ԲԴԽ-ն փետրվարի 27-ին բավարարել է ԱՆ միջնորդությունը եւ դադարեցրել Երեւանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով այն պատճառով, որ Նախշքարյանը դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ արտահայտել է հրապարակային վերաբերմունք։ Այս որոշման վերաբերյալ արձագանքները միանշանակ չեն, տարակուսանք կա, թե ինչո՞ւ պիտի դա հիմք հանդիսանա դատավորի լիազորությունները կասեցնելու համար, ոմանք էլ վկայակոչելով նրա քննած գործերը՝ որոշումը տեղին են համարում։ Տեղի ունեցածը «1in.am»-ի տաղավարում մեկնաբանել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Փաստաբանը նշել է․
«ԲԴԽ-ի այս որոշումը առնչվում է դատավորի արտահայտվելու ազատության իրավունքին: Այդ իրավունքը երաշխավորված է առաջին հերթին մեր Սահմանադրությամբ եւ տարբեր միջազգային պայմանագրերով, որոնց կողմ է նաեւ Հայաստանը։ Այս խնդրի առնչությամբ ես կխոսեմ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի եւ ՄԻԵԴ դատական պրակտիկայի տեսակետից։ Երբ տեղի է ունենում խոսքի ազատության իրավունքի իրացում, տվյալ դեպքում դատավորը իրացրել է խոսքի ազատության իր իրավունքը, ՄԻԵԴ-ը մշտապես կիրառում է, այսպես ասած, եռաստիճան, կամ եռաթեւ թեսթը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով, արդյո՞ք այն հետապնդել է Կոնվենցիայով նախատեսված սահմանափակ իրավաչափ նպատակներից որեւէ մեկը, դրանք են՝ ազգային անվտանգության իրավաչափ նպատակը, հասարակական կարգի եւ առողջության պահպանման, այլոց ազատությունների եւ իրավունքների պաշտպանության նպատակը, նաեւ գործում է այսպիսի մի իրավաչափ նպատակ՝ դատարանի հեղինակությունը եւ անկողմնակալությունը, եւ նաեւ վերջում դիտարկում է, թե արդյո՞ք այդ սահմանափակումն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում։ Հիմա ԲԴԽ-ն հիմնվում է Դատական օրենսգրքի կոնկրետ այն դրույթի վրա, որով դատավորը չպետք է այսպես ասած՝ քննադատի ԲԴԽ-ին, որը տվյալ դեպքում կարգապահական գործերով հանդես է եկել որպես դատարան եւ հասկանալիորեն այստեղ իրավաչափ նպատակը դատարանի հեղինակության եւ անկողմնակալության պաշտպանությունն է։ Բայց այստեղ մի բայց կա, արդյո՞ք այս սահմանափակումը, եթե անգամ նախատեսված է օրենքով եւ հետապնդում է իրավաչափ նպատակ, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում․ իմ կարծիքով՝ ոչ, այդ սահմանափակումն անհրաժեշտ չէ այն պատճառով, որ Զարուհի Նախշքարյանը, ըստ էության, բարձրաձայնել է մի խնդիր, որը բարձրաձայնում է հենց ԲԴԽ նախագահը․ բոլորովին վերջերս այդ մասին նա բարձրաձայնել էր՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսի քննարկմանը նվիրված կառավարության նիսստում՝ երբ ինքը եւս խոսել է դատարանների ծանրաբեռնվածության մասին։ Ավելին, ասեմ, որ այդ խնդիրը նաեւ որպես խնդիր դիտարկված է ե՛ւ Դատաիրավական բարեփոխումների նախորդ ռազմավարությունում, ե՛ւ Դատաիրավական բարեփոխումների այս ռազմավարությունում, նաեւ ՀԸԳՀ-ի (CEPA) իրականացման ճանապարհային քարտեզներում որպես թիրախ, գործողություն նշված է դատավորների թվի ավելացումը, ինչը, բնականաբար, կթեթեւացնի դատարանների ծանրաբեռնվածությունը։ Եւ դադարեցնել դատավորի լիազորությունները այն պատճառով, որ նա իր կոլեգայի լիազորությունների դադարեցումը խնդրահարույց է համարում՝ դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության պրոբլեմի համատեքստոմ, ապա կարծում եմ, որ եթե դատավորը հետամուտ լինի իր իրավունքների վերականգմանը եւ հասնի ՄԻԵԴ, այդ որոշումը դիտարկվելու է որպես նրա իրավունքների խախտում։ Մենք դեռ նախկին իշխանությունների օրոք ունեինք այդ մոտեցումը, երբ մարդիկ մտածում էին՝ դե լավ, հիմա ՄԻԵԴ-ը 10 տարուց վճիռ կկայացնի, այն ժամանակ ով՝ ողջ, ով՝ մեռած, եւ շատ ցավալի է, որ այս մոտեցումը փաստորեն հիմա էլ է գերակայում, մարդիկ ուղղակի այս ամբողջ ձեւավորված դատական պրակտիկան եւ մոտեցումները հաշվի չեն առնում եւ էլի մտածում են՝ 10 տարուց ինչ կլինի՝ կլինի»,- ասել է Հակոբյանը եւ հավելել․
«Կարծում եմ, որ այս դեպքում արտահայտվելու ազատության իրավունքի իրացման համար դատավորին պատժելը խախտում է նրա արտահայտվելու ազատության իրավունքը, այդ իրավունքը պետք է գերակայնի, քանի որ նա իրականում, եթե մի քիչ էլ խորանանք, վերլուծենք՝ բարձրաձայնել է գնահատողական դատողություններ, որոնք ունեցել են բավարար փաստական հենք, և այդ հենքը դատարանների ծանրաբեռնվածության խնդիրն է։ Եւ իհարկե, այստեղ եթե Աննա Փիլոսյանի գործը դիտարկենք՝ կտեսնենք, որ այդ դատավորն էլ միակը չէ, որ այդպիսի խախտումներ է թույլ տալիս, եւ այստեղ էլ դարձյալ խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ են առաջինը հենց նրա լիազորությունները դադարեցվում։
Շատ կարեւոր մոտեցում կա, դարձյալ ՄԻԵԴ դատական պրակտիկայով սահմանված, որ արդարադատությունը ոչ թե պետք է իրականացվի եւ լինի օբյեկտիվ, այլեւ այն պետք է ընկալվի եւ հանրությանը տեսանելի լինի որպես օբյեկտիվ։ Հիմա այս պարագայում կան մի շարք դատավորներ, որոնք այդպիսի խախտումներ են թույլ տալիս, եւ նրանց լիազորությունները չեն դադարեցվում, եւ կա Աննա Փիլոսյանը, որը Ռուբեն Մելիքյանի կինն է, եւ հենց առաջինը հենց նրա լիազորություններն են դադարեցվում այդ հիմքով։ Այդ մոտեցումը չի կարող ընկալելի լինել հանրության համար որպես օբյեկտիվ եւ այդ պատճառով ԲԴԽ այս որոշումները խնդրահարույց են, եւ ՄԻԵԴ հասնելու դեպքում լուրջ կասկածներ ունեմ, որ այս դատավորները կվերականգնվեն իրենց պաշտոններում, եթե, իհարկե, դատարանը հասցնի գործը քննել մինչեւ նրանց թոշակի տարիքի հասնելը»։
Այսինքն, ըստ Հակոբյանի, այստեղ կա միտում եւ ընտրողական մոտեցում։
Հարցին, թե «ինչո՞ւ այդ մոտեցումը չի գործում տարբեր այլ՝ ավելի խնդրահարույց դեմքերի դեպքում, եւ դեռ հակառակը՝ նրանք ունենում են կարիերայի առաջխաղացում, օրինակ՝ Մնացական Մարտիրոսյանը», Հակոբյանը պատասխանել է․
«Մնացական Մարտիրոսյանը ամենաթարմ օրինակն է, բայց նրանով չբավարարվենք, այնտեղ այլ դեմքեր էլ կան, ես այս տաղավարում տվել եմ անուններ եւ հիմա չեն ուզում կրկնվել։ Այս խնդիրը պետք է նաեւ դիտարկել կին դատավորներին թիրախավորելու համատեքստում, առանց այն էլ մեր դատական համակարգում կանայք շատ քիչ են, մեծ թիվ չեն կազմում, եւ հենց այսպես թիրախավորել եւ առաջին հերթին դադարեցնել հենց կին դատավորների լիազորությունները, կարծում եմ, որ ամենեւին էլ ժողովրդական լեզվով ասած՝ իմաստուն քայլ չէ»։
Իսկ արդյո՞ք Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ում հայնտվելուց հետո, բան չի փոխվել։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Կարծում եմ, որ իրավիճակը ավելի է վատթարացել, կարծում եմ, որ պրոբլեմ է, երբ ՔՊ կուսակցության անդամը հայտնվում է այնպիսի մարմնում, ինչպիսին ԲԴԽ-ն է։ Էլ ավելի խնդրահարույց է, երբ իր հետ միասին այնտեղ է հայտնվում նրա նախկին ենթական, եւ նրա սանիկը, եւ որոշակի մեծամասնություն է ձեւավորվում ԲԴԽ-ում եւ որպես հետեւանք մենք ունենում ենք ԲԴԽ-ի այպիսի որոշումներ, որոնք արդեն բացատրեցի՝ բավական խնդրահարույց են լինելու մեր պետության համար ապագայում»։
Հարցին էլ, թե այսպիսի տեմպերով ի՞նչ ակնկալիքներ ունի Դատական բարեփոխումների ռազմավարությունից, Հակոբյանն արձագանքել է․
«Տեմպերը չեն խնդիրը, տեմպերն էլի կհասկանայի, թեեւ չէ, էլի չէի հասկանա, քանի որ 4 տարի անցել է արդեն, առնվազն մի քիչ ավելի հիմնավոր կարգապահական գործեր պետք է տեսնեինք․ անցումային արդարադատության գործիքակազմը չօգտագործվեց, վեթինգը չօգտագործվեց եւ այլն, գոնե այս ընթացակարգը մի քիչ ավելի հիմնավոր կազմակերպված կցանկանայի տեսնել, բայց դա էլ չենք տեսնում։ Նշեմ, որ ԲԴԽ-ում կան անդամներ, որոնց շատ հարգում եմ եւ հուսով եմ, որ իրենց քվեարկությունները տարբեր են եղել, կամ՝ ապագայում տարբեր կլինեն, երբ որ նմանատիպ գործեր հայտնվեն ԲԴԽ-ի վարույթում, ուղղակի ցավալի է, որ ամեն ինչ այս ուղղությամբ է գնում, եւ քիչ հուսադրող»։
«Իսկ սահմանադրական բարեփոխումների հանդեպ վստահություն ունե՞ք»։ Այս հարցին էլ Հակոբյանն արձագանքել է․
«Այն, ինչ ես այս պահի դրությամբ դիտարկել եմ, հետեւյալն է, որ Խորհրդում, ըստ էության եւ ցավոք սրտի, որոշումներ չեն կայացվում․ այդ որոշումները արդեն մինչեւ Խորհուրդ հասնելը կայացված են լինում։ Եւ դա մի քանի օրակարգային հարցերի շուրջ ակնհայտ դարձավ, նաեւ պետք է նշեմ, որ արտախորհրդարանական ուժերից էլ ցավոք՝ այնտեղ անկախ մոտեցումներ չեմ տեսել առայսօր, այնտեղ կարելի է ասել, որ իմ՝ ՀԿ-ներից գործընկերներն են ընդդիմախոսություն ներկայացնում տարբեր հարցերի վերաբերյալ՝ ավելի լիբերալ, ժողովրդավարական մոտեցումները պաշտպանում տարբեր հարցերի շուրջ, մինչդեռ Խորհրդի այլ անդամների մասին նման կարծիք չեմ կարող հայտնել։ Հատկապես խորապես ցավում եմ, որ սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների վերջին քննարկումը ավելի, այսպես ասած, կոնսերվատիվ շրջանակներում ընթացավ: Կային Խորհրդի անդամներ, որոնք համարում էին, որ գոյություն ունի, այսպես ասած, դասական իրավունքների խումբ, որպիսիք են՝ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, եւ այսպես ասած՝ սոցիալ-տնտեսական, մշակութային նպատակներ, եւ նրանք, ըստ էության, դեմ էին սոցիալ- տնտեսական եւ մշակութային իրավունքները հիմնական իրավունքների շարքին դասելուն։ Կոնսերվատիվ մոտեցումների արդյունք է սա, որ մարդիկ վերջին ակադեմիական և միջազգային իրավունքի զարգացումներին համահունչ չեն գնում, նաեւ մի քիչ ավելի լուրջ է պետք մտածել այն մասին, որ եթե իրոք կան իրավունքների, այսպես ասած, տարանջատումներ եւ այլն, այդ դեպքում ինչո՞ւ գոյություն ունեն երկու Դաշնագրեր՝ 1966 թվականին ընդունված «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագիրը եւ «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների մասին» ԱՄԿ-ի դաշնագիրը, եւ ինչո՞ւ է Հայաստանն այդ երկու դաշնագրերն էլ վավերացրել, եթե իրականում կա այդ տարբերությունը եւ, այսպես ասած, դասական իրավունքները միայն քաղաքականն ու քաղաքացիականն են։ Բայց սա, թերեւս, մի առանձին թեմա է, միգուցե արժե առանձին քննարկում ունենալ այս իրավունքների բոլոր ասպեկտների վերաբերյալ»։
Այդուհանդերձ, մի քանի տողով դրանց տարբերությունից խոսելով՝ Հակոբյանն ասել է, թե ինչի մասին է խոսքը․
«Երբ քաղաքական, քաղաքացիական իրավունքների խախտումներ են տեղ գտնում առանձին դատական գործերով, ապա անձը եւ Մարդու իրավունքների պաշտպանը կարող են այդ իրավունքների կապակցությամբ դիմել ՍԴ՝ ստուգելու այդ դատական գործերով կիրառված օրենքի սահմանադրականությունը։ Սակայն, սոցիալ-տնտեսական եւ մշակութային օրավունքները քանի որ սպառիչ կերպով երաշխավորված չեն Սահմանադրությամբ, այլ մեկը կամ երկուսն են դրանցից, (այսինքն, այն հիմնական իրավունքները, որոնք որ օրինակ՝ երաշխավորված են ՄԱԿ-ի միջազգային դաշնագրով, լրիվությամբ երաշխավորված չեն մեր Սահմանադրության մեջ), ապա օրինակ՝ անձը եւ Մարդու իրավունքների պաշտպանը չեն կարող այդպիսի գործերով դիմել ՍԴ, եւ սա ընդամենը մեկ օրինակ է։ Այսինքն, ստացվում է, որ 2015-ին, երբ սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքները հանվեցին հիմնական իրավունքների կազմից եւ ներառվեցին Սահմանադրության 3-րդ գլխում՝ որպես պետության քաղաքականության նպատակներ, այսինքն, դրանք դադարեցին հիմնական իրավունքներ լինել։ Եւ դա շատ լուրջ նահանջ էր ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից․ հետժողովրդավարական հեղափոխության փուլում կարելի էր առնվազն ակնկալել, որ այդ իրավունքները կվերականգնվեն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, սակայն, ինչպես հասկանում եմ, դա եւս տեղի չի ունենալու»։
