«Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դատաքննության նշանակաված օրվա փոփոխությունը և այնուհետև լրացուցիչ ուսումնասիրությունների մասին տարածած հիմնավարումը թույլ է տալիս պնդել, որ որոշումները Սահմանադրական դատարանում չեն կայացվում»,- այս մասին Factor TV-ի տաղավարում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից հետաձգված գրավոր ընթացակարգով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը, որը նախատեսված էր օգոստոսի 29-ին:
«Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դատաքննությունը նշանակաված էր երկու ամսից ավել և երեկ հրավիրվում է աշխատակարգային նիստ ու կայացվում է որոշում, որտեղ արձանագրված է, որ կա լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն, որից ելնելով նիստը հետաձգվում է։ Ուշադրություն դարձրեք, որ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունն այս մարդիկ տեսել են դատաքննությունից մեկ օր առաջ։ Ընդ որում այդ օրը նիստը հետաձգելու պատճառների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների տրվել է տարբեր բացատրություն»,- շեշտեց Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը տարածել էր հաղորդագրություն, որով տեղեկացնում էր, որ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թ․ սեպտեմբերի 3-ն է:
Տիգրան Եգորյանը խոսեց նաև Սահմանադրական դատարան ներակայացրած իրենց բացարկի միջնորդության և այդ միջնորդության վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատասխանի մասին առ այն, որ մարտի մեկի զոհերի իրավահաջորդները դատավարության կողմ չեն հանդիսանում, հետևաբար չեն կարող միջնորդությամբ հանդես գալ։
«Իրենք պարտավոր են մեզ ճանաչել դատավարության մասնակից, քանի որ այս գործերով ուղղակիորեն շոշափվելու են մարտի մեկի գործով զոհերի իրավահաջորդների ընթացակարգային իրավունքները՝ կյանքի իրավունքի խախտման գործով։ Ավելին՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և/կամ նրա խափանման միջոցի վերացման որոշումն ուղղակիորեն անդրադառնալու է այս գործով իմ վստահորդների իրավունքների վրա, քանի որ Սահմանադրական դատարանն այդ որոշումներով արգելափակելու է այս գործով առանցքային մեղադրյալի ուղղությամբ քննությունը, որով պայմանավորված առաջանալու է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննություն իրականացնելու իրավունքի խախտում»,- ասաց Տիգրան Եգորյանը։
Խոսելով ԱԺ-ում քննարկվելիք ՍԴ անդամներին առաջարկվող ցմահ վճարվող աշխատավարձերի դիմաց հրաժարականի դիմում ներկայացնելու օրինագծի և այդ օրինագծի հավանական ընդունման դեպքում ՍԴ անդամների հրաժարական չտալու հավանական սցենարի մասին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ նման հեռանկարը փաստացի կարող է վերացնել Սահմանադրական դատարանը։
«Եթե նույնիսկ չքննարկենք մինչ այդ նրանց գործունեության վերաբերյալ բարձրացրած լեգիտիմության հարցը, ապա միայն Քոչարյանի գործով ստեղծված պայմաններում ՍԴ անդամները կարող են ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ ՀՀ իշխանության մյուս թևերը չհարգեն Սահմանադրական դատարանի որոշումները։ Այս ելքով խնդրի զարգացումը լուրջ խնդիր է պետության, սահմանադրականության և Սահմանադրության համար»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ Սահմանադրությամբ սահմանաված է փոխադարձ զսպումների և հակակշիռների մեխանիզ, որը ժողովրդի իշխանությունը բաշխում է համապատասխան սահմանադրական մարմինների և իշխանության ճյուղերի միջև, որպեսզի նմանատիպ խնդիրները կարգավորվեն այն տրամաբանության տիրույթում, որ «բացարձակ ինդուլգենցիա որևէ մեկի վերապահված չէ»։
«Սահմանադրության պահպանության համար պատասխանատու ՀՀ նախագահը, ԱԺ-ը և կառավարությունը ժողովրդի և Սահմանադրության առջև կրում են Սահմանադրության պահպանման պարտականություն, որը նրանց ստիպելու է այն պարագայում, երբ ՍԴ դուրս է գալիս Սահմանադրությամբ սահմնաված իր լիազորությունների տիրույթից, չկատարելու այն որոշումները, որոնք հանգեցնելու են Սահմանադրության և հետևաբար ժողովրդի իշխանության խախտման»,- ասաց Տիգրան Եգորյանը։
Հարցին՝ կարող է արդյոք ՄԻԵԴ-Ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը փրկօղակ դառնալ Ռոբեր Քոչարյանի համար, Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Մենք համարում ենք, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ Վենետիկի հանձնաժողովը չեն կարող այս գործի վերաբերյալ խորհրդատվական կարծիք տալ, քանի որ ՄԻԵԴ-ն այս գործով ևս մարտմեկյան գործը քննող ատյան է»։ Տիգրան Եգորյանը հավելեց նաև, որ արժանահավատ չէ Սահմանադրական դատարանի կողմից տարածված տեղեկություն այն մասին, թե Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք։
«Վենետիկի այդ հայտարարությունը Սահմանադրական դատարանի գործի նյութերում չկա, եթե լիներ, ապա այդ փաստաթուղթը պետք է տրամադրվեր նաև ԱԺ-ին։ Այս ժամանակահատվածում, հատկապես Քոչարյանի գործով, շատ են հայտարարությունները, և միշտ պետք է նայել, թե այդ հայտարարությունների հիմքում ինչ փաստաթղթեր կան ընկած»,- ասաց Տիգրան Եգորյանը։
