«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց ստորագրությամբ մեր նախաձեռնած կարևոր գործին` ստորագրահավաքին, միացած 60,000 քաղաքացիներին, որոնք հավատացին ու չզլացան ներկայանալ համայնքապետարաններ․ սա իրոք պատմական իրադարձություն է»։
«1in.am»-ի տաղավարում Ռուբեն Մեհրաբյանի հետ զրույցում հայտնել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան, ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, Եվրաքվեի նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով Եվրաքվեի արդյունքներին, և հավելել է․
«Թեև մեղքը նախաձեռնող խմբինը չէր, այդուհանդերձ նաև հայցում եմ այն քաղաքացիների ներողամտությունը, որոնք Հայաստանում և արտրկրում ցանկացել են մասնակցել, բայց օրենքի անկատարության և անբավարար տեխնիկական հնարավորությունների պատճառով դրա հնարավորությունը չեն ունեցել։
Այդ ամենով հանդերձ՝ մենք կարճ ժամանակում կարողացանք անել մի շատ կարևոր գործ, որը, կարծում եմ, հաստատապես էականորեն ազդեց նաև հասարակական տրամադրությունների վրա։ «Գող փիսո, քաչալ շուն» դիսկուրսի փոխարեն մենք հանրային քննարկման ասպարեզ բերեցինք մի շատ կարևոր դրական օրակարգ․ սկսեցինք խոսել Եվրամիության, դրա առաքելության, պատմական նշանակության ու դերի, այդ կառույցին անդամակցելու պարագայում Հայաստանին ընձեռնվելիք հնարավորությունների մասին, ինչը շատ կարևոր ներդրում էր նաև քաղաքական դաշտում: IRI-ի անցկացրած հարցումներն ակներև արին, որ հարցվածների 58 տոկոսը պաշտպանում է Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գաղափարը: Կարծում եմ՝ այդ տրամադրությունները ձևավորելու հարցում ստորագրահավաքը նախաձեռնած խմբի դերակատարությունը զգալի է եղել, որովհետև անցած մեկ ամսից ավել միջոցում մենք բավական լուրջ իրազեկման աշխատանք արեցինք: Խոսեցինք Եվրամիության, Հայաստան և Եվրամիություն համագործակցության մասին, այդ համագործակցության ներուժի, անդամակցության առավելությունների մասին: Նաև՝ տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո տարբեր առիթներով նշեցինք, որ մեր տարածաշրջանում փաստացի տեղի է ունենում Արևելյան գործընկերության ընդլայնման գործընթաց, և շատ ափսոս կլիներ, եթե Հայաստանն այդ ալիքի վրա չհայտնվեր, քանի որ պարզ չէ, թե Հայաստանին նման հնարավորություն ապագայում էլ ե՞րբ կընձեռնվի։ Նախաձեռնության անդամներս ներպետական բարեփոխումների համատեքստում ասված մեր խոսքում բազմիցս կարևորել ու շեշտել ենք, որ եթե Հայաստանը հռչակի ԵՄ-ին անդամակցելու մտադրություն, ապա աներկբա է, որ ներպետական բարեփոխումների հարցում իշխանությունը իր առջև կդնի բարձր նշաձող, որին հարկ կլինի սեղմ ժամկետներում և արդյունավետ ջանքերով հասնել: Խոսել ենք նաև տնտեսության, հասարակության կենսամակարդակի բարձրացման, ստանդարտների ներդրման մասին, նաև հայտնի չորս ազատությունների՝ մարդկանց, ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ազատ տեղաշարժի մասին, ավելի լավ ներդրումային միջավայրի հնարավորության մասին և այլն: Բայց նաև նշեցինք, որ այսպես կոչված «տնային աշխատանքը» կատարելու, ստանդարտիզացման հասնելու և հստակ սահմանված չափանիշներին համապատասխանելու խնդրի լուծումը պետական լուրջ ջանք կպահանջի: Ակնհայտ է, որ ամեն կողմից կանխատեսվող «թեժ» աշնան փոխարեն մենք ունեցանք հնարավորինս ցիվիլ, պոզիտիվ, կառուցողական քննարկումներ, որոնք դրականորեն ազդեցին հանրային գիտակցության վրա և ես, իհարկե, ուրախ եմ այդ արդյունքի համար»:
Ռ. Մեհրաբյանը տարակուսել է, թե գուցե հանրության հետ շփվելիս նախաձեռնող խումբը լավ չի աշխատել և չի բացատրել, որ ԵՄ-ն անվտանգային կառույց չէ, որ ԵՄ տանող ճանապարհը դժվար է․ «Մարդիկ թյուրիմացության մեջ չե՞ն արդյոք, թե՞ այնուամենայնիվ լավ հասկանում են՝ խոսքը ինչի մասին էր»։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Բազմիցս ենք շեշտել, որ Եվրամիությունը անվտանգային կառույց չէ, բայց նաև փաստարկել ենք, որ ԵՄ անդամ Հայաստանի անվտանգային միջավայրը կլինի շատ ավելի նպաստավոր: Բացի դրանից, ասել ենք, որ ԵՄ առաջադրած չափանիշներին համապատասխանելու ճանապարհը հեշտ չի լինելու։ Անգամ հարաբերությունների ներկա վիճակը, որոնք կարգավորվում են ՀԸԳՀ-ով, պատշաճ չի: Հստակ է, որ խնդրին պետք է ավելի լրջորեն մոտենանք, ավելի մեծ ջանք գործադրենք, արդյունավետ ջանքի համար պիտի նաև Եվրամիությունից օգնություն հայցենք: Ի վերջո, կան պետություններ, որոնք անցել են այդ ճանապարհը և շատ բարեկամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ և խիստ ոգևորված են։ Բրյուսել և Վիլնյուս իմ նախորդ շաբաթվա այցի ընթացքում արձանագրեցի անդամ պետությունների ու Եվրամիության կառույցների ներկայացուցիչների անթաքույց ոգևորությունը: Բայց կան նաև սկեպտիկներ, որոնք համարում են, որ նախ պետք է իրենց քաղաքացիների հոգսերը հոգան, հետո նոր մտածեն այլ պետությունների մասին։ Նման տեսակետներ էլ կան: Ուստի դիվանագիտական աշխատանքով պիտի կարողանանք ապացուցել, որ Հայաստանը Եվրամիությունից ոչ թե միայն աջակցություն հայցող է, այլև՝ տվող է․ Հայաստանի առաջ մղած խաղաղության խաչմերուկն ու տարբեր այլ նախաձեռնությունները նաև արժեք են ստեղծելու Եվրամիության համար։
Տեսակետներ կան, թե նախաձեռնության անդամները մարդկանց մոտ չափազանցված սպասումներ են առաջացնում, որ ԵՄ-ն նրա համար չէ, որ մենք հաղթենք մեր թշմամիներին, և նման տեսակետներ իշխանություններից էլ են հնչում։
Ի պատասխան այս դիտարկման Հակոբյանը նշել է․
«Եթե ես ԵՄ Հանձնաժողովից, կամ Եվրամիության արտաքին գործողության ծառայությունից լսեի, որ ժողովրդի շրջանում բարձր ակնկալիքներ մի ձևավորեք, էլի կհասկանայի, որովհետև միգուցե այնտեղ այս պահին պատրաստ չեն Հայաստանի համար ինչ-որ արտակարգ ջանք գործադրել: Բայց երբ ես դա լսում եմ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից, ինձ համար տարօրինակ է: Եթե պետության տարբեր ներկայացուցիչներ հռչակում են, որ Հայաստանի ապագան Եվրամիությունում է, և որ իրենց մնար՝ վաղն ևեթ կդիմեին անդամակցության, ապա, մեր արածը մի բան էլ պետք է այդ պաշտոնական տեսակետի համար դիտարկվի օգնություն, ոչ թե քննադատության ալիք առաջացնի: Հետևաբար, այդ տիպի քննադատությունը ինձ համար անհասկանալի է։ Երբ Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհեցին, ապա Վրաստանի պարագայում շեշտվեց, որ ընդառաջում են վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին: Հիմա եթե մենք ի պատասխան Եվրամիության կամ անդամ պետությունների տարբեր ներկայացուցիչների հարցադրումների՝ փորձում ենք ստորագրահավաքի, հարցումների, կամ այլ նախաձեռնությունների միջոցով ԵՄ-ին անդամակցելու մեր ժողովրդի ցանկությունը ջրի երես հանել, ձևակերպել, ավելի առարկայական տեսք տալ, ապա ո՞րն է խնդիրը: Դա միայն խնդիր կարող է լինել Եվրամիության, կամ այն անդամ պետությունների համար, որոնք ընդլայնման գաղափարին դիմադրում են, բայց Հայաստանի իշխանությունների համար միայն օգնություն է: Եթե ԵՄ անդամակցության գործընթացից մի քիչ վերանանք, ապա այս նախաձեռնությունը կարևոր դերակատարում կունենա նաև արևմտամետ ընդդիմադիր դաշտը միավորելու համար, ինչի արդյունքում, հուսով եմ, ի վերջո կունենանք մեր ժողովրդի պրոեվրոպական տրամադրություններն արտահայտող քաղաքական ընդդիմություն, որովհետև «դավաճան-դավաճանը դու ես» դիսկուրսը չի կարող անվերջ շարունակվել: Վեց տարի չի կարող շարունակվել այս թշնամանքը։ Կարծում եմ՝ ես արտահայտում եմ մեր բազմաթիվ քաղաքացիների տեսակետը, որ մարդիկ զզվել են մեր պառլամենտում դրսևորվող այդ դիսկուրսից։ Դա հարիր չէ ժողովրդավարական պետության պառլամենտին։ Կարծում եմ՝ քաղաքակական համակարգը մինչև չառողջանա և այս որակի ընդդիմություն չգա Հայաստանի խորհրդարան, ես թերահավատ եմ, որ մենք կունենանք նորմալ դատաիրավական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանության բարելավված վիճակ: Այսքան թերացումներ կան իշխանության կողմից, բայց դրանց շուրջ չի հնչում որևէ տեղին, առարկայական, իրավիճակը շտկելուն ուղղված բովանդակային քննադատություն խորհրդարանական ընդդիմության կողմից»։
Դիտարկմանը, որ «եթե ասում են, որ սահմանազատման հարցով ՍԴ որոշումը հակասահմանադրական է, ինչի՞ շուրջ բանավիճել», Հակոբյանն արձագանքել է․
«Անգամ եթե պնդումն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը սահմանադրական չէ, և այդ պնդումը ողջամիտ փաստարկների դաշտում է, ապա կարելի է դա քննարկել, բայց ես տեսնում եմ, որ քննարկումը այլ եզրաբանությամբ է ընթանում, էլի՝ «դավաճան, ծախեցին, հողատու և այլն»․․․ Մարդիկ սրանից հոգնել են և կառուցողական, բովանդակային քննարկում բերող ընդդիմությունը Հայաստանի համար առաջին անհրաժեշտության խնդիր է: Կառուցողական ընդդիմությունը, որը հուսով եմ՝ կգա, իրավիճակ կփոխի և շղթայաբար տեղի կունենան մեր բոլորի երազած, ակնկալած դատաիրավական բարեփոխումները։ Առնվազն դա կշրջադարձի դեպի բովանդակային խոսակցություն»։
Ռ Մեհրաբյանը հարց հնչեցրեց, որ «ՀՀ-ն դառնում է հետխորհրդային տարածքի եվրոպական մասի մի կարևոր բաղկացուցիչ, ինչպե՞ս է ընկալվում այս ամենը մեր միջազգային գործընկերների կողմից, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝ միջազգային հարթության վրա»։
Ի պատասխան Հակոբյանը նշեց․
«Արևելյան գործընկերության թեկնածու երեք պետությունները եթե միասին գնում են Եվրոպական Միություն, ապա տարածաշրջանում մենք մնում ենք Բելառուսի և Ադրբեջանի հետ։ Այս կոնֆիգուրացիան մեզ որևէ կերպ չի կարող ձեռք տալ` հաշվի առնելով, որ բոլոր թերություններով հանդերձ, ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը դեռ մի քայլ էլ Վրաստանից առաջ է։
Մենք փորձում ենք ցույց տալ, որ տարածաշրջանում շատ երևույթներ փոխկապակցված են և ուրախ եմ, որ Մոլդովայի հարցը լուծվեց, չնայած մտահոգիչ հաղորդումներին, թե այնտեղ ռուսական պրոպագանդան ավերիչ ազդեցություն ունի․ նման իրավիճակ է նաև Վրաստանում, և միայն մնում է հուսալ, որ վրաց ժողովուրդը իր հաստատուն ձայնը կհնչեցնի՝ հօգուտ իր եվրոպական ապագայի, ինչը հնարավորություն կտա նաև Հայաստանին հավակնել այդ ուղուն: Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին․ Եվրախորհրդարանում մեր հանդիպումների արդյունքում պարզեցինք, որ մեր նախաձեռնությամբ ոգևորված էին հատկապես Բալթանյան պետությունները Եվրամիության այլ պաշտոնյաներ՝ ևս, որոշներն ավելի սկեպտիկ են: Բայց բոլորի հետ պետք է աշխատել, բացատրել, որ մեր նախաձեռնությունը չի նշանակում, որով հենց վաղը դիմելու ենք ԵՄ անդամակցության, այլ այն հռչակում է այդ ուղով ընթանալու պետության մտադրությունը, հետևաբար՝ նախաձեռնությունը միայն պետք է ողջունել և նախաձեռնողներին ոգևորել»:
