Արսինե Խանջյանի բաց նամակը Սփյուռքին

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին՝ կոչ անելով որպես դիտորդներ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում 2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին: Վերջինս օրեր առաջ միացել է սփյուռքյան անհատների, այդ թվում՝ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և մյուսների՝ change.org-ում նախաձեռնած ստորագրահավաքին, որի նպատակն է Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդավարության հաստատումը։
«Ես բերման ենթարկվեցի հայկական ոստիկանության կողմից Երեւանում հուլիսի քսանյոթին, երբ լուսանկարում էի հանուն ժողովրդավարական իրավունքների եւ սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների զանգվածային ցույցը:

Այս պատահական եւ չարդարացված ձերբակալությունը ստիպեց ինձ մտածել, որ որպես լուսանկարիչ եւ իրավապաշտպան ես պարտավարություն ունեմ խոսելու այն խնդիրների համար, որոնք կարեւոր նշանակություն ունեն իմ հայրենիքի կայունության, հարատեւության եւ միասնության համար: Ես նաեւ հասկացա, որ Սփյուռքն ուշացել է Հայրենիքի կյանքին մասնակցություն ունենալու իր առաքելությունից»: Այսպես է սկսել Արսինե Խանջյանը Սփյուռքին ուղղված իր բաց նամակը` անկախության քսանհինգամյակի հոբելյանական տարում հանրագումարի բերելով այն բոլոր խնդիրները, մարտահարվերներն ու պրոբլեմները, որոնց առջեւ այսօր դիմադարձված է Հայաստանն ու հայաստանյան հասարակությունը եւ Հայ ժողովուրդն առհասարակ: Իր նամակում Արսինե Խանջյանը ներկայացրել է հայաստանյան իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա իրականում` օլիգարխիկ համակարգով, սոցիալական եւ տնտեսական խնդիրներով, բարոյա-հոգեբանական եւ մշակութային հետընթացով, իրավախախտումներով, կոռուպցիայի առկայությամբ, իշխանությունների եւ ժողովրդի միջեւ առկա անվստահությամբ եւ անդունդների հասնող բաժանվածությամբ, ղարաբաղյան վերջին քառօրյա պատերազմով եւ տարածքային կորուստներով, ինչպես նաեւ սրանով պայմանավորված առկա հասարակական լարվածությամբ, ընդհանուր հուսահատության եւ հիասթափության վիճակում, որը գնահատում է որպես ծայրահեղ իրավիճակ, ինչով պայմանավորված էլ ժողովուրդն աջակցեց հուլիսյան դեպքերին:

Այս համատեքստում Արսինե Խանջյանը գրում է. «Կրկին եւ կրկին կոչ եմ անում իմ հայրենակիցներին, որ Սփյուռքը վերցնում է իր վրա պատասխանատվություն՝ ուշադրություն դարձնելու այս խնդիրներին` հանուն դրական ներդրում ունենալու այդ պայթյունավտանգ իրավիճակի շտկման»: Արսինե Խանջյանը կոչ է անում Սփյուռքին հաջորդ տարվա գարնանն անցկացվելիք ընտրություններին գնալ Հայաստան եւ հետեւել ընտրությունների ընթացքին, աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, ներկա լինել յուրաքանչյուր տեղամասում ընտրական գործընթացին: Վերջինս գտնում է, որ անկուսակցական դիտորդները կարող են գալով Սփյուռքից նպաստել ընտրությունների կայացմանը եւ այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են երկրում, իսկ մտավորականությունն էլ, ովքեր կրթվել են Արեւմտյան միջավայրում, կարող են օժանդակել տեղերում ժողովրդավարության կայացմանը: Այդ գործում կարեւորում է հատկապես կամավորների ներկայությունը:

Հանուն հայրենիքի հանդեպ սիրո աշխարհահռչակ հայուհին կոչ է անում լսել իրեն եւ առավել մոտ լինել Հայաստանում ընթացող գործընթացներին: