Մենք հարց չտվեցինք ժողովրդին, թե իրենք կառավարման ի՞նչ մոդել են ցանկանում․ Լուսինե Հակոբյան

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է, որ Հայաստանը մնալու է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն։ Մեկնաբանելով այս որոշումը՝ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանը «1in․am»-ի տաղավարում նշել է․

«Ես այդ հարցի հետ կապված իմ խորին ափսոսանքը պետք է հայտնեմ այն առումով, որ մենք այդ հարցը չտվեցինք ժողովրդին, թե իրենք կառավարման ի՞նչ մոդել են ցանկանում, քանի որ, իմ դիտարկումներով, սահմանադրական բարեփոխումների այս գործընթացում հասարակությանը առավել հուզող հարցերից էր հենց կառավարման ձեւի հարցը։ Կարծում եմ, որ մեր ժողովուրդը հասունացած եւ պատրաստ էր այդ հարցով ընտրություն կայացնելու, ուստի, ես կողմնակից էի, որպեսզի մենք ժողովրդին առաջարկեինք երկու մոդել՝ կիսանախագահական եւ խորհրդարանական կառավարման ձեւերի, եւ ժողովրդին ընտրելու հնարավորություն տայինք։ Իսկ մենք ժողովրդին այլընտրանք չենք առաջարկում․ մենք առաջարկում ենք միայն խորհրդարանական կառավարման ձեւի շրջանակներում լուծումներ, եւ եթե ժողովուրդը հանկարծ մերժի՝ ի՞նչ է այդտեղից հասկացվելու, որ կառավարման ձեւն է մերժո՞ւմ, թե՞՝ ինչն է մերժում։

Մինչդեռ, եթե մենք այդ ընտրության եւ ժողովրդին պատասխանելու հնարավորություն տայինք առնվազն երեկու փուլով, երբ առաջին փուլով ժողովրդին կառաջարկեինք կառավարման երկու մոդել ընդհանուր գծերով՝ այ կիսանախագահական մոդելը սա է ենթադրում, այս հատկանիշներն ունի, իշխանությունների տարանջատումն ու հավասարակշռումը այս կերպ է տեղի ունենում, խորհրդարանական կառավարման ձեւն էլ այս հատկանիշներն ունի, եւ թողնեինք, որ ժողովուրդն իր կարծիքը արտահայտեր՝  հանրաքվեի, կամ հանրային կարծիքի հարցման որեւէ այլ եղանակով, մենք կկարողանայինք ավելի օբյեկտիվորեն բացահայտել նրա ցանկությունը։

Ես էլի առիթ եմ ունեցել այս մասին խոսելու՝ 1995 թվականին մենք ընդունեցինք Սահմանադրություն, որովհետեւ նորանկախ պետություն էինք, պետք է ունենայինք Սահմանադրություն, ինչ-որ կերպ այդ ժամանակի լավագույն ջանքերով այդ Սահմանադրությունը մշակվեց, ընդունվեց, բայց սխալ էր ասել, որ այդ ժամանակ եւս այսպես հանրային լայն քննարկումներ տեղի ունեցան, որ ժողովուրդն իրապես ներգրավված էր այդ պրոցեսում։ 2005 թվականի մասին չեմ ուզում խոսել, թե ինչ ընտրակեղծիքներով Սահմանադրությունը փոխվեց, 2015-ին էլ մեր կազմակերպությունը ներգարավված է եղել դիտորդական առաքելության մեջ եւ մեր բացահայտումներն էլ ցույց էին տալիս, որ այդ ամբողջ գործընթացը խիստ խնդրահարույց էր, նաեւ հիշում ենք, թե կոնկրետ ինչ նպատակներով Սահմանադրությունը փոխվեց»։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Հայաստանը անվտանգային լուրջ խնդիրներ ունի, ուստի, սահմանադրական նոր մոդելը կարող է ցնցնումներ բերել, եւ նաեւ որ խորհրդարանական մոդելն է, որ օգնեց Հայաստանին խուսափել ներքաղաքական ճգնաժամից՝ բախումներից եւ այլն, Հակոբյանը նշել է, որ իր համար այդ փաստարկները համոզիչ չեն։

«Համոզիչ չեն, քանի որ մենք հնարավորություն չենք ունեցել իրապես փորձագիտական վերլուծության ենթարկելու եւ հասկանալու, որ այ հենց խորհրդարանական մոդելի առավելությունն էր, որ մենք խուսափեցինք։ Եւ, ի վերջո, կան նաեւ բավականին համոզիչ փաստարկներ այն առ, որ մենք առայսօր դեռ անցում չենք էլ կատարել դեպի խորհրդարանական կառավարման ձեւին եւ ավելի շատ պահպանել ենք կիսանախագահական կառավարման ձեւի հատկանիշները, եւ որ մեզ ընդամենը անվանակոչում ենք, այսպես ասած, խորհրդարանական կառավարման ձեւի պետություն՝ մինչ այժմ չունենալով այդ խորհրդարանական ձեւի ատրիբուտները։ Անվտանգային համատեքստն էլ հաշվի առնելով՝ մենք փորձաստուգում էլ չենք կարողացել անել, թե արդյո՞ք օրինակ կիսանախագահական կառավարման ձեւի պահպանման դեպքում մենք այդ ճգնաժամերը չէինք կարողանա ավելի լավ հաղթահարկել, կամ ինչքանո՞վ է սա իսկապես խորհրդարանական կառավարման ձեւ եւ ինչքանո՞վ է սա այս ձեւի առավելությունը, որ մենք կարողացանք հաղթահարել ճգնաժամը։

Մենք մեր Սահմանադրությունը չենք կարողացել փորձաստուգման ենթարկել նաեւ 90-ական թվականներին, թե կիսանախագահական մոդելն իրեն ինչպես է արդարացրել, դրսեւորել, եւ այն փաստարկներն ու կարծիքները, որոնք հնչում են Սահմանադրության ընդունումից ի վեր՝ Սահմանադրության կարգավորումների տարբեր ճգնաժամերի հաղթահարման- չհաղթահարման ուղղությամբ, դրանք զուտ սուբյեկտիվ, ավելի մակերեսային տիրույթի փաստարկներ եւ դիրքորոշումներ են, եւ մնում են խորությամբ չուսումնասիրված եւ չվերլուծված։ Նաեւ ասեմ, որ այս պրոցեսի շրջանակներում էլ, ցավոք, մենք խորքային քննարկումներ չենք էլ կարողացել իրականացնել՝ տարբեր ժամանակաշրջաններում կառավարման տարբեր ձեւերի արդյունավետության, իրացվելիության մասին»,- նշել է Հակոբյանը։

Հարցին, թե արդյո՞ք կառավարման ձեւը չփոխելու որոշումը քաղաքական որոշում էր, Հակոբյանը պատասխանել է․

«Ըստ էության, այո, քանի որ կարծեմ՝ հուլիսի 5-ն էր, երբ վարչապետը հայտարարեց, որ իր խորին համոզմամբ, ճիշտը խորհրդարանական կառավարման ձեւն է, եւ այդպես էլ պրոցեսը գնաց, եւ հիմնականում, ցավալիորեն, այդ կառավարման ձեւերի հարցում չունեցանք խորքային քննարկում»։

Իսկ արդյո՞ք բարեփոխումների գործըթնացը տրամաբանական կետի կհասցվի, քանի որ տպավորություն է, որ պրոցեսը դանդաղեցված է։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Չէի ասի, որ պրոցեսը դանդաղեցված է, ինքն օբյեկտիվորեն չի էլ կարող շատ արագ լինել, քանի որ դրանք Մայր Օրենքին վերաբերող քննարկումներ են եւ իրենք չեն կարող արագ եւ մակերեսորեն իրականացվել, ռեգլամենտավորված՝ որ այ, ամեն մեկդ մեկ րոպեում ներկայացրեք ձեր ասելիքը, մեկդ մի րոպեում հարց տվեք, մեկդ երեք րոպե ելույթ ունեցեք եւ այլն։ Ես վերջերս «International idea» կազմակերպության կողմից հրավիրված էի մասնակցելու Սահմանադրություն մշակող կանանց համաժողովին եւ իմ չիլիացի գործընկերը, որը մասնակցել էր Չիլիի վերջին սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ մեզ ներկայացնում էր, որ Չիլիում այդ գործընթացը օրուգիշեր է տեւել, եւ օրուգիշեր հեռարձակվել են իրենց տարբեր բախումները, տարբեր մտքերի փոխանակումները եւ իրենք իսկապես արել են լուրջ, խորքային քննարկումներ։ Ընդ որում, այնտեղ բավականին ուշագրավ իրավիճակ էր․ Չիլիում գործում է դեռ Պինոչետի ժամանակ ընդունված Սահմանադրությունը, երկու տարի առաջ Չիլիի ժողովուրդը ընդվզել եւ պահանջել է սահմանադրական փոփոխություններ, հետո ընտրություններով ընտրել է այդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին, եւ ունենալով այդպիսի բարձր լեգիտիմություն, օրուգիշեր աշխատելով՝ այդդ հանփնաժողովը չի կարողացել անցկացնելլ այդ Սահմանադրությունը, այն սեպտեմբերին հավանության չի արժանացել ժողովրդի կողմից, չնայած մեր գործընկերը համարում էր, որ բավականին առաջընթացով եւ ժողովրդավարական հիմունքներով Սահմանադրություն են իրենք մշակել։

Հիմա մեր դեպքում չգիտեմ՝ այդ պրոցեսն ինչքանով ենք հաջողելու, եթե մենք այն չդարձնենք մասնակցային, խիստ խորքային, իրոք ժամանակ չհատկացնեն պետական մարմինները դրան, քանի որ այդ, այսպես ասած, երեւացող քննարկումներից զատ մենք անցկացրել ենք նաեւ մի քանի աշխատակարգային քննարկումներ եւ ասեմ, որ պետական մարմինների մասնակցության մակարդակը այդ քննարկումներին եղել է անբավարար, եւ եթե իրենք էլ հետաքրքրված չլինեն, այլ զուտ բյուրոկրատական եւ չինովնիկական մոտեցում շարունակեն ցուցաբերել այս գործընթացին, ապա ես չեմ կարծում, որ մենք կհաջողենք»։

Մեկնաբանելով դատավոր Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը՝ Հակոբյանը նշել է, որ Մարտիրոսյանը միակը չէ, այլ շատ տխուր նշանակումների մասին են լուրեր շրջանառվում, որոնք շատ մտահոգիչ են։

«Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը շատ վատ ուղերձ էր հանրությանը, այդ թվում նաեւ մասնագիտական հանրությանը։ Դա ուղերձ էր առ այն, որ միշտ եւ բոլոր պայմաններում նախընտրելին եւ ցանկալին գործիք հանդես գալն է, քանի որ դա է գնահատվում։ Էլ չխոսեմ այն մասին, որ այդպիսի անցյալ ունեցող դատավորը, մեղմ ասած, պետք է դատական համակարգում չլինի, եւ ոչ թե դեռ մի բան էլ պարգեւատրվի եւ հայտնվի հակակոռուպցիոն դատարանում։

Բացի դա, կան նաեւ այլ դատավորներ՝ մասնավորապես, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը, որին, իմ իմացած տեղեկություններով, պատրաստվում են տանել Վճռաբեկ դատարան, եւ հաշվի առնելով նրա կապերը Ռուբեն Վարդազարյանի հետ՝ այդ հավանական նշանակումը խիստ մտահոգիչ է։ Կարծում եմ՝ իշխանության տարբեր մակարդակների հետ որոշակի պայմանավորվածություններ կան, որոշակի ծառայությունների դիմաց մարդկանց խոստումներ են տրվում,  պայմանավորվածություններ են ձեռք բերվում կասկածելի եւ ոչ անբիծ անցյալ ունեցող դատավորներին բարձր ատյաններում տեղավորելու գործընթացների հետ կապված, ինչը չի կարող չմտահոգել հանրությանը»,- ասել է Հակոբյանը։

Նա անդրադարձել է նաեւ դատավոր Գագիկ Խանդանյանի հետ կապված պատմությանը․ ԲԴԽ-ն դադարեցրել էր վերջինիս լիազորությունները՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, եւ դատավորը դիմել է ՍԴ։

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ եթե ՍԴ-ն հօգուտ Խանդանյանի որոշում կայացնի, դա մի քանի վատ հետեւանքներ է ունենալու։

«Առաջինը՝ ստացվելու է, որ դատավորներն, իրոք, կարող են ձեռնարկատիրությամբ զբաղվել, իրենց մասնագիտական գործառույթներից զատ՝ ինչով ասես զբաղվել, եւ դա կլինի նորմալ։ Ապա, դա մեծապես կվնասի ՍԴ հեղինակությանը։ ՍԴ որոշ դատավորներ բավականին լուրջ քայլեր են ձեռնարկել այդ հեղինակության վերականգնման ուղղությամբ՝ մենք գիտենք, որ ՍԴ-ն տարիներ շարունակ չի վայելել հանրային վստահություն մի շարք պատճառներով, այդ թվում՝ կեղծված ընտրությունների արդյունքները դակելու պատճառով, սակայն 2020 թվականի բարեփոխումներից ի վեր կարելի է ասել, որ ՍԴ-ն (մի քանի գործերի հարցում վերապահումով), ընդհանուր առմամբ բավական լուրջ քայլեր ձեռնարկել է իր սասանված հեղինակության վերականգնման ուղղությամբ, եւ Գագիկ Խանդանյանի դիմումի բավարարման պարագայում, բնականաբար, ՍԴ հեղինակությունը լրջորեն վնասվելու է, եւ դատավորները, որոնք այդ գործով որոշում են կայացնելու՝ այս հարցը պետք է իրենց ռադարի ներքո պահեն։

Եւ երրորդ, դա լուրջ վնաս է լինելու ԲԴԽ-ի հեղինակությանը, ստացվելու է, որ այդպիսի կառույց, որը լիազորություններ ունի եւ որը կարող է իրականացնել իր լիազորությունները, ըստ էության՝ չկա։ Ընդ որում, եթե ՍԴ-ն որոշի լուրջ հիմնավորումներով եւ փաստարկներով որոշում կայացնի, միգուցե հասկանանք, բայց ես շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչպիսի փաստարկներով պետք է նորմալ համարվի դատավորի համար ձեռնարկատիրությմամբ զբաղվելը։

Այստեղ նաեւ այդ դեպքում դատախազության համար է ասպարեզ բացվելու՝ հասկանալու համար, թե ինչ նմանատիպ բիզնես շահերով առաջանորդվելով են կայացրել այդ որոշումը որոշում կայացնողները, քանի որ, չի բացառվում, որ այնտեղ դատավորներ կլինեն, որոնք դատական համակարգից են գնացել եւ հնարավոր է, որ նմանատիպ շահեր էլ իրենք ունենան, որոնք մտածելով, որ ԲԴԽ-ի որոշումը, այսպես ասած, բացասական նախադեպ է ստեղծում նաեւ իրենց համար, որոշեն այդ որոշումը խմբագրել եւ այդտեղ միգուցե արդեն հարց առաջանա հասկանալու, թե այդ որոշման տակ իրապես ինչ է լինելու թաքնված»,- նշել է Հակոբյանը։