Չեմ պատրաստվում մասնակցել ձեւական մրցույթների․ Լուսինե Հակոբյան

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների նոր ընտրություն։ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան, ՍԲ հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանը չի մասնակցնել այդ ընտրություններին։

«1in.am»-ի տաղավարում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցել նոր ընտրություններին եւ ինչո՞ւ է լուծարվել հանձնաժողովը՝ Հակոբյանը նշել է․

«Կա վարչապետի որոշում, որը կարգավորում է այս պրոցեսը առաջ մղելու մանարմասները, եւ ըստ այդ որոշման՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արդեն ուներ մանդատ, եւ նախորդ տարվա մարտին ձեւավորել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Ես մասնակցել էի այդ մրցույթին եւ ընտրվել էի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ։ Այս մրցույթին ես չեմ մասնակցել, քանի որ ինչպես գրել եմ Խորհրդի անդամներին՝ այն համարել եմ իրավականորեն սխալ կազմակերպված գործընթաց, քանի որ այն պատճառաբանությունը, որ ստացել էի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունից այն մասին, թե ինչու է անհրաժեշտ այդ նոր մրցույթը, ինձ անհիմն եւ ոչ համոզիչ էր թվացել։ Հիմնավորումն այն էր, որ 2022 թվականի բյուջետային միջոցները, այսպես ասած, արդեն ծախսվել են եւ 2023 թվականի բյուջե ձեւավորելու համար, անհրաժեշտ է նոր մրցույթ անցկացնել։ Ես համարում եմ, որ մենք այդ պատճառաբանությամբ չենք կարող այդպիսի մարմին ցրել եւ տարբեր պաշտոնատար անձինք, որոնք այսպիսի պատճառաբանություններով որոշումների նախագծերի փոփոխություններ են հրամցնում վարչապետին եւ նման փոփոխություններ են իրականացում, ըստ էության, էլի փորձում են ապահովել պրոցեսների ձեւական կողմը, այլ ոչ՝ բովանդակային․ ես արդեն իսկ մասնակցել եմ մրցույթի»։

Իսկ հնարավո՞ր է, որ Խորոհւրդը դժգոհ էր Հանձնաժողովի գործունեությունից եւ ներկայացված պատճառաբանությունն ընդամենը պատրվակ էր։

Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշել է․

«Եթե անգամ այդպես է, ապա Խորհուրդն ինքը իրավասու էր այդպիսի որոշում ընդունելու՝ գնահատելու հանձնաժողովի տարբեր անդամների գործունեությունը, կամ հանձնաժողովի գործունեությունը որպես ամբողջություն եւ դադարեցնելու նրանց հետ գործնական հարաբերությունները։ Բայց այս ճանապարհով եւ այս պատճառաբանություններով, որոնք ես փաստացի ստացել եմ, դրանք ինձ համար համոզիչ չեն․ ես իմ կյանքում որոշել եմ, որ ձեւական պրոցեսների չեմ մասնակցելու։ Խորհուրդը իմ հետազոտական կարողություններին եւ իմ աշխատանքին այս ընթացքում ծանոթացել է եւ ես իրենց առաջարկել եմ այլ տարբերակ, որ եթե իմ կարիքը կա, ես պատրաստ եմ ուղիղ հրավերով վերադառնալ եւ շարունակել աշխատանքը, քանի որ ունեմ, ինչպես գրել եմ, մշակումներ մարդու իրավունքների ոլորտում, դատական իշխանության հետ կապված գլուխների առնչությամբ, եւ այդ առումով ես պատրաստ եմ վերադառնալ եւ շարունակել, բայց ձեւական մրցույթների ես չեմ պատրաստվում մասնակցել»։

Հակոբյանը անդրադարձել է նաեւ դատական համակարգում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ ընտրելու փաստին, ինչին կտրուկ դեմ է արտահայտվել քաղհասարակությունը։ Ինչո՞ւ, ուրեմն, ի հեճուկս քաղհասարակության արձագանքի, իշխանությունն այդուհանդերձ գնաց այդ քայլին։

Հակոբյանի կարծիքով, «Մնացական Մարտիրոսյանին ամեն գնով ինչ-որ կարեւոր դատական պաշտոնում ընտրելը ակնհայտ է դարձնում, որ նրան ինչ-որ մի բան խոստացվել է»։

«Հստակ է, որ նա կամ արդեն իսկ որոշ ծառայություններ է մատուցել, եւ անպայման չէ, որ այդ ծառայությունները մատուցված լինեն ամենաբարձր մակարդակով, հնարավոր է՝ նաեւ ներսում ինչ-ինչ պայմանավորվածություններ լինեն՝ այլ դատական մարմինների եւ Մնացական Մարտիրոսյանի միջեւ․ եւ ԲԴԽ-ի այդ քվեարկությունն էլ՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նրան կարգելու փորձը եւ էժան արտահոսքերն այն մասին, որ այնտեղ դեմ քվեարկողներ են եղել, դրանք եւս համոզիչ չեն այս վերջաբանի լույսի ներքո, քանի որ արդեն ակնհայտ է դառնում, որ նրան ինչ-որ մի բան խոստացվել էր եւ ամեն գնով դա ապահովվում է»։ Հակոբյանը նշել է, որ «ցանկացակած իշխանության համար ձեռտնու է ունենալ ձեռնասուն դատավորներ, իսկ այսպիսի ընտրությունները ցույց են տալիս, որ այդ ձեռնասունները գնահատվում են, նրանք միշտ բոլոր ժամանակներում պետք են, մենք չենք կարողանում ձերբազատվել այդ պրակտիկայից»։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորմանը՝ Հակոբյանը նշել է․

«Ես այնտեղ առնվազն մեկ թեկնածուի գիտեմ, նրա հետ տարիներ շարունակ ունեցել եմ մասնագիտական համագործակցություն եւ վստահ եմ նրա բարձր սկզբունքների հարցում, վստահ եմ, որ նա ոչ մի պարագայում իր սկզբունքներից չի հրաժարվի, բայց ինչ վերաբերվում է Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորմանը, ապա դեռ 2020 թվականին՝ հենց այս տաղավարում եւս ես բարձրաձայնել եմ իմ մտահոգությունները այդ դատարանի կազմավորման հետ կապված՝ ընդհանրապես օրենքով սահմանված չափանիշների վերաբերյալ, եւ մասնավորապես այն չափանիշի վերաբերյալ, որը պահանջում էր, որ դատավորի թեկնածուն ոչ մի կարգապահական տույժ չպետք է ունենա․ տարբեր սեգմենտներից նրանք կարող էին առաջադրվել՝ նույն քննչական համայնքից, դատախազական համայնքից, փաստաբանական համայնքից, կամ դատավորների թվից, եւ հաշվի առնելով, թե նախկինում ում հանդեպ էին կարգապահական տույժերը կիրառվում, ես արտահայտել եմ իմ մտահոգությունը, որ դա ամենեւին էլ ճշգրիտ չափանիշ չէ պրոֆեսիոնալ, բարեխիղճ դատավորներով այդ դատարանը համալրելու համար, բայց այդ ժամանակ էլ մեր մտահոգությունները մնացին օդում»։

Իսկ որո՞նք պիտի լինեին անհրաժեշտ չափանիշները։

Ըստ Հակոբյանի՝  ընտրությունը պիտի կատարվեր մրցութային եղանակով։

«Նախքան այդ դատարանի դատավորների օրինակ՝ վճռաբեկ, կամ այլ մակարդակներում նշանակվելը, կամ ընտրության փուլ անցնելը, նրանք պետք է անցնեին մրցութային գործընթաց, եւ այդ մրցութային հանձնաժողովների կազմում պետք է լինեին տարբեր ներկայացուցիչներ՝ իշխանության, ընդդիմության, արտախորհրդարանական ուժերի, այդ ոլորտի իսկապես պրոֆեսիոնալ քաղհասարակության ներկայացուցիչներ։ Այդպիսի փորձ արդեն եղել է եւ «Իրավունքի Եվրոպա»-ն էլ ջատագովել էր այդպիսի մրցութային ընթացակարգը նախկինում։ Փորձը ցույց էր տալիս, որ դա էլի որոշակի երաշխիք է, որպեսզի, այսպես ասած՝ «գրպանից հանված» թեկնածուներ չհայտնվեն այդպիսի պաշտոններում։ Ճիշտ է, դա բացարձակ երաշխիք չէ, բայց էլի արգելապատնեշ է, էլի ֆիլտրացիոն մեխանիզմ է, եւ եթե այն անցկացվի թափանցիկ, ապա կարող է շատ գործուն մեխանիզմ լինել։ Մենք միշտ ջատագովել ենք այդ մրցութային ընթացակարգը եւ հիմա էլ համարում եմ, որ այդպիսի մրցութային ընթացակարգով պետք է նման կարեւոր պաշտոնները համալրվեն»,- ասել է Հակոբյանը։

Իսկ ինչպե՞ս մարդիկ վստահ լինեն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պաքար է ընթանում։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Կոռուպցիայի դեմ պայքարում շատ մարմիններ պետք է լուրջ ջանքեր ներդնեին, եւ առաջին հերթին Գլխավոր դատախազությունը։ Բայց ինչպես տեսանք՝ նախկին գլխավոր դատախազի օրոք շատ կարեւոր գործեր այդպես էլ կամ քնեցվեցին, կամ՝ չհարուցվեցին, կամ այնպիսի մեղադրանքներ էին ձեւակերպված, որ այդ մեղադրանքները դատարաններում տապալվեցին։ Եւ այս ամբողջ պրոցեսը մեկ մարմնի, կամ մի հոգու պատասխանատվություն չէ, դա կոմպլեքս պրոցես է, եւ հենց նախկին Գլխավոր դատախազն էլ ունի մեղքի իր բաժինը։ Այդ մասին ես էլի բազմիցս բարձրաձայնել եմ, քանի որ կոնկրետ գործերով այդ մարդու հետ առնչվել ենք, սկսած 2012 թվականից՝ տխրահռչակ «Հարսնաքարի» գործով իր դերակատարմանը շատ լավ ծանոթ էինք, թե ինչպես էր խոչընդոտում փաստաբաննեի գործունեությունը։ Հիշում եմ, որ ցանկացած բողոք, միջնորդություն դատախազությանը, (ինքն էր այդ գործը հսկող դատախազը), ուղղակի պատին էր բախվում եւ շարունակաբար անարձագանք էր մնում»։

Ի պատասխան հարցի, թե «երբ խնդիրների մասին բարձաձայնում եք՝ իշխանության կողմից հետադարձ կապ լինո՞ւմ է», Հակոբյանն ասել է․

«Սովորաբար չի լինում․ լինում են դեպքեր, երբ մտահոգությունների արտահայտումն ունենում է իր արդյունքը, օրինակ՝ 2018 թվականից ի վեր, մի քանի դատական պաշտոններում նշանակումների, կամ ընտրությունների հետ կապված մեր բարձրաձայնումները արդյունք տվել, բայց դրանք ոչ միշտ են արդյունք տալիս»։