ՀՀ-ում ընտրովի արդարադատությունը պետք է բացառվի․ Լուսինե Հակոբյան

Վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունեցել բռնության մի քանի աղմկահարույց միջադեպեր, մասնավորապես, Դիլիջանում անչափահասի նկատմամբ ոստիկանի կողմից իրականացված բռնությունը, օրերս Երեւանում կարմիր բերետավորների կողմից երիտասարդին հարվածելու դեպքը։ Արդյո՞ք այս եւ արձանագրված մյուս դեպքերը սպառնալիք են ժողովրդավարությանը։

«Factor.am»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա» ԻԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է․

«Բնականաբար, շատ մեծ սպառնալիք են ժողովրդավարությանը, դրանք նոր ի հայտ եկած երեւույթներ չեն, ոստիկանական համակարգը տարիներ շարունակ աչքի է ընկել այսպիսի գործելաոճով, ՄԻԵԴ-ում կային բազում դիմումներ, հենց մարտի մեկից սկսած եւ այլն, շատ տարբեր այսպիսի դրսեւորումներ կային, կարելի է ասել, որ իներցիայով այդ նույնը շարունակվում է։ Կարծում եմ՝ պետք է նորմալ ուսումնասիրություն արվի՝ հասկանալու համար, թե միտումը նո՞ւյնն է մնացել, նվազե՞լ է, թե՞՝ ավելացել է, ամեն դեպքում, կարծում եմ՝ շատ լավ էր, որ հանրային սթափ արձագանքը իր տեղում էր եւ առնվազն այդ կոչերը, հորդորները միշտ կան՝ քննություն նախաձեռնելու, այդ արձագանքը ինձ ուրախացնում է»։

Իսկ ինչի՞ մասին են խոսում այս դեպքերը, ահազա՞նգ են ոստիկանության չբարեփոխվելու մասին։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Եթե պետության ներկայացուցիչներին հարցնենք՝ բոլոր ոլորտներում իրենց գնահատմամբ շատ լուրջ խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Ես այստեղ մասնագիտացված քաղհասարակության դերը պետք է կարեւորեմ, որոնք պետք է նաեւ ստանան պետության օժանդակությունը եւ լուրջ դաշնակից դիտարկվեն հենց պետության կողմից՝ իրականացնելու հանրային վերահսկողություն այդ բոլոր կառույցների նկատմամբ, եւ հույսը չդնել ներքին հաշվետվողականության եւ զեկուցումների վրա, քանի որ, բնականաբար, այդ ներքին խողովակներով պետք է իրենք ասեն՝ այո, մենք ամեն ինչ ճիշտ անում ենք, այստեղ ուղղակի ինչ-որ կողմնորոշված անձինք դժգոհության ալիք են բարձրացնում։ Իսկապես մասնագիտացված կարողություններ ունեցող քաղհասարակության մասնագետների ներգրավում պետք է լինի՝ այդ համակարգերի հանրային վերահսկողության ասպարեզում։ Նույն ոստիկանությանն առընթեր հասարակական խորհուրդը տարիներ ի վեր զուտ ինչ-որ կցորդ մարմնի դերակատարում ունի, բայց դրանք լուրջ մեխանիզմներ են, որոնք կարող են աշխատել։ Ես հիշում եմ՝ մենք դատաիրավական համակարգի լուրջ մոնիթորինգներ էինք անում 2013-ից սկսած, որոնք ընդհուպ մինչեւ ՍԴ բարեփոխումները լուրջ հանրային ազդեցություն են ունեցել, մենք կարողացել ենք այնտեղ եղանակ փոխել, որոշ անհամապատասխան անձանց մուտքը թույլ չտալ այդ կառույցներ եւ այլն։ Այս հանրային վերահսկողության գործիքը լուրջ գործիք է, եւ առաջին հերթին պետությունը պետք է դա դիտարկի որպես իր համար շատ կարեւոր գործիք այդ համակարգերի բարեփոխման համար»։

