Օրերս աղմկոտ պաշտոնանկությունները մեկնաբանելու համար «1in.am»-ը հրավիրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանին։
Տիգրան Եգորյան — «Այդ պաշոնազրկումները մեծ հաշվով բոլորն էլ տեղին են, բայց պետք է կարողանանք ճշգրիտ հասկանալ, թե ի՞նչ է դա ցույց տալիս։ Ըստ իս, սա վկայում է կառավարման վատ որակի մասին: Երբ տարբեր համակարգերի մի քանի տարվա աշխատանքն ու արդյունքները բերում են պաշտոնատար անձանց նման համակարգային փոփոխության, նշանակում է, որ այդ ընթացքում լավ չենք աշխատել, կառավարումը լավ չի իրականացվել, նույնիսկ կարելի է ասել՝ գրեթե տապալվել է։ Հակառակ դեպքում հարցի լուծումը այսպիսի ռադիկալ մեթոդի կիրառման չպիտի հասներ։ Ընդհանրապես լավ կառավարումն այն է, երբ կարողանում ես ընթացիկ խնդիրները ճիշտ դասակարգել, դրանք սպասարկել հնարավոր ռիսկերը կառավարելով, որպեսզի հարցը չհասնի վիրահատական միջամտության։ Ըստ այդմ, ցավոք սրտի, տեղի ունեցածը վատ կառավարման հետևանք է, և այս ոլորտում կառավարությունը ձախողել է։ Հաջորդ հարցն այն է, որ այս մարդիկ հօդս չեն ցնդելու, նախադեպերից դատելով՝ ներգրավվելու են այլ ոլորտներում պատասխանատու պաշտոններում, ինչը նշանակում է, որ վիճակն ավելի վատ է, այսինքն՝ լավ կառավարում ապահովելու համար բավարար ռեսուրսներ չունենք։ Եթե չենք կարողանում հասցեագրել ինչպես անձանց խնդիրներն ու մեղավորությունը, այնպես էլ՝ այդ խնդիրների լուծումը, ապա դա մտահոգիչ իրավիճակ է։ Այսինքն թե՝ մենք լուծում, որպես այդպիսին, չունենք: Հայաստանի ժողովուրդը պետք է հասնի նրան, որ իր ընտրած մեծամասնությունը կարողանա ավելի բարձր արդյունավետությամբ կառավարում ապահովել: Մենք, որպես պետություն, որպես ժողովուրդ, ցավոք չունենք այնքան ժամանակ, որ մի քանի տարի սպասելու և դիտարկելու ճոխությունը մեզ թույլ տանք, իսկ հետո փորձենք ինչ-որ իմպուլսիվ և բավական դետոնացնող փոփոխություններ իրականացնել։ Դրանք ոչ մի կերպ չեն փոխելու իրավիճակը։ Մենք մասնակցային կառավարման գործիքները պիտի այնպես կատարելագործենք, որ խնդիրները կառավարենք հընթացս, ախտորոշենք զարգացող հիվանդությունն ու հընթացս իրականացնենք կանխող միջամտություններ: Արդեն մի տարի ես կառավարման ոլորտում որոշակի հետազոտություններ եմ անում։ Ամենակարևոր եզրակացությունը որ արել եմ, հետևյալն է․ որևէ նախագիծ կամ կառավարման համակարգ տապալելու առաջին գրավականը հանձնարարությունների կատարմանը սպասելն է։ Այսպիսով արդյունավետ կառավարում չես կարող ապահովել։ Հանձնարարությունների հետևից ինքդ պիտի գնաս՝ հետևես, հսկես և ամեն փուլում ստուգես կատարման ընթացքը, պիտի կարողանաս գործընթացի, ճանապարհը հաղթահարելու ընթացքի նկատմամբ, այսպես ասած, օնլայն, համաժամանակյա վերահսկողություն պահել։ Հակառակ դեպքում որոշ ժամանակ անց պարզապես պիտի արձանագրես, որ «վայ, հանձնարարություններս չեն կատարվել»։ Այս պարագոյում մենք ուղղակի չենք կարող պետական կառավարման մակարդակում համբերության բաժակը լցվելու մասին խոսել․ դա պրոֆեսիոնալ և գիտահեն մոտեցում չէ»։
Հարցին, թե ի՞նչ չափանիշով է որոշվում, որ մի պաշտոնյան լավ է աշխատում, մյուսը՝ ոչ, Եգորյանը պատասխանել է․
«Նախորդ անգամ ձեզ հետ խոսեցինք քաղաքական ընկալումների և գործընթացների առավել դետալացված գիտակցման ու կառավարման մասին։ Ինքնին որևէ որոշում, նույնիսկ եթե այն հռչակվում է որպես որևէ խնդրի լուծման կապակցությամբ ընդունված, դեռ երաշխիք չէ, որ դա այդպես է, որովհետև շատ կարևոր է ախտորոշել խնդիրը՝ դրա մասին տեղեկացնելով հանրությանը։ Կարևոր է, որ գնահատվի խնդրի լուծման համար ձեռնարկվող քայլի արդյունավետությունը, դրա պիտանելիությունը։ Այս խնդիրներից որևէ մեկն այսօր հասցեագրված չէ։ Մենք փաստորեն չենք կարողանում զարգացնել այս կարողությունը։ Օրինակ՝ ինչպե՞ս է վերին՝ կառավարության, կամ վարչապետի մակարդակում վերահկսվում այս կամ այն նախարարի աշխատանքի որակը։ Նախարարի և փոխնախարարների խողովակը որքանո՞վ է արդյունավետորեն օգտագործվում։ Ես կարծում եմ՝ փոխնախարարների հաշվետվողականության և նախարարի ու վարչապետի հարաբերությունների հետ կապված այդ եռանկյունին ճշգրիտ չէ օգտագործվում։ Հաջորդը վերահսկողական ծառայություններն են․ սրանք բավական կոպիտ գործիքներ են, որոնք իրականում շատ արդյունավետ չեն և ժամանակին միջամտելու հնարավորություն չեն չտալիս։ Եվ ամենավերջին բութ գործիքը՝ քրեական հետապնդման մարմիններն են՝ դատախազություն, նախաքննության մարմինները և այլն, բայց սրանք արդեն ուշացած գործիքներ են։ Երբ գործադրում ես այս մարմինները, նշանակում է խնդիրը առաջացել է, արագացել ու այլևս վերածվել հիվանդության։ Այս դեպքում էլ մենք դարձյալ արդյունավետ կառավարում չունենք։ Այնինչ առաջին մակարդակում խնդիրը արդյունավետ լուծելու համար նաև քաղհասարակության և այլ խողովակների վերահսկողական գործիքների պետքը կա, ինչը նույնիսկ Սահմանադրության մակադրակի բարձրացված։ Թեև՝ այս խնդիրը 2018-ից լուծեցինք, ըստ էության, թարս ուղղությամբ: Պետական կառավարման համակարգում քաղաքացիական հասարակության՝ որպես արդյունավետ գործիքի ընկալումը էապես սահմանափակվեց, նվազեցվեց, վերացվեց: Այնինչ այդ գործիքը կարող է վարչապետին ու կառավարությանը իրենց ենթակա մարմինների նկատմամբ արդյունավետ ընթացիկ վերահսկողության հնարավորություն տալ․ այս գործիքներն այսօր առկա չեն, փաստացի հենց վարչապետը հայտարարեց, որ այլևս անհրաժեշտ չէ, այլևս՝ ժողովրդավարություն է: Այնինչ՝ ժողովրդավարական ընտրությունը դրա արդյունքում ձևավորված իշխանության կողմից արդյունավետ կառավարման կարողություն դեռ չի ենթադրում, հետևաբար իրերի այսօրվա վիճակը շատ օրինաչափ է»:
Դիտարկմանը, որ վերջին պաշտոնանկություններից տպավորություն է, թե բոլոր իրավապահ կառույցները վատ են աշխատում, իսկ դատախազությունը՝ ոչ, Եգորյանն արձագանքել է․
«Սա ածանցվում է նախորդ հարցի բովանդակությանը՝ երբ հասցեական գնահատում, ախտորոշում չի իրականացվում, դժվար է ինչ-որ բան ստույգ հասկանալ, այնինչ ակնհայտ է՝ չի կարող Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն վատ աշխատեն, բայց դատախազությունը լավ աշխատի, ոնց որ ասես՝ ուղեղը լավ է աշխատում, մնացած օրգաններն են վատ աշխատում: Բնականաբար, առաջանում է մի դիսոնանս և հարցական, որը պետք է հասցեագրվի, քանի որ ՀՀ-ում քրեական քաղաքականության հիմնական ձևավորողն ու իրագործողը դատախազությունն է: Որովհետև օրենքով սահմանված որևէ եզր կարող է կիրառվել այնպիսի լայն սպեկտրով, որ օրենսդիրը կարող է օրենքն ընդունելիս կանխատեսած չլինի, քանի որ ընդունելուց հետո օրենքն ապրում է իր կյանքով: Այն մեկնաբանում է քննիչը, դատախազը, փաստաբանը և հետո դատարանները՝ վերադասությամբ, կարող է նաև վճռվի Սահմանադրական դատարանի կողմից: Այստեղ մի հսկայական տիրույթ կա, որում ազատորեն շարժվում է դատախազութունը և դրա արդյունքների մասին ևս շատ կարևոր է խոսել, որովհետև արդյունքների պատասխանատուն միայն Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն չեն և չեն կարող լինել՝ եթե ուզեն էլ։ Եվ այո՛, կրկին մեր առջև կանգնած է այս հարցը՝ հասկանալու, թե ո՞վ, ո՞ր հարցում և ի՞նչ չափով էր սխալ, ո՞ր ուղղությամբ էր այդ սխալը զարգանում, այդ սխալը կանխելու կամ հետագայում բացառելու համար ի՞նչ խնդիրներ պետք է լուծել: Մենք այն վիճակում չենք, որ բոլորը բոլորից շնորհակալ լինեն և բարի հարաբերությունների շրջանակում անտեսեն խնդիրները․ դրանք պետք է հասցեագրել և բարձրաձայնել, հակառակ դեպքում տեղում կդոփենք։ Հասկանում եմ, որ գայթակղիչ է որևէ փոփոխություն ներկայացնել որպես հարցի լուծման հնարավորություն, բայց ցավոք այդպես չէ: Կառուցակարգային փոփոխություն անելիս պիտի հաշվի առնել, որ մենք ունենք խնդիրներ, որոնք ձախողում են մեկ ֆունկցիայի կայուն և արդյունավետ իրագործումը՝ այդ ֆունկցիայի իրագործման տարբեր աստիճանակարգերում, տարբեր մարմիններին պատվիրակելու հետևանքով, բայց դրանց միավորումը ճիշտ արդյունք չի տալիս: Որովհետև օպերատիվ աշխատանքի և այդ բլոկում աշխատողների, նաև՝ նախաքննության բլոկի աշխատանքների, այդ թվում և դատախազության աշխատանքի բովանդակության մեջ խորանալու պարագայում, կտեսնեք, որ կադրերը խնդիր է: Երբ Քննչական կոմիտեն ստեղծվեց, քննիչները հո լուսնից չբերվեցին։ Երբ որոշվեց, որ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը պիտի միանա Քննչական կոմիտեին, ապա ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը ոնց որ կար, այդպես էլ մնաց, ուղղակի անունը փոխվեց: Մարդիկ չեն փոխվել՝ ո՛չ ներքին մտածողության տեսանկյունից, ոչ էլ այդ մտածողության կիրառման տեսանկյունից, այսինքն, այդ համակարգերի արտաքին փոփոխությունը որևէ բովանդակային արդյունք չի տալիս: Երբ քննիչը մտածում է, որ ինքը պետք է միայն էջերով ռեֆերատներ կազմի, որ իր քննության որակը պայմանավորված է մեղադրական եզրակացության մեջ կծող, լավ, հետաքրքիր ձևակերպումների առատությունից, կամ այլ անիմաստ խմբագրական աշխատանքից, նրան որտեղ էլ տանես, իր աշխատանքի որակը չի փոխվի։ Երբ սա հասկանանք ու հարցը հասցեագրենք՝ արդեն իսկ կունենանք որակական փոփոխություն՝ անկախ այդ տեխնիկական կարևոր խնդիրները լուծելուց։ Դատախազը երբ հասկանա, որ ինքը ոչ թե պիտի մի տարի իրականացնի ինչ-որ հետապնդում, սկզբից՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսքով, հետո՝ գաղտնի քննչական գործողությունների, իսկ հետո էլ մի տարի քննություն իրականացնի, շարադրությամբ ցուցմունքեր ֆիքսի, մինչև չհասկանա, որ հանցավորության դեմ պայաքարի արդյունավետ եղանակը դա չէ, մենք քննության որակի փոփոխություն չենք ունենա, չենք ունենա, քանի դեռ նախաքննական և դատաքննական բովանդակությունները չենք վերանայել»։
