ՀՀ-ն պիտի աչալուրջ լինի որոշումներ կայացնելիս, որպեսզի ապագայում լրացուցիչ խնդիրների չբախվի ՄԻԵԴ-ում ․ԻԵՄ իրավաբան

Կես տարի առաջ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ որոշումը։ Թեմայի վերաբերյալ «Factor.am»-ը զրուցել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ իրավաբան, փաստաբան Լիլիթ Ֆանարջյանի հետ։

Զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

-Գրեթե կես տարի է՝ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ որոշումը, թեեւ տեւական ժամանակ է անցել, բայց իրավական համայնքը շարունակում է քննարկել այն՝ խնդրահարույց որակելով ոչ միայն բուն օրենքը, այլեւ՝ Սահմանադրական դատարանի որոշումը։ Եւ եթե իրավական համայնքի համար որոշման բովանդակությունը պարզ էր, ապա հանրության մի ստվար զանգված այն մինչեւ օրս չի հասկանում էությունը, ուստի մի փոքր պարզաբանմամբ սկսենք, ինչո՞ւ ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան եւ ի՞նչ որոշում կայացրեց դատարանը։

-Այո՛, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ինքնին նոր է, եւ ինքնին հնարավոր են որոշակի բացթողումներ, կամ որոշակի հակասություններ անձանց շրջանակում, եւ այդպիսի մի խումբ էլ, որ պատգամավորների 1/5-րդն էին կազմում, դիմեցին Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Եւ այս դիմումը աննախադեպային էր այնքանով, որ վիճարկում էր օրենքի բոլոր դրույթները գրեթե, ոչ թե առանձին հոդվածներ։

-Թեեւ դատարանը որոշում կայացրեց, որ օրենքը սահմանադրական է եւ Սահմանադրությանը չի հակասում, այնուամենայնիվ, մի շարք կարեւոր կետերի հստակության վրա հրավիրեց դատախազության ուշադրությունը։ Օրինակ՝ Բարձր դատարանն արձանագրեց, որ օրենքով գույքի բռնագանձման համար վաղեմության ժամկետ սահմանված չէ, ինչը կարող է հանգեցնել անորոշության։ Այս դեպքում ի՞նչ ընթացակարգով պետք է որոշվի, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը որտեղի՞ց պետք է սկսի ուսումնասիրությունը եւ ինչ ժամկետով պետք է հետ գնա։

-Դուք անդրադարձաք դիմումում արձանագրված 1 փաստարկի, որտեղ, այո, ուսումնասիրության ժամկետների հետ կապված անհամաձայնություն կար բողոքաբերների կողմից, սակայն Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրեց, որ դատախազությունը կարող է ուսումնասիրություն սկսել հետադարձ ուժը հաշվի առնելով, որը 1991 թվականն էր եւ կարեւոր է այստեղ, որ անձի պաշտոն ստանալը, ստացած լինելը արդեն հավաստվի, պաշտոնից ի վեր՝ այլ կերպ ասած։ Նաեւ ճշմարիտ եք այնքանով, որ մի շարք դրույթներ վիճարկվում էին հետադարձ ուժի հետ կապված, անձի արդար դատաքննության իրավունքի հետ կապված, խնդիրներ էին բարձրաձայնվել նաեւ փոխկապակցված անձանց շրջանակի պարզման հետ կապված, եւ այս բոլոր դրույթներին մեկնաբանություն տրվեց այնքանով, որ յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանը ինքը պիտի պարզի տվյալ գործի տվյալ հանգամանքները։

-Խոսեցիք փոխկապակցված անձանց մասով, այստեղ հարցեր են առաջ գալիս հենց նաեւ փոխկապակցված անձանց դեպքում, օրինակ՝ եթե օպերատիվ հետախուզական միջոցառումների հիմքով սկսված ուսումնասիրություններով Սահմանադրական դատարանը դիտարկել է պաշտոնի ստանձնումից հետո արդեն ընկած ժամանակահատվածը, իսկ փոխկապակցված անձը երբեք, օրինակ՝ պաշտոն չի զբաղեցրել, ստացվում է, որ նա սուբյեկտ չէ եւ հետեւաբար նրա մասով չպետք է իրականացվի ուսումնասիրություն, օրինակ, այստեղ խնդիրներ տեսնո՞ւմ ենք։

-Այստեղ խնդիրը ոչ թե անձի պաշտոն ունենալը, կամ չունենալն է, այլ՝ փոխկապակցված լինելը, փոխկապակցվածությունը եւս որոշում է դատարանը՝ առանձին գործով առանձին հանգամանքներ հաշվի առնելով, եւ փոխկապակցված անձը պարտադիր պետք է խոչընդոտած լինի որեւէ թափանցիկության, այսինքն՝ իրենով պիտի ստվեր գծված լինի տվյալը ապօրինի գույքը ձեռք բերելու հանգամանքի վրա։ Այդքանով այդ տվյալ անձը կհամարվի փողը փոխկապակցված։

-Օրինակ՝ մինչ օրս քննված հայցերի մասով մենք ինչ-որ խնդիր տեսնո՞ւմ ենք կամ, ասենք՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն, կես տարի անց, մենք այս դեպքում որեւէ փոփոխություն ունե՞նք։

-Փոխկապակցված անձանց հետ կապված՝ ոչ, դատարանը յուրաքանչյուր գործով առանձին է որոշելու։

-Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով ՍԴ որոշումը, հայտարարել էր, թե «եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացե՞լ է»։ Այս դեպքում եթե մեկնաբանենք դատախազության քայլերը, արդյո՞ք, իսկապես հայաստանյան իրականության մեջ մեծ ունեցվածքի տեր մարդիկ պետք է անցնեն խոշորացույցի տակով։

-Կարծում եմ՝ հարուստ լինելու միակ գրավականը ապօրինի գործողությունները չեն, հնարավոր է հարուստ լինել օրինական հիմքերով։ Յուրաքանչյուր դեպքում պետք է անձն ունենա իրավաբանական օգնություն, փաստաբանական օգնություն ստանալու իրավունք, որոնք չպետք է խոչընդոտվեն։ Յուրաքանչյուր դեպքում դատախազությունը, երբ որ քայլեր է ձեռնարկում, արդեն ունի որոշում, ուսումնասիրության փուլն անցնելուց հետո, կայացված որոշում ունի, տվյալ որոշումները ենթակա են վիճարկման, կարող են վիճարկվել օրինական կարգով, եթե դա չի հարում այն անձին, ով անօրինական եկամուտ ունի։ Այդ մասով պիտի արձանագրեմ, որ դա միանշանակ չի կարող այդպես համարվել։

-Եթե անդրադառնանք հենց օրենքին եւ մի քիչ քաղաքական կոնտեքստ տանք, օրենքի ընդունումից արդեն 4 տարի է անցել, «մեղադրյալի աթոռին» են հայտնվել պաշտոնաթող նախագահներից մինչեւ նախարարներ, այսինքն՝ նախորդ իշխանության մեջ մեծ ու փոքր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձինք, սակայն նրանց մեջ չկան այսօրվա իշխանության բարձր պաշտոնների նշանակված, կամ զբաղեցրած անձինք։ Այստեղ ավելի շատ քաղաքակա՞ն ենթատեքստ մենք կարող ենք գտնել, թե՞՝ այնուամենայնիվ, դատախազությանը ավելի երկար տարիներ է պետք ունեցվածքն ուսումնասիրելու եւ գործը քննելու համար։

-Հետաքրքիրն այն է, որ Դուք Ձեր հարցում Ձեր հարցի պատասխանը հնչեցրեցիք։ Ես չեմ կարող քաղաքականացնել սա եւ չեմ կարող հիմա հղում անել որեւէ վիճակագրության, որովհետեւ չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, որ որեւէ վիճակագրություն է հավաքվել նախկինների եւ ներկա պաշտոնյաների ունեցվածքի ստուգման հետ կապված, ծագման հետ կապված։ Նման վիճակագրության ծանոթ չեն, բայց ամեն դեպքում, այո, սա երկարատեւ գործընթաց է, եւ հենց դիմումատուները, վերադառնանք նախկին մեր կետին, դա էին նաեւ ընդգծում, որ այս երկար գործընթացի ժամանակ դատախազությունը անսահմանափակ ժամանակ է ունենում նյութեր հավաքելու, ապացույցներ ձեռք բերելու, որոշում կայացնելու համար, բայց երբ արդեն գործը մուտք է արվում դատարան, պատասխանող կողմը ընդամենը 1 ամիս ունի իրավական օգնություն ստանալու, փաստաբան ընտրելու, ապացույցներ ձեռք բերելու, եւ նաեւ ընդգծում էին, որ դատախազության ապացույցներ ստանալու հնարավորությունները շատ ավելի լայն են, որովհետեւ Սահմանադրությամբ նրան վերապահված լիազորությունները շատ ավելի լայն են, քան կոնկրետ անձինը, ապացույցների մասով հնարավոր է հանդիպել գաղտնիության, կամ այլ սահմանափակումների։ Խնդիրներից մեկը բարձրաձայնված հենց դա էր, որ 1 ամիսը պատշաճ ժամանակահատված չէ, որպեսզի մեղադրվող անձը կարողանա իր անմեղությունը ապացուցել։

-Այս  դեպքում ի՞նչ է ասում պատասխանող կողմը։

-Պատասխանող կողմը, այսինքն Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ընգծում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, եւ դա չի սահմանափակվում որեւէ ժամանակահատվածով, եթե անձը ցանկացած ժամանակ կարող է ունենալ իրավաբան, փաստաբան, ցանկացած ժամանակ կարող է դիմել նրա օգնությանը՝ անկախ նրանից դատախազության կողմից հայցը արդեն մո՞ւտք է արված դատարան, թե՞՝ ոչ։

-Բայց այդ դեպքում մի փոքր, այսպես ասած, անարդար չէ՞, որ դատախազությունն ունի հսկայական ժամանակ՝ առանց դատարան մտնելու այսպես ասած, ուսումնասիրություն կատարելու եւ հայցադիմում ներկայացնելու համար, իսկ անձն ընդամենը 1ամիս ունի իրանմեղություն ապացուցելու համար։

-Եթե փնտրենք անարդարություններ, հնարավոր է, որ գտնենք, բայց նաեւ ունենք այն, ինչ ունենք, եւ համաձայն դրա՝ եթե որեւէ անձ, անկախ տվյալ օրենքի շրջանակներից դուրս, ցանկանում է որեւէ անձի դեմ հայց ներկայացնել դատարան, էլի ունի ոչ սահմանափակ ժամանակ ուսումնասիրություններ անելու համար, որոշակի գործերով, իհարկե, կան գործեր, որտեղ ժամանակը ֆիքսված է, բայց նույնը հակառակ պատկերում էլ կա։

-Քիչ չեն դեպքերը կամ, այսպես ասած, գաղտնիք չէ, որ Սահմանադրական դատարանի որոշումները երբեմն կամ չեն կատարվում, կամ՝ մասամբ են կատարվում։ Օրինակ՝ «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ որոշումից հետո արդյո՞ք դատախազությունը հետեւում է հենց Բարձր դատարանի արձանագրումներին եւ առաջնորդվում հենց նրա կողմից, այսպես ասած, հստակություն մտցնելու այս կամ այն նորմերի մեջ։

-Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են պետության բոլոր իրավական համակարգերի, բոլոր կառուցվածքների համար։

-Բայց կան դեպքեր, որ չեն կատարվում, կամ թեկուզ թերի են կատարվում։

-Ես որեւէ տվյալի ու անհատական վիճակագրության ծանոթ չեմ, չգիտեմ որեւէ դեպք, որ կատարվել են թերի, բայց եթե կան որոշակի թերի կատարումներ, հնարավոր է՝ ՄԻԵԴ գանգատարկումներ տանել եւ հասնել ի վերջո արդարության, արդար դատաքննության։

-Բռնագանձումներից հետո հնարավոր է՝ որոշ անձինք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպական դատարանն արդեն իսկ ունի մի շարք վճիռներ այս կամ այն երկրների դեմ հենց այս գործերի մասով։ Այդ կարգավորումներով Հայաստանի դեմ վճիռներ կայացնելու տարբերակներ կա՞ն, ու արդյոք սա եւս հավելյալ ծա՞նր բեռ չի լինի Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ մի քանի հարյուր հազարավոր եվրոների հասնող վճիռներ է կայացրել։

-Այո՛, ես ինքս ուսումնասիրել եմ մի շարք երկրների նմանատիպ գործերով ՄԻԵԴ որոշումները եւ կարող եմ արձանագրել, որ ՄԻԵԴ հիմնական որոշումների մեջ մենք կարող ենք հանդիպել անձի արդար դատաքննության իրավունքի եւ սեփականության իրավունքի խախտումներ։ Հայաստանի Հանրապետությունը պիտի աչալուրջ լինի որոշումներ կայացնելիս, որպեսզի մարդու տվյալ իրավունքները չխախտվեն, չխախտվի մրցակցության սկզբունքը, անձին հնարավորություն տրվի դատական պաշտպանություն ունենալ պատշաճ կարգով, օրենքով սահմանված կարգով, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար ապագայում լրացուցիչ բեռ չլինի ՄԻԵԴ որոշումների կատարումը՝ տվյալ մասով բռնագանձումների։

-Կես տարի է արդեն անցել Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ի՞նչ իրավիճակ մենք ունենք այսօր, արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումները, որոշումը եւ արձանագրումները որեւէ հետեւանք թողել են։

-Մի քանի ամիս է, ինչ Սահմանադրական դատարանի որոշումը կա, այո, շուրջ կես տարի է, սակայն հարցին հստակ պատասխան տալու համար մենք պիտի սպասենք որոշակի շրջան, որպեսզի պրակտիկա ձեւավորվի, որպեսզի տեսնենք, թե բողոքարկումները ո՞ր մասով են ավելի շատ լինում՝ դատախազությա՞ն լիազորությունների, գործառույթների մասով, թե՞՝ այլ դատավարական խախտումների մասով։ Երբ ունենանք որոշակի պրակտիկա, նոր կկարողանանք հասկանալ Սահմանադրական դատարանի որոշման կատարումը որքանով է կայացած։