Իսկ ո՞րն է այստեղ ընդդիմության դերը։

Հակոբյանի խոսքով, ընդդիմության դերը իսկապես շատ լուրջ պետք է լինի, բայց «ցավոք, մենք այս պահին չունենք այդ ընդդիմությունը, մենք լուրջ խնդիր ունենք կառուցողական կարողություններով զինված ընդդիմություն ունենալու, որն իսկապես կկարողանա թիրախային եւ կոմպետենտ քննադատություն հնչեցնել, եւ խորհրդարանական, կամ արտախորհրդարանական վերահսկողական գործիքները բանեցնելով՝ հասնել բարեփոխումների, բայց մենք դա էլ չունենք»։

«Մենք ունենք ԱԺ ընդդիմություն, որի օբյեկտիվությունը այսպիսի հարցերում լուրջ կասկածի տակ է հանրության առնվազն մեծամասնության կողմից, քանի որ նրանց ձեռնարկած քննադատական ալիքները երբեմն էթիկական նորմերին էլ չեն համապատասխանում, բացի դա՝ այդ ալիքները զուտ կողմնորոշված են, եւ այդ կողմնորոշումն էլ այն բնական կողմնորոշումը չէ, հասկանալի է՝ ընդդիմությունը միշտ քննադատում է՝ նպատակ ունենալով գալ իշխանության, բայց այստեղ նաեւ այլ՝ արտաքին ազդեցությունների հարց կա եւ վստահության լուրջ պակաս կա նրանց հանդեպ։ Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ դեռեւս բավական ուժեղ չէ,  իրենք էլ ջանքերը մեկտեղելու խնդիր ունեն, իրենք էլ լուրջ հանրային վերահսկողություն իրականացնելու ռեսուրս էլ չունեն, գործիքակազմ էլ չունեն, իսկ այդ բոլորը ժողովրդավարական հասարակության զենքերն են, որոնք չեն օգտագործվում»,- նշել է Հակոբյանը։

Այսինքն՝ իշխանությունը ինչ ուզենա՝ կանի՞։ Հակոբյանի խոսքով, եթե իրենց ներքին լծակները չլինեն՝ հանրության ձայնը լսելու համար, փաստացի այդպես է ստացվում։

Իսկ ինչո՞վ է այսօր զբաղված իշխանությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում, ինչ-որ բան անո՞ւմ է, ինչ-որ վերջնարդյունքի ձգտո՞ւմ է, դրան միտված քայլեր անո՞ւմ է։

«Որոշակի քայլեր ձեռնարկվում են, վերջերս նաեւ ինտենսիվացել են քննարկումները քաղհասարակության հետ։ Ես նաեւ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի համանախագահողն եմ, եւ մենք ՀՀ կառավարության հետ երկխոսության ձեւաչափ ունենք, այդտեղ էլ հռչակագրային մակարդակում բաց եւ կառուցողական երկխոսելու ցանկություն առնվազն արտահայտվել է, բայց այն, ինչը որ տեղի է ունենում, ցավոք՝ մտահոգիչ է եւ որոշ միջադեպեր, որոնք կոնկրետ օրինակներով պետք է ի ցույց դնեն այդ բարեփոխումների դրական ընթացքը, ցավոք՝ տեղի չեն ունենում, եւ այդ միջադեպերը, որ տեղ են գտնում մեր հանրային կյանքում, հակառակի մասին են վկայում։ Ինձ՝ որպես Պլատֆորմի համանախագահ խիստ մտահոգում է ընտրովի արդարադատության տարբեր երեւույթներ, որոնք ես եւ մեր պլատֆորմը դիտարկել ենք։ Դրանք խիստ դատապարտելի դեպքեր են, եւ խոսում են ժողովրդավարության բացասական զարգացումների՝ ընդհուպ մինչեւ ժողովրդավարական նահանջի մասին, երբ տեղի են ունենում այդ միջադեպերը՝ երկու օրվա տարբերությամբ՝ Աժ նախագահի եւ ընդդիմադիր պատգամավորի մասնակցությամբ, որոնք երկուսն էլ առերեւույթ հանցագործության նշաններ պարունակում են, եւ մենք տեսնում ենք Գլխավոր դատախազի կողմից մեծ փութաջանություն ընդդիմադիր պատագամավորի  առնչությամբ, երբ նա միջնորդությամբ անմիջապես հայտնվում է ԱԺ-ում, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի, մինչդեռ տարբեր կողմերի կոչերը՝ ԱԺ նախագահին վերաբերող միջադեպի առնչությամբ մնում են անարձագանք, եւ դեռ ավելին, հիմնավորվում են, կամ արդարացվում են, թե՝ մարդ է, սխալվել է, սխալվել է, քանի որ մարդ է։ Նույն տրամաբանությամբ մյուսի վերաբերյալ էլ կարող ենք ասել՝ նա էլ է սխալվել, Գայանե Հակոբյանն էլ է սխալվել, բոլորն էլ մարդ են, այդպես գալիս հասնում ենք «Անասնաֆերմայի» հայտնի նշանաբանին, որ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, ՔՕ-ն մարդկանց մասին է, այն կենդանիների կողմից կատարված հանցագործությունները չի կարգավորում։ Բոլորը մարդ են, եկեք ուրեմն բոլորի արարքների նկատմամբ աչք փակենք, թող անպատժելիություն տիրի»,- նշել է Հակոբյանը։

Անդրադառնալով Աշոտ Փաշինյանի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործին՝ Հակոբյանը նշել է․

«Որեւէ կարգավիճակ չպետք է ինդուլգենցիա դիտվի հանցագործության կատարման դեպքում։ Եթե կատարվել է հանցագործություն, դա պետք է հստակ գնահատականի արժանանա, այլ հարց է, որ ՀՀ-ում ընտրովի արդարադատությունը պետք է բացառավի։ Մյուս կողմից, չեմ համարում, որ նույն Աշոտ Փաշինյանի երեկվա ճառը դատարանում շատ օգնեց իրեն, իսկապես՝ խափանման միջոցը չի կարող պատժիչ նպատակ հետապնդել, եթե իրեն դա են բացատրել ու տեղեկացրել, ապա իրեն այդ դատական պրոցեսում այդ հայտարարությունները ամենեւին չեն օգնել, միեւնույն ժամանակ ես իրոք կհամաձայնեմ, որ այստեղ միանշանակ գնահատականներ հնարավոր չէ հնչեցնել, քանի որ բավական տեղեկություններ կան, որ հանրության համար պարզ չեն, օրինակ՝ ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել այդ մեքենայի ներսում, արդյո՞ք այն իսկապպես եղել է այնպիսին, որ Աշոտ Փաշինյանը կարող էր գնահատել, որ իր կյանքին վանգ է սպառնում եւ այդպես դուրս է նետվել, մյուս մեքենայի գործողությունների պահը՝ ինչո՞ւ էին նրանք իրար հետեւից գնում։ Իրավաբաններ կան, որ ասում են՝ եթե իր կամքով է նստել, դա չի կարող առեւանգում դիտարկվել, նույն տրամաբանությամբ երեխաների առեւանգումն էլ այնպես չէ, որ միանգամից վզից բռնում նստեցնում են, երբեմն լինում է, որ համոզում են, ասում են՝ տանում ենք քո ծնողների մոտ, այսինքն, դրանք միանշանակ գնահատման ենթակա չեն, դրա համար եմ ասում, որ կան տեղեկություններ, որ հանրությունը պետք է իմանա։ Այլ հարց է՝ քանի որ սա բավական մեծ հանրային հնչեղությամբ գործ է, նման գործերի առնչությամբ նաեւ ՄԻԵԴ ստանդարտն է, որ դրանք պետք է հնարավորինս թափանցիկ եւ հրապարակային քննեն, եթե ոչ ուղիղ եթերի ռեժիմով, ապա պարբերական իրազեկմամբ հանրությանը պետք է տեղյակ պահել, թե այդ գործերում ինչ է կատարվում։ Նույն դատական պրոցեսում ցուցմունքները կհրապարակվեն, իրար հարցեր տալու հնարավորություն կլինի, եւ հուսանք՝ զենքերի հավասարության սկզբունքով առաջնորդվելով նորմալ քննությունն կլինի։ Բայց այն հայտարարությունները, որ պետք է պատժվեն մարդիկ, քանի որ ծանր հանցանք են գործել, եւ կալանքը դիտարկել որպես պատժի նպատակ հետապնդող, դա իհարկե սխալ է»։

Հակոբյանը նաեւ հավելել է․ «Այն շատ նուրբ եւ զգայուն գործ է, տարբեր շերտեր կան, զոհված անձի ծնող է, մի կարեւոր բան, որ հաստատ տեսնում եմ, դա այն է, որ հստակ կուսակցական գիծ առաջ տանող փաստաբանների մասնակցությունը դուրս եկավ եւ ավելի քիչ հող կա այս գործը շահարկելու որպես կուսակցական, կամ քաղաքական նպատակներով, եւ իսկապես հույս ունեմ, որ այդ տարրերի բացառումն այդտեղ թույլ կտա ավելի օբյեկտիվ եւ արդար քննություն իրականացնել։ Բայց որ քննություն պետք է իրականացնել, ես կողմ եմ, ժամանակը ցույց կտա, եթե շեղում լինի՝ հստակ է, որ մենք չենք լռի, կբարձրաձայնենք, անկախ նրանից, թե ով է մեղադրյալը, ով է տուժողը եւ հընթացս կհետեւենք եւ կքննարկենք։ Օրինակ՝ երեկվա հայտարարությունները ես այսօր անկաշկանդ քննարկում եմ, վաղվա եղելություններին էլ կհետեւենք՝ կխոսենք»։

Թեեւ Նիկոլ Փաշինյանն այս դեպքի մասին խոսել է հարցերը իրավական ճանապարհով լուծելու մասին, կան այլ գործեր, երբ հենց իրենք իրավապահներն անգամ իրավական ճնապարհով չեն հարցեր լուծում։ Այս դիտարկմանն ի պատասխան Հակոբյանը նշել է․

«Դրա համար ինձ համար մեխը ընտրովի արդարադատության բացառումն է, ինձ համար այդ ստանդարտը հստակ է՝ պետք է բոլորը հավասար լինեն իրավունքի եւ օրենքի առջեւ, եթե որեւէ իրավունքից այս կողմը օգտվում է, համանման փաստական հանգամանքներում այն կողմն էլ պետք է օգտվի, եւ տարբեր այլ նկատառումներ հաշվի առնելով՝ չպետք է սրան կամ նրան տալ առավելություն, դա է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհը, ժողովրդավարական պետությունը ամենաթողությունը չէ, բայց միեւնույն ժամանակ խտրական մոտեցումները չեն կախված կուսակցական կամ այլ պատկանելություններից»։

Իսկ ինչո՞ւ բացի քաղաքական ուժերից նաեւ հասարակության մի հատված ավտորիտար մտածելակերպ ունի եւ արդարացնում է բռնությունը, ինչպե՞ս հաղթահարել այս խնդիրը։

Ըստ Հակոբյանի՝ լուծման երկու ճանապարհ կա, «մեկը կրթական ռեֆորմով դրան հասնելն է, որը երկար ճանապարհ է, մյուսը՝ ներքին բարեփոխումները»։ «Եթե տեղին հանրային վերահսկողություն լինի ներսում եւ այդ բռնարարները իրենց արժանի պատիժը ստանան, կարծում եմ, որ այդ դեպքերը աստիճանաբար կնվազեն։ Բայց քանի դեռ այդ մոտեցումների համակցությունը չի կիրառվում, մենք դրան ականատես ենք լինելու։ Մենք պետք է ունենանք դեպի ռեֆորմն կողմնորոշվող համակարգեր, եւ այդ համակարգերի գլխին կանգնած անձինք, պետք է ունենանք ադեկվատ հասարակական վերահսկողություն այդ երեւույթների նկատմամբ, միեւնույն ժամանակ պետք է ունենանք ադեկվատ կրթություն, որի շրջանակներում մանկապարտեզից սկսած երեխաներին կուսուցանենք, որ բռնությունը հարց լուծելու ճանապարհ չէ, որ առողջ, ժողովրդավարական հասարակությունում ընդունված մոտեցումը առողջ բանավեճն է եւ մտքերի փոխանակումը, որ ում փաստարկները ավելի ուժեղ են, ով օրենքին հղում է անում, նա էլ հաղթում է։ Նաեւ համաչափության խնդիրը կա, ոչ ոք չի ասում՝ խոսքին խոսքով պատասխանի, քեզ վիրավում են՝ դու պատասխանի համաչափ, հիմա այդ նույն ոստիկանական բռնությունն ի՞նչ է, անհամաչափ արձագանք է իրավիճակին, էլի հասարակական երեւույթ է։ Այդ փոքր երեւույթն ենք այստեղ քննարկում, բայց աշխարհում էլ այդ երեւույթները գոյություն ունեն, նույն ՌԴ-ն բանավիճելու փոխարեն փորձում է բռնությամբ լուծել Ուկրաինայի հարցը, Ադրբեջանը մեզ հետ դիվանագիտական խողովակներով երկխոսելու փոխարեն՝ փորձում է մեզնից տարածքներ կորզել, եւ այդ արձագանքն էլ միջազգային մասշտաբներում ադեկվատ չէ, կամ սելեկտիվ ադեկվատ է, մի դեպքում ադեկվատ է, մյուս դեպքում՝ այնքան էլ ադեկվատ չէ, քանի որ կան տարբեր շահեր»,- նշել է Հակոբյանը։

Ի՞նչ է անում իշխանությունը եւ ո՞րը պետք է լինիր նրա անելիքը։ Պատասխանելով այս հարցին՝ Հակոբայնը նշել է՛

«Իմ տեսնելով՝ գերկենտրոնացում, գերշեշտադրում դրվում է արտաքին քաղաքականության վրա՝ ի վնաս ներքին ժողովրդավարական բարեփոխումների, ինչն ամենեւին դրական երեւույթ չէ։ Ես միշտ Ուկրաինայի օրինակն եմ բերում, որ անգամ ծանր պատերազմական իրավիճակում քաղհասարակության մեր գործընկերները ամենօրյա ռեժիմով այնտեղ քննարկում են հակակոռուպցիոն բարեփոխումները, դատաիրավական համակարգի խնդիրները, ատելության խոսքի դեմ պայքարը եւ այլն։ Ներքին ժողովրդավարական բարեփոխումները ոչ մի կերպ չպետք է թերագնահատվեն եւ մոտեցումը այնպիսին չպետք է լինի, որ՝ այ, մարդիկ հետաքրքրված չեն դրանով, քանի որ բոլորը մտահոգված են իրենց անվտանգային խնդիրներով, եկեք «кое как» մի քիչ յոլա տանենք եւ գնանք առաջ։ Այդ մոտեցումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Քանի որ հետպատերազմյան էտապում էլ տեսանք, որ արտաքին անվտանգային խնդիրները երբեմն ուղղակիորեն նաեւ առաջացնում են ներքին ժողովրդավարության դեմ սպառնալիքներ, եւ դրանք չպետք է անտեսվեն, այդ խորքային բարեփոխումները շահագրգիռ կարողություններ ունեցող ուժերի հետ պետք է առաջ մղվեն՝ ամենայն անկեղծությամբ եւ իսկապես ուզենալով դա անել»։