Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի նախագահը ելույթ ունեցավ «Անկախության ֆորումին»

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախաձեռնությամբ հրավիրված Անկախության ֆորումին ելույթ ունեցավ ԻԵՄ-ի նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը: Նա մասնավորապես կարևորեց Հռոմի ստատուտի շուտափութ վավերացումը` նշելով, որ այն հնարավորություն կտա պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանրագույն միջազգային հանցագործություններից և թույլ կտա Հայաստանին միանալու այդ հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային ջանքերին: Նա նաև կոչ արեց Հայաստանի և սփյուռքի իրավաբաններին հետամուտ լինել ադրբեջանական քաղաքական և զինվորական վերնախավի միջազգային քրեական պատասխանատվությանը: Նաև կարևորեց քաղաքական ուժերի և քաղհասարակության ջանքերի կենտրոնացումը արցախահայության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և մարդու իրավունքների այլ միջազգային փաստաթղթերով երաշխավորված իրավունքների, այդ թվում` գույքային, պաշտպանությանը: Վերջում նա կոչ արեց իշխանություններին անհապաղ կատարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթները, ինչը հնարավորություն կտա ավելի սերտ հարաբերություններ կառուցելու Եվրամիության հետ և հռչակել, որ Հայաստանը նպատակ ունի անդամակցելու Եվրամիությանը: Անկախության ֆորումին մասնակցում էին Հայաստանի ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության համար պայքարող քաղաքական ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչները: