Գասպարիի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում

Այսօր՝ ժամը 13-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Այս գործով նախորդ՝ 03.03.2016 թ.-ի դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վ. Գասպարին պատշաճ ծանուցում չէր ստացել և չէր ներկայացել դատարան: Թեպետ դրան նախորդած՝ փետրվարի 29-ի նիստի ընթացքում դատավոր Նելլի Բաղդասարյանը 6 ժամով հեռացրել էր Գասպարիին նիստերի դահլիճից, նա վերջին նիստի ընթացքում ասաց, որ ծանուցում է ուղարկել Գասպարիին:
Հիշեցնենք, որ այս գործով, դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր կալանավորման վերաբերյալ որոշումը, ինչի հետևանքով Գասպարին այժմ ազատ է:
Գասպարիի պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: