելու ՀԸԳՀ-ն, խոսակցական մակարդակում հայտնի է որպես ՀԸԳՀ +, այսինքն, որոշակի այլ ոլորտներ կան, որտեղ ՀԸԳՀ-ի ստորագրումից, այնուհետեւ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը Եվրոպական միության հետ զարգացրել է գործընկերություն, եւ այդ գործընկերության ամրագրումը տեղ է գտել ռազմավարական նոր օրակարգում։ Եւ դա ինքնին շատ կարեւոր է, նաեւ կարեւոր է նշել, որ ունենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, որը տեղի ունեցավ 2024 թվականի սեպտեմբերին, եւ այնուհետեւ այդ երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային արագությամբ վիզաների ազատականացման գործողության ծրագիրն է հանձնվել իշխանությանը, եւ դա եւս նպաստելու է մեր հարաբերությունների էլ ավելի սերտացմանը, եւ ասեմ, որ այդ ռեկորդային արագությունը նաեւ եղել է ի պատասխան Հայաստանի ժողովրդի կամքի, որը արտահայտվեց քաղաքացիական նախաձեռնության կարգով պառլամենտ՝ Եվրոպական միությանն անդամակցելու մեկնարկի մասին օրինագիծ բերելով եւ իշխանության պատասխան քայլով, որով ընդունվեց այն։ Այսինքն՝ այդ բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում, ի պատասխան նաեւ այդ օրենքին է, նաեւ մի կարեւոր բան էլ ասեմ այս օրենքի ընդունման հետ կապված։ Նախորդ տարիներին մենք քաղհասարակությունով շարունակաբար պայքարում էինք մեկ այլ հարցով։ Վրաստան, Ուկրաինա,Մոլդովա եռյակը, որը նպատակ էր հռչակել ավելի սերտ հարաբերություններ կառուցելու Եվրոպական միության հետ, եւ իրենք անընդհատ էդ եռյակով էին հանդես գալիս, արդյունքում Հայաստանը մնում էր անընդհատ Բելառուս-Ադրբեջան հարթակում, առնվազն քաղհասարակության ֆորումների շրջանակում, մենք անընդհատ այդ պանելային քննարկումներում 3-3-ի էինք բաժանվում, եթե նայեք, իսկապես, եւ այդ փաստաթղթերի, որ ստորագրվում են եւ գործարկվում են ազդեցությունը փոխել է նաեւ այդ բաժանումը։ Հայաստանն այժմ Ուկրաինա Մոլդովա եռյակում է հանդես գալիս՝ որպես պետություն, որը հավակնում է ավելի սերտ հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ։

-Տիկի՛ն Հակոբյան, Եվրոպայում մեզ չեն սպասում, եւ այդ ամեն ինչը բլեֆ է։ Մենք նրանց պետք ենք միայն Ռուսաստանին այստեղից դուրս մղելու համար։ 2-րդ՝ Եվրոպայի միության տնտեսությունը ամենալավ վիճակում չէ, ինչի՞ ենք մենք որոշել այնտեղ ինտեգրվել։ 3-րդ՝ Եվրամիությունը չունի անվտանգային կոմպոնենտ, ինքը սպառում է անվտանգություն, ի՞նչ ենք մենք փնտրում ընդեղ, եւ 4-րդ՝ այս ամեն ինչը ջղայնացնելու, բարկացնելու է Ռուսաստանին՝ իր բոլոր հետեւանքներով։

-Նախ սկսենք առաջինից՝ Եվրոպական միությունում մեզ սպասում են, եւ դա ապացուցվել է տարբեր հայտարարությունների մակարդակով։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Մարթա Կոսը, Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան, բոլորն էլ բավական դրական են արձագանքել մեր՝ այս տարի ընդունված օրենքին։ Նաեւ այլ դերակատարների մակարդակով, այս տարվա ապրիլին, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության ձեւաչափով հանդիպում եւ դարձյալ՝ ընդունված հռչակագրում 2 պատվիրակությունները՝ Եվրամիության եւ հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունները ողջունեցին Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Նաեւ Եվրոպական խորհրդարանի տարբեր պատգամավորներ, վերջերս՝ Եվրանեստ պատվիրակության եվրոպական կողմի ղեկավար Սերգեյ Լագոդինսկին, որը Գերմանիայից ընտրված պատգամավոր է։

Բայց անգամ եթե ընդունենք, որ ոչ բոլոր դերակատարներն են միանշանակ բաց սպասում, նույնիսկ եթե նայենք Եվրամիության ստեղծման եւ զարգացման պատմությանը, ոչ բոլոր անդամներին են անմիջապես, անվերապահ, միանշանակ ողջունել։ Մենք առիթ եղել է՝ խոսել ենքհենց այս տաղավարում, թե ինչպես Բրիտանիայի հայտն էր մի քանի անգամ մերժվում Ֆրանսիայի կողմից, երբ Ֆրանսիայի նախագահն էր Շառլ դը Գոլը, թե ինչպես Իսպանիայի հարցում նույն Ֆրանսիան ուներ վերապահումներ՝ գյուղատնտեսական շուկաների պատճառաբանությամբ, թե ինչպես Խորհրդային Միության փլուզումից հետո Էստոնիային հակված էին ընդունելու Եվրոպական միություն, բայց Լատվիայի եւ Լիտվայի հարցում ունեին վերապահումներ եւ ինչպես այդ պետությունները իրենց ուժերը մոբիլիզացրեցին եւ վերջում որոշում կայացվեց Արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային 3 Բալթյան հանրապետությունների փաթեթային ընդունումը Եվրոպական միություն։ Այսինքն՝ դրանք պատմական օրինաչափ զարգացումներ են, դրանցից պետք է ոչ հիասթափվել, ոչ չափազանց ոգեշնչվել, կարեւորը՝ գնահատենք՝ մեզ դա պե՞տք է, թե՝ ոչ։ Եթե մեզ պետք է, մենք պետք է հետեւողականորեն, անշեղորեն գնանք այդ ճանապարհով, եւ երբ որ ասում եմ՝ գնանք այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ հայտարարությունների մակարդակում գնանք, մեզ նաեւ «ծանր աշխատանք» է սպասվում եւ այդ բոլոր չափանիշների մոտարկումը, եւ այլն։

Մյուս կոմպոնենտը՝  տնտեսությունը, իրականում եվրոպական տնտեսությունը, հզոր տնտեսություններից մեկն է աշխարհի, այսինքն՝ եթե մենք այնտեղ չենք ուզում ինտեգրվենք, ո՞ր տնտեսությանն ենք ուզում ինտեգրվենք։

Ռուսաստանից եկող դժգոհությունը։ Դա Ռուսաստանի դեմ քայլ չէ իրականում։ Մենք ուզում ենք մեր պետությունը լինի ինքնիշխան, բարեկեցիկ, անվտանգ, դեմոկրատական։ Եւ տեսնում ենք, որ դա հնարավոր է ապահովել Եվրոպական միության ընտանիքում։ Մենք չպետք է Ռուսաստանի դժգոհությամբ, կապրիզներով առաջնորդվենք, եթե մեր շահը մեզ դա է թելադրում, մենք պետք է գնանք այնտեղ, եւ իրենք պետք է հաշտվեն այդ մտքի հետ։

-Իսկ անվտանգությո՞ւնը։

-Եթե դուք նայեք Եվրոպական միության ստեղծման, գործընկերության բոլոր բանալի փաստաթղթերում անվտանգությունը բանալի բառերից մեկն է։ Այսինքն, դա մի կազմավորում է, որը ապահովում է նաեւ իր անդամների անվտանգությունը, ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչ չունենալուն, Եվրոպային միշտ լավ կրիզիսներ են պետք ինչ-որ նորարարական լուծումներ գտնելու համար, եւ այն, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ շատ շահագրգռված չէ եվրոպական տարածաշրջանում անվտանգության ապահովմամբ, դա էլի տեսնում ենք, որ Եվրամիությանը ստիպում է անվտանգային բաղադրիչներ հզորացնել՝ եւ՛ ֆինանսական, եւ այլ գործիքակազմերով։