Ժողովրդավարությունը փաթեթ է․ Լուսինե Հակոբյան

«Որպես նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ՝ կարծում եմ, որ իսկապես կա եզակի հնարավորություն այդ ընդդիիմության համար փողոցից տեղափոխվելու ավելի բովանդակային քննարկումների դաշտ։ Այս իշխանությունը հաջողացրել է անցկացնել երկու ժողովրդվարական ընտրություններ, եւ մենք ունենք եզակի հնարավորություն իրոք հանրային լայն մասնակցությամբ բարեփոխել մեր Սահմանադրությունը եւ ի վերջո ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը օժտված կլինի մեծ լեգիտիմությամբ։ Ես ափսոսում եմ որ հնարավորություն է կորչում»,- այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով ընդդիմության ցույցերին եւ դրանց ընթացքում ցուցարարների կողմից իրականացված բռնության դեպքերին՝ Հակոբյանը նշել է․

«Ես չեմ տեսնում իրենց կողմից հայտարարված երկիրը փրկելու համար բավարար ջանք, ես տեսնում եմ այդ երեւույթները, որոնք մի օրում չեն գոյացել․ հիշենք՝ Բաղրամյան փողոցի ակցիաները, այնտեղ եւս այդպիսի հարձակումներ էին լինում, Վարդգես Գասպարին այդ օրերին ենթարկվեց բռնության։ Բայց շատ ավելի հեռու կգնամ․ հիշենք 1996 թվականին Ազգային ժողովի վրա տեղի ունեցած հարձակումը, նույն Դաշնակցությունը չէ՞ր այդ ուժերի մի մասը, որոնք գրավեցին Ազգային Ժողովի շենքը եւ այնպիսի հետեւանքներ եղան, երբ պետության առաջնորդները այդպիսի վիճակում հայտնվեցին։ Միգուցե այնտեղ երիտասարդություն կա, որոնք Սիրուշոյի, կամ Նունե Եսայանի ֆաներն են, իրենք մեր պատմությունը չգիտեն, բայց մենք ապրել ենք այդ ժամանակներում, մենք տեսել ենք»։

Փաստաբանը անդրադարձել է նաեւ այդ բռնություններին հետեւած ընդդիմադիր լիդերների արձագանքին․

«Ինչ վերավերվում է դատապարտել-չդատապարտելուն, ես այդ անալոգիան կտանեմ նաեւ այդ նախկինների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների հետ․ այն ժամանակ, երբ ընտրախախտումներ էին տեղի ունենում, այդ ընտրախախտները ոչ պատասխանատվության էին ենթարկվում, ոչ էլ՝ այլ որեւէ հետեւանք էր լինում։ Եւ հստակ էր պատճառը, որպեսզի այդ ամենը սառեցնող ազդեցություն չունենա եւ մարդիկ շարունակեն այդ նույն ոճով, նույն ոգով ծառայել այդ համայնքին։ Հիմա նույն իրավիճակն է։ Սոս Ջանիկբեկյանի դեպքը, Արմեն Մարտիրոսյանի դեպքը, ես լսել եմ՝ ընդդիմության որոշ առաջնորդներ կոնկրետ Սոս Ջանիբեկյանի դեպքի վերաբերյալ ասում են՝ մենք կոչ ենք անում չտրվել սադրանքների։ Բայց կադրերում տեսնում ես՝ մարդը իր համար գնում է։ Այսինքն, սադրանք է որակվում այն, որ մարդը իրենց չի նկատում, իր գործն է անում եւ իրենց չի միանում։

Մի կարեւոր բան էլ կա, որ իսկապես պետք է այս ուժերը հասկանան․ ժողովրդավարությունը փաթեթ է, հնարավոր չէ ցանկանալ օգտվել հավաքների ազատության իրավունքից, բայց կիրառել բռնություն, չընդունել ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, խախտել ժողովրդավարական հասարակության այլ կարեւոր հիմնասյուներ, սկզբունքներ, եւ այլն․ ժողովրդավարությունը փաթեթ է, որը պետք է ընդունել փաթեթով»,- նշել է Հակոբյանը՝ հավելելով, որ իր կարծիքով ոստիկանությունը բավական լուրջ դերակատարություն պետք է ունենա։

Անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմադիրներն են ահազանգում ոստիկանական բռնաճշումներից՝  Հակոբյանը նշել է․

«Տեղեր կան՝ գուցե եւ բռնություններ լինում են, եւ դրանք պետք է իսկապես քննվեն, ծառայողական քննություններ լինեն, եթե անհրաժեշտ է, եւ տեղյակ եմ, որ կան այդպիսի քննություններ, եւ դա ուրախալի է, բայց տեղեր էլ կան, որ ոստիկանությունն իրապես անգործություն է դրսեւորում։ Նույն Արմեն Մարտիրոսյանի միջադեպը, երբ ընդամենը նրան ասել էին՝ կարող ես հեռանալ այստեղից, փոխարենը նրան պաշտպանեին, իսկ դա իրենց անմիջական պարտականությունն էր քաղաքացուն պատշպանել բռնարարքներից։ Նաեւ կային միջադեպեր, երբ ցուցարարները իրականացնում են իրենց բողոքի ակցիաները, աղբամանները շարում են փողոցում, բայց ինչ-որ մի այլ խումբ գալիս է իր հակընդդեմ բողոքի ակցիան է իրականացնում․ սրանք փակեցին, նրանք էլ ունեն բացելու իրավունքը, եւ այստեղ ոստիկանության դերն իրոք լուրջ է, որովհետև իրենք պետք է կարգավորեն, ապահովեն, որ երկու կողմն էլ իրացնի իր իրավունքը։ Ի դեպ, այս հարցով  ՄԻԵԴ-ն էլ ունի վճիռներ, որոնցով կարգավորվում են նաեւ հակընդդեմ ցուցարարների իրավունքներն ու ոստիկանության դերն այդ իրավիճակում։ Այսինքն, նրանք կարող են ասել՝ մենք ինքնաբուխ փողոց ենք փակել, նրանք էլ կարող են ասել՝ մենք էլ ինքնաբուխ բացում ենք, դա էլ է ակցիա, եւ այստեղ ոստիկանությունը պետք է կարգավորիիչ գործառույթ իրականացնի եւ դա անի պրոֆեսիոնալ»։

Մեկնաբանելով այդ ցույցերի ժամանակ հնչող ելույթները, մասնավորապես, անհանդուրժողական եւ սպառնալից ոճը, ատելության հասնող խոսքը՝ Հակոբյանը նորից հիշեցրել է․ ժողովրդավարությունը փաթեթ է, «եւ եթե դուք ուզում եք օգտվել խաղաղ հավաքների ձեր իրավունքից, ապա պետք է ընդունեք ժողովրդավարության այն բարիքները, որոնք ձեզ համար անբարենպաստ են»։

«Այդ բարիքներից մեկը ազատ, արդար ընտրությունների արդյունքներն են, որոնք 10 ամիս առաջ են արձանագրվել, եւ այդ օրակարգով 10 ամիս հետո դուք չեք կարող հասնել իշխանափոխության։ Ասում են՝ իրենց օրակարգը միասնությո՞ւնն է, շատ լավ, միասնության հասնելու համար կան տարբեր հնարավորություններ, սահմանադրական փոփոխություններն են հնարավորություններից մեկը հասնելու հանրային համերաշխության, Ազգային ժողովն է կարեւոր հարթակ․ այնտեղից փոխարենը հանրաին խոսույթը շարունակաբար իջեցնելու, իրենք կարող են իսկապես օրակարգեր բերել։ Ես ափսոսում եմ այդ հարթակը, որն իրենք վատնում են։ Իրենք ԱԺ ընդդիմություն լինելով՝ ունեն այդքան կարեւոր ամբիոն՝ մեր հանրապետության թիվ մեկ ամբիոնը, եւ ես չեմ լսում այնտեղ լուրջ քննարկումներ, բացառությամբ մեկ երկու տնտեսագիտական վերլուծությունների, օրինակ՝ Արթուր Խաչատրյանին կնշեմ, բայց ես այդ լուրջ հարթակի օգտագործում չեմ տեսնում, էլ չեմ ասում բազում այլ հարթակներ, որոնք իրենք կարող են օգտագործել»,- ասել է Հակոբյանը։