«Որպեսզի Սահմանադրական դատարանի դատվորների ընտրության ընթացակարգերը լինեն արժանահավատ և ընտրվելիք դատավորների անկախության վերաբերյալ չլինեն կասկածներ, անհրաժեշտ է, որպեսզի դատավորները իրապես լինեն բարձր բարոյականության տեր անձինք, օժտված լինեն բարձր բարոյական հատկանիշներով և մասնագիտական բարձր որակներով»,- 1in TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։
Լուսինե Հակոբյանը կարծում է, որ վերը նշվածի իրականացման համար անհրաժեշտ է, որ հենց այս պահից իշխանությունը հստակ և արագ նախաձեռնի մշակել ՍԴ-ի դատավորների ընտրության ընթացակարգերը։
«Այս չափորոշիչների մշակման գործում ես կարժևորեի մեր միջազգային գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի, Եվրամիության և այլ մասնագիտացած կառույցների օժանդակությունն իշխանությանն ու քաղաքացիական հանրությանը»,- ասաց Լուսինե Հակոբյանը։
Խոսելով սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի մասին՝ Լուսինե Հակոբյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի խոսքերը ասված երևանում 2015-ին։ «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նշանակումից հետո, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Գագիկ Հարությունյանի հրավերով մասնակցում էր «Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով գիտաժողովի, որից հետո լրագրողների հետ զրույցում գովում է նախագծին ու ասում, թե խորհրդարանական համակարգին անցումն այն էր, ինչ պետք էր Հայաստանին, այն դեպքում, երբ 2005թ․ սահմանադրական փոփոխություններից հետո նույն Ջիանի Բուքիքիոն հայտարարում էր, որ Հայաստանն այլևս ունի միջազգային չափորոշիչներին համապատասխանող Սահմանադրություն»,- ասաց Լուսինե Հակոբյանն ու հավելեց, որ Ջիանի Բուքիքիոն ասել էր նաև, որ Հայաստանում նախագահական ընտրությունները միշտ ուղեկցվել են ժողովրդական խռովություններով և այդ խնդիրներից խուսափելու լավագույն ձևը անցումն էր խորհրդարանական համակարգին։ «Մենք բոլորս գիտենք սակայն, որ ժողովուրդն ընդվզում էր ոչ թե նախագահական ընտրությունների պատճառով, այլ այդ ընտրությունները կեղծելու հետևանքով»,- հիշեցրեց Լուսինե Հակոբյանը։
Լուսինե Հակոբյանը խոսեց նաև փետրվարի 18-ին ՍԴ-ի դատավոր Ֆելիքս Թոխյանի լրագրողների հետ զրույցում տեղ գտած մի քանի գնահատականների մասին։ Լուսինե Հակոբյանը նշեց, որ ՍԴ-ի անդամ Թոխյանի պնդումն առ այն, թե ՍԴ-ն ըստ էության ընտրական վեճերում փաստ ստուգող դատարան չէ, փոխարենը ստուգում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների իրավաչափությունը։ «Ի սկզբանե Սահմանադրությամբ ֆիքսված էր, որ ՍԴ-ն քննում և լուծում էր ընտրական վեճերը և հենց իրենք հետագայում ամեն ինչ արեցին, որ օրենսդրորեն ամրագրվի, որ իրենք զուտ ԿԸՀ-ի որոշումների իրավաչափության ստուգողն են»,- ասաց Լուսինե Հակոբյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի սահմանադրագետ Վարդան Այվազյանի բարձրաձայնած տեսակետն առ այն, թե Սահմանադրական դատարանը բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի, որովհետև իր գործառույթներն հանրության հետ ամենօրյա շփումների շրջանակներում չեն և որ «հանրային վստահության խնդիր» կոչվածը ընդամենը քաղաքական շահարկում է՝ Լուսինե Հակոբյանն ասաց․ «Ես առհասարակ նման սահմանադրագետների և իրավաբանների մտքերին անդրադառնալու ցանկություն չունեմ և շատ ափսոսում եմ, որ ուսանողները ստիպված են լսել նման մարդկանց դասախոսությունները սահմանադրական իրավունքի և այլ իրավունքների ոլորտում։ Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է պետությունում գործել սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյան, որը չի վայելում ժողովրդի վստահությունը»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հնչեցնելով հռետորական հարց, թե ինչու են այդ դեպքում բոլոր բարձրագույն դատարանների դատավորների համար սահմանաված չափանիշներում անպայման ամրագրում բարձր բարոյական նկարագիրն ու հատկանիշները։